Քառօրյա պատերազմից 1 տարի անց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քառօրյա պատերազմից 1 տարի անց

Քառօրյա պատերազմից 1 տարի անց

Մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ճիշտ 90-ականների սկզբի նման, ամբողջ հայ ազգը՝ ՀՀ-ում, Արցախում ու սփյուռքում, համախմբվեց ու միավորվեց՝ հանուն Արցախի պաշտպանության: Աշխարհի տարբեր կետերում ի պաշտպանություն Ղարաբաղի բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում՝ բողոքի ակցիաներ, որոնք ուղղված էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ գործադրած ագրեսիայի դադարեցմանը, դրամական օգնության հավաքագրումներ: Ի դեպ, մարդիկ օգնում էին ոչ միայն դրամով: Հատկանշական է այն դեպքը, երբ պարզվեց՝ զինվորներին արյունահոսությունը կանգնեցնող ժգուտներ են պետք: Բազմաթիվ երիտասարդներ միահամուռ լծվեցին զանազան կայքերից դրանք գնելու և Արցախ ուղարկելու գործին: Օգնության մասսայական հավաքագրում սկսվեց նաև հենց Հայաստանում. ուղղարկում էին ով ինչ և ինչքան կարողանում էր՝ լինի դա մեկ տուփ կոնֆետ, թե՝ ծխախոտ: Մարդկանց երկար հերթեր էին գոյացել նաև արյունաբանական կենտրոնների մոտ. արյան բանկն էին համալրում:

Անկանոն դրամահոսքերը կառավարելու համար ԼՂՀ կառավարությունը հատուկ հաշվեհամար բացեց: Արդյունքում, 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7.903 ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5.5 մլրդ ՀՀ դրամ:

Առանձնահտուկ կարելի է նշել Հայաստանից և ԼՂՀ-ից կամավորների մեծ հոսքը, ովքեր ոչ միայն ղարաբաղյան պատերազմի վետերաններն էին «Երկրապահների» միությունից, այլև բազմաթիվ երիտասարդներ. Բոլորի նպատակը մեկն էր՝ կանգնել շարքային զինվորների կողքին ու թույլ չտալ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը. պահել Ղարաբաղը:

Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով. «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները։ Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում»:

Հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ( ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաև Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) և Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցություն անհրաժեշտությունը` ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը»,- ասվում էր հանդիպման վերջում տարածված հայտարարության տեքստում:

Արդյունքում, հրադադարը հաստատվեց ռազմական գործողությունների մեկնարկից միայն 4 օր անց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ին։

Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է, թեև Ադրբեջանը շարունակել է դիվերսիայի փորձեր ձեռնարկել:

Քառօրյա պատերաժմի ժամանակ արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան` զինված ուժերի անձնակազմում և ռազմական տեխնիկայի մեջ: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ մեկ երեխա (ևս 2-ը վիրավորվել էին):

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

panarmenian.net

1