Փոքրիկ գրախանութն ու գրավաճառի «մեծ» երազանքը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Փոքրիկ գրախանութն ու գրավաճառի «մեծ» երազանքը

Փոքրիկ գրախանութն ու գրավաճառի «մեծ» երազանքը

Ստեփանակերտի միակ գրախանութի տեր Սամվել Պետրոսյանը մի երազանք ունի: Ուզում է խանութը եղածից գոնե երեք-չորս անգամ մեծացնել՝ որոշ տարածք հատկացնելով ընթերցասրահին:

«Կան գիրք գնող մարդիկ, որոնց միայն այդ գրքի երկու թերթն է անհրաժեշտ կարդալ: Սակայն ստիպված գիրքը գնում են: Իսկ եթե ընթերցասրահ լիներ, գումար կխնայեին»,- բացատրում է Սամվել Պետրոսյանը:

Գողտրիկ գրախանութը 1995-ին է բացել։ Սկզբում վաճառում էր միայն թերթեր։ Այնուհետեւ՝ խանութի մեծացման հետ մեկտեղ, ընդլայնեց նաեւ «ապրանքի» տեսականին։ Թերթերի կողքին կամաց-կամաց սկսվեցին տեղ զբաղեցնել նաեւ գրքեր։

«Խորհրդային Միության տարիներին ժողովուրդն ու գիրքը հակադիր էին։ Այդ պատճառով սկզբում գրքերի տեսականին սահմանափակվում էր բժշկության եւ հորոսկոպների ոլորտով։ Հետո՝ փոքր հանրագիտարաններ եւ «100 великих» շարքը»,- ասում է Սամվել Պետրոսյանը։

Գրքերի տեսականին ընդլայնվել է խմբագիրների եւ գրողների հետ ծանոթանալուց հետո, նաեւ՝ ներկայիս հիմնական գործընկերոջ՝ Երեւանի «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ հանդիպումից հետո։

Մոսկվայում կրթություն ստացած գրավաճառն իր սեփական գրադարանը եւս ունի։ Գրադարանի առաջին գրքերը Խորհրդային Միության տարիներին Մոսկվայից դժվարությամբ ձեռք բերված` Ա․Իսահակյանի, Ս․Կապուտիկյանի ու Րաֆֆու հատորներն էին։

«Մոսկվայում սովորելու տարիներին ձեռք բերեցի դրանք։ Հետ գալուց ճամպրուկս տեղից շարժել չէր լինում։ Բերեցի եւ խնամքով դասավորեցի պահարանում։ Գրքերս մե՜ծ հարստություն են,- ասում է Սամվելը եւ շարունակում,- հիմա, ոչ միշտ եմ ժամանակ ունենում ընթերցանության համար։

Գրախանութ բացելու մտահղացումը սեփական բիզնես ունենալու նպատակ էր հետապնդում։ Սակայն, մասնագիտությամբ ինժեներ Սամվելը պատկերացում անգամ չուներ, որ գիրք վաճառելը ոչ միայն բիզնես է, այլ՝ հաճելի բիզնես։ «Բախտս բերել է, որ այս բնագավառում եմ աշխատում։ Հաճույք եմ ստանում իմ գործից»,- անկեղծանում է զրուցակիցս։

Գրավաճառն իր հաճախորդների ճաշակն ու նախասիրությունները գիտի։ Պատվերներ եւս ընդունում է։ «Ի՞նչ գիրք կարդալ» հարցը երբեք անպատասխան չի թողնում։ Խորհուրդներ եւս տալիս է։ Սիրով է ընդունում նաեւ ընթերցված գիրքը քննարկելու առաջարկը։

Ընթերցանություն սիրող հաճախորդներին գիտի անուն առ անուն։ Նրանց «Կիրքերի բալելշիկներ» թիմ է անվանում։ «Ուրիշները պարֆումերիայի խանութ են գնում՝ շրթներկ գնելու, իրենք՝ երկու կոպեկ են հավաքում ու շտապում գիրք գնելու»,- նշում է Ս․Պետրոսյանը։ Ցավով է նշում, սակայն, որ թիմի անդամների թիվը կարող է թվարկել երկու ձեռքերի մատների վրա։

Ընթերցողների թիվը նվազել է նաեւ համացանցի տարածումից հետո,- ուսանողներ են եղել, որ դեռ մի գիրքը չհասցրած՝ նորն էին պատվիրում։ Հիմա ում խոսեցնում ես, ասում  է, որ էլեկտրոնային է կարդում։ Չգիտեմ՝ կարդում են, թե չէ»,- ասում է նա ու պահարաններից հանում հաճախորդի ուզած՝ Դժոդժո Մոյեսի երեք գիրք։  17-ամյա Արամն ընտրում է «Քեզանից հետո» գործը։ «Այս մեկի կազմը սիրուն է։ Կարծում եմ՝ կհավանի»,- բացատրում է երիտասարդը եւ գիրքը թեւի տակ տեղավորելով՝ շտապում  ընկերուհու միամսյակը շնորհավորելու։

«Գրախանութի պահարաններում բնակվող բոլոր գրքերն էլ սպասում են իրենց տերերին»,- եզրափակում է Սամվել Պետրոսյանը:

Լուսինե Թեւոսյան

1