Փետրվարից փետրվար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Փետրվարից փետրվար

Փետրվարից փետրվար

Համաշխարհային օրակարգ մուտք գործելը մեր երկրի նման փոքր երկրների և քիչ քանակությամբ ազգության համար բավականին  դժվար է: Դեռ ավելին, համաշխարհային օրակարգում պատմական բարի համբավ վաստակելը և շրջադարձի առիթ դառնալը համարյա անհնարին է: Սակայն հայ ժողովրդին անցյալ դարում երկու անգամ այդպիսի առիթներ են տրվել 67 տարիների տարածությամբ՝ հենց փետրվար ամիսներին: Մեկը՝ 1921 թվականի փետրվարի 18-ին, իսկ երկրորդը՝ 1988-ի փետրվարի 20-ին: Երկու իրողություններն էլ ըմբոստություններ և, ավելի հստակ, հեղափոխություններ էին, և երկուսն էլ՝ խորհրդային կարգերի դեմ:

1921-ի փետրվարի 18-ին նոր խորհրդայնացած Հայաստանի ժողովուրդն այլևս չդիմացավ բռնությանը և իր ծոցից ելած հերոսների խոշտանգումներին ու հալածանքներին: Ապստամբեց, ըմբոստացավ, հեղափոխեց կարգերը: Հայաստանի փրկության կոմիտեն ստանձնեց երկրի կառավարումը և կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը երկուս ու կես ամիսների ընթացքում փրկեց շատ կարևոր մի բան՝ պատմության մեջ գրանցվեց առաջին ընդվզումը խորհրդային կարգերի դեմ: Եվ այդպես, ելանք միջազգային բեմահարթակ՝  ազատատենչի բարի համբավի դափնիով:

1988-ի փետրվարի 20-ին գումարվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի նիստ, ուր որոշվեց վերամիավորվել Մայր Հայաստանին, և այդպիսով   հիմքը դրվեց Արցախյան նորօրյա շարժման: Այս հաստատումը մեզ համար կարևոր է և մեր տեսակետից պատմական: Սակայն համաշխարհային օրակարգում հանդես եկանք այլ պատգամով: Խորհրդային Միության փլուզումը հետազոտող որևէ քաղաքագետ կամ պատմաբան չի կարող անտեսել այն առաջին կայծը, որը պատճառ դարձավ անարդարություններով լի տակառի պայթելուն:  Դա հենց արցախյան կայծն էր «Լենին, պարտիա, Գորբաչով…» սկզբով և հայորդիների արյամբ պսակված հաղթանակով: Եվ այսպես, մեկ անգամ ևս ելանք միջազգային բեմահարթակ՝ այս անգամ ևս ազատատենչի բարի համբավի դափնիով:

67 տարիների տարածությամբ՝ այս երկու փետրվարներին տեղի ունեցած իրադարձությունների պատգամը մեզ համար միշտ պետք է մնա առօրեական: Պատգամը մեկն է՝ ոչ ստրկությանը: Իսկ այդ ստրկությունը նախ և առաջ բուն է դնում մարդկանց մտքերում: Ստրկության որդը նախ ուտում է մարդուն ներսից: Մարդը պատրաստ է լինում դառնալ ստրուկ, երբ մանկուց, պատանեկությունից և երիտասարդ տարիքում իրեն փորձում են կայունության և հնազանդության կոչերով խաբել, սանձել ըմբոստ հոգին ու հնազանդեցնել: Հնազանդվող, ըմբոստության ոգին մարած հասարակությունը դատապարտված է լճացման: Չի կարող զարգացում ապրել մի հավաքականություն, ուր ի խնդիր կայունության խորթ աչքով են դիտում  հարցական նշաններ օգտագործողներին, նրանց, ովքեր ըմբոստանալով առկայի դեմ,  հարցականի տակ են դնում գործող կարգերը և փոփոխության նախաձեռնություններ են ստանձնում: Ի դեպ, ՀՀ վարչապետը փետրվարի 15-ին Երևանի պետական համալսարան այցի ժամանակ ուսանողներին կոչ է արել լինել «ըմբոստ ու չհարմարվող» :

Զարգացման համար այլ ուղի չկա: Հետևենք փետրվարյան խորհուրդներին և ընդառաջենք ըմբոստության և չհամակերպվելու կոչին:

«Ապառաժ»-ի խմբագրական, 27 փետրվար, 2017թ. 

1