Քաղաքական քննարկումներ՝ ԼՂՀ  ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քաղաքական քննարկումներ՝ ԼՂՀ  ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ

Քաղաքական քննարկումներ՝ ԼՂՀ  ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ

Մայիսի 5-ին Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ կայացել է «Աշխարհաքաղաքական իրողությունները և Արցախին սպառնացող վտանգները» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Արցախում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ կլոր սեղանի հրավիրման նպատակը աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում Արցախի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների կարծիքների հնչեցումն է և ընդհանուր հատման կետերի բացահայտման միջոցով միասնական դիրքորոշման բարձրաձայնումը:

Պատգամավոր Հայկ Խանումյանն Արցախի առջև ծառացած մարտահրավերները բաժանում է 2 բաղադրիչի՝ արտաքին և ներքին: Ըստ «Վերածնունդ» խմբակցության ղեկավարի՝ տեղի է ունենում բազմազգ, բազմակրոն և կենտրոնացված համակարգով երկրների մասնատում, տարածաշրջանում անվերահսկելի ռազմականացված միավորների ստեղծում, իսկ ներքին առումով լուրջ մարտահրավեր է իշխանության կենտրոնացումը:

«Շարժում-88» խմբակցության անդամ Վիլեն Սաֆարյանը մտահոգություն է հայտնել միջազգային ոլորտում Հայաստանի Հանրապետության ազդեցության նվազման առումով: «Նոր ստեղծված աշխարահաքաղաքական իրավիճակում նոր կողմորոշումներ նոր ուղղություններ պիտի մշակել»,- առաջարկեց պատգամավորը:

«Մենք բազմիցս հնչեցրել ենք, որ ուզում ենք խաղաղություն, բայց թե այդ խաղաղությանը ինչպիսի ճանապարհներով հասնենք, դրանք ուրիշ մեխանիզմներ են: Ցավոք սրտի, այսօր գործ ունենք մի այնպիսի երկրի, այնպիսի ռեժիմի հետ, որն ուժից բացի այլ լեզու չի հասկանում»,- նշել է «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Դավիթ Մելքումյանը:

«Վերջին 2 դարերի ընթացքում տեղի ունեցող քաղաքական զարգացումները կրկնվում են հիմա՝ նոր որակներով, նոր արտահայտված ձևերով: Ես գտնում եմ, որ այսօր ընթանում է 3-րդ համաշխարհային պատերազմը, աշխարհի վերաբաժանման գործընթաց է կատարվում: Պատերազմի վարման մեթոդներն են փոխված, այսօր էլ պատերազմն ընթանում է: Բայց հայությունը հիմա ավելի պատրաստ է այդ զարգացումներին»,- համոզմունք է հայտնել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և ավելացրեց, որ մեր ժողովուրդն ունակ է ոչ միայն իր սահմանները պաշտպանելու, այլ նաև քաղաքական միտք ձևավորելու և այդ քաղաքական միտքը համահայկական օրակարգում դնելու:

Պատգամավոր Գեորգի Պետրոսյանն ընդգծել է, որ մարտահրավերներին դիմագրավելու համար Ղարաբաղից պետք է ազգի մոբիլիզացիայի կոչ հնչի՝ ոչ թե Ղարաբաղի շուրջ, այլ ընդհանրապես:

Փորձագետ Հրաչյա Արզումանյանը նշել է, որ պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք ուզում և նոր համընդհանուր ուժերով հասնենք դրան: Պետք է հասկանանք, որ Արցախի հարցը 21-րդ դարում չի կարող տեղական լինել, արցախահայությունը պիտի փոխի իր մտածելակերպը: Նրա խոսքով՝ պետք է գլոբալ, գոնե համահայկական առումով մտածել: Միայն պաշտապանվելով մենք մեր հարցերը չենք լուծի, մենք պետք է պատրաստվենք հարձակման:

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ Արպատ Ավանեսյանն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին և դրանց ազդեցությանը Արցախյան հիմնախնդրին:

«Աշխարհը պիտի իմանա, որ Ղարաբաղի քաղաքական կուսակցություններն, ունենալով տարբեր կարծիքներ, իրար կողքի են արտաքին քաղաքականության բնագավառում»,- ընդգծել է Արմեն Սարգսյանն ու առաջարկել կուսակցություններին պարբերաբար հրավիրել տարբեր թեմաների շուրջ քննարկումներ ու բանավեճեր և փորձել լուծումներ գտնել:

1