Քարինտակի ինքնապաշտպանության հերոսներն անմահ են, նրանք կերտեցին հաղթական ուղի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քարինտակի ինքնապաշտպանության հերոսներն անմահ են, նրանք կերտեցին հաղթական ուղի

Քարինտակի ինքնապաշտպանության հերոսներն անմահ են, նրանք կերտեցին հաղթական ուղի

Քարինտակցի Առուշանյանները 1992-ի հունվարի 26-ին մեկ ժամում միանգամից երկու զոհ տվեցին։ Դաշնակցության Արցախի կառույցի ղեկավարներից եւ ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանն ու նրա եղբոր որդին՝ Կարոն։

 

 

Բարձրահասակ, հաղթանդամ որդու կորստի հետ այդպես էլ չհաշտվեցին ծնողները, կինը, 4 զավակները: Ասում են` տանն ամեն երեկո խոսում են, հիշում Կարոյին: 21 տարի անց էլ վիշտ թարմ է:

 

 

“Ամեն օր հիշում ես, ոնց է եղել, կարծես երեկ է գնացել, երեկ է զոհվել: 4 աղջիկ ունի, արդեն թոռ էլ ունի: Ես պիտի գնայի, ասաց, թե այ հեր, դու մեծ մարդ ես: 53 տարեկան էի, որ գնաց ու զոհվեց: Իր երեխեքին մի ձեւով պահեցինք, մեծացրինք, բայց ասում եմ, թե կարող է հրաշք լինի ու օրերից մի օր գա, սովորականի նման դուռը բացի, մտնի”,- ասաց Լեւոն Առուշանյանը՝ Կարո Առուշանյանի հայրը։
 
 
 
1992-ի հունվարի 26-ը Քարինտակի ինքնապաշտպանության օրն է: 21 տարի առաջ այս օրն էր, երբ ազերիները շրջապատել էին գյուղը, փակել Շուշի տանող միակ ճանապարհը: 90 հայ ազատամարտիկներ անհավասար մարտի էին դուրս եկել մի քանի հարյուր ադրբեջանցիների դեմ։ Հակառակորդը նահանջեց` մարտի դաշտում թողնելով 136 դի, նահատակվեցին 21 հայորդի:
 
 
 
Գյուղի համար մղված հերոսամարտը ռազմական պատմության մասնագետները, թերեւս, հետո են գնահատելու իբրեւ արցախյան պատերազմում արմատական շրջադարձի սկիզբ։ Դա հաղթանակ էր, որ անդառնալի գին ունի, այդ օրը Կարոն էլ գնաց, Նորիկն էլ, Անուշավանն էլ: Ամեն մեկի մասին շատ բան կա հիշելու: Նրանց անձամբ ճանաչողների համար տղաների բնավորության որոշ գծեր իրականում բացահայտվել են մարտի դաշտում: 
 
 
 
“Աշխատասեր, համակրելի, ընկերասեր, հայրենասեր տղա էր: Շարժման ժամանակ ասում էր` պիտի գնամ: Ասում էի` ընդամենը 2 տղա ունեմ, որ գնաս ու աստված չանի, մի բան պատահի, ինչ եմ անելու: Ասում էր` մամ ջան, որ ես չգնամ, մյուսը չգնա, բա մեր հայրենիքն ով պիտի պաշտպանի”,- հիշում է Անուշավանի մայրը:
 
 
 
 
Նորիկ Մանասարյանը ծնողների միակ որդին էր, տանն ասել էր, թե մեկնում է Մեղրիի պահածոների գործարանում աշխատելու: Փոխարենը գնաց հայրենիքի մի փոքրիկ կտոր ազատագրելու:
 
 
 
Իսկ Եռաբլուրում հավաքված հարազատները, մարտական եւ կուսակցական ընկերները շարունակում են ապրել իրենց կյանքի ու հիշողությունների զարկերակի ներքո, որի համաչափ տրոփն արագանում ու աչքերից արցունքներ է հոսում՝ անմահ հերոսների մասին բարձրաձայնելիս: 
 
  
 

Երկիրմեդիա

 

 

1