Քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի աջակցելու զինված ուժերին. Դավիթ Տոնոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի աջակցելու զինված ուժերին. Դավիթ Տոնոյան

Քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի աջակցելու զինված ուժերին. Դավիթ Տոնոյան

Հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է. տոնական միջոցառումներին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Ներկայիս համակարգի հիմքը դրվել է դեռեւս 1990թ. մայիսին` «Արցախ» փրկարարական ջոկատի ստեղծմամբ: 1992թ. հոկտեմբերի 30-ին ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ՝ «Արցախ» մարզային փրկարարական ծառայությունը վերակազմավորվել է «Արցախ» հանրապետական փրկարարական ծառայության:

Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, մասնավորապես ասաց.

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական եւ մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանը` հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր եւ նպաստելով երկրի կայուն զարգացմանը: Անհրաժեշտ է լինելու խորացնել եւ ընդլայնել կապերը ՀՀ ԱԻ նախարարության եւ այլ կառույցների հետ: Ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ, պատրաստված ու արհեստավարժ, գործին նվիրված աշխատակիցներ, ովքեր ի վիճակի են պատշաճ մակարդակով իրականացնել իրենց գործառույթները»:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն իր խոսքում շեշտեց, որ ամբողջ քաղաքացիական ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի աջակցելու զինված ուժերին՝ ռազմական գործողությունները բարձր մակարդակով վարելու համար.

«Դրա համար մեր նպատակներն ու խնդիրներն են` աղետների գիտակցումը, աղետների ռիսկերի պետական կառավարման ուժեղացումը ռիսկի հաղթահարման համար, ներդրումները՝ ռիսկի նվազեցման, դիմակայունության, հզորացման նպատակով, աղետների պատրաստվածության ամրապնդումն արդյունավետ արձագանքման համար: Բոլորիս կոչ եմ անում հետեւել այն սկզբունքին, որով որ մենք պետք է շարժվենք միասին: Դա է՝ անել ավելին, քան արված է:

Հանդիսավոր արարողության ընթացքում ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ նախագահի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի եւ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգեւատրվել են շքանշաններով, պատվոգրերով եւ այլ պարգեւներով:

1