Փետրուար 18-ի ապստամբութեան վեհութիւնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Փետրուար 18-ի ապստամբութեան վեհութիւնը

Փետրուար 18-ի ապստամբութեան վեհութիւնը

Այս տարին հայտարարված է Արցախյան շարժման 30-ամյակի տարի, և այդ շրջանակում բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ են նախատեսված, Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Որպես արցախյան շարժման ակտիվիստ, իրադարձությունների ականատես՝ նա առանձնացրեց 1988-ի փետրվարի 13-ին տեղի ունեցած ուսանողական ցույցը Ստեփանակերտում, որը, նրա խոսքով, բեկումնային եղավ Արցախյան շարժման հետագա ընթացքի համար:

-Պարո՛ն Շահվերդյան, այս տարի Արցախյան շարժման 30-ամյակն է։ Ի՞նչ միջոցառումներ են նախանշված և կամ արդեն իրականացվել հոբելյանական տարին նշելու և շարժման կարևորությունը վերաիմաստավորելու առումով:

-Ընդհանրապես, այս տարին հայտարարված է Արցախյան շարժման 30-րդ տարի, և այդ շրջանակում բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ են նախատեսված, որոնք տևելու են ամբողջ տարին:

Մենք այսօրվա դրությամբ ունենք արդեն տեղի ունեցած մեծ հանրահավաք Ստեփանակերտում, որը խորհրդանշում է Արցախյան շարժման հանրային, հրապարակային փուլը փետրվարի 13-ին: Մինչ այդ որոշ միջոցառումներ տեղի ունեցան նաև Հադրութի և Մարտունիի շրջաններում, որտեղ 30 տարի առաջ՝ փետրվարի 12-ին տեղի ունեցան լոկալ, տեղական հանրահավաքներ, որոնց ազդեցությունը, իհարկե, ընդհանուր մթնոլորտի վրա շատ մեծ էր: Մենք ունենք նաև պաշտոնական երկու միջոցառում. մեկը Նախագահի ընդունելությունն է Արցախյան շարժման ակտիվիստներին փետրվարի 19-ին, և փետրվարի 20-ին ունենք տոնական համերգ: Սրանք այն միջոցառումներն են, որոնք համապետական բնույթի են: Այս պահերին յուրաքանչյուր շրջանում տեղի են ունենում շրջանային բնույթի միջոցառումներ: Ողջ տարվա կտրվածքով զանազան միջոցառումներ կան, այդ թվում գիտական կոնֆերանս ունենք մի քանի ամիս հետո: Ունենք Արցախյան շարժմանը նվիրված 30-տարվա օրիգինալ նյութերի հավաքագրում, որից հետո այդ հավաքագրումից պետք է կազմակերպվի ցուցադրություն: Այդ ցուցադրությունը հիմք կդառնա ապագայում Արցախյան շարժման կամ «Զարթոնքի թանգարանի» ստեղծման: Ունենք բավականին ծրագրեր կապված հրատարակչական գործի հետ, ֆոտոալբոմ ունենք հրատարակելու: Ունենք հայտարարվելիք մրցույթ արցախյան շարժման հուշարձանի համար, դա համապետական մրցույթ կլինի, որին կարող են մասնակցել նաև ՀՀ մեր արվեստի գործիչները:

-Պարո՛ն Շահվերդյան, դուք Արցախյան շարժման ակտիվիստ եք եղել, որպես իրադարձությունների անմիջական մասնակից ու ականատես եթե հետահայաց դիտարկեք՝ ձեր հիշողություններում այդ օրերից ո՞ր դրվագները հատկապես կառանձնացնեք:

-Երևի ամենահիշվող դրվագը փետրվարի 13-ի առաջին ուսանողական ցույցն է: Մենք իրեն անվանում ենք ուսանողական, որովհետև հիմնականում Մանկավարժական համալսարանի և Գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողությունն էր: Դա հիշողության մեջ է և կմնա նրանով, որ առաջին ցույցն էր Ղարաբաղում ու իհարկե նրանով, որ ցույցի մասնակիցները պատկերացում չունեին՝ այդ պահին կհասնե՞ն իրենց տները թե ոչ։ Դա շատ ծանր հոգեբանական պահ էր, որ հաղթահարեց ժողովուրդը, ու հենց այդ հաղթահարումը բեկում ստեղծեց Արցախյան շարժման մեջ. մարդիկ հասկացան, որ կարող են ազատ արտահայտել իրենց կամքը՝ գիտակցելով, թե ինչ դժվարություններ ապագայում կլինեն:

-Այսօրվա երիտասարդությանն այս պատմական իրադարձության կարևոր շեշտադրումներն ի՞նչ կերպ եք մատուցում, և որքանո՞վ է այսօր անկախ սերունդը արժևորում այն, ինչ ձեռք է բերվել 30 տարի առաջ սկսված պայքարի շնորհիվ:

-Կարծում եմ՝ մեր նոր սերունդը մեզանից լավն է: Վստահ եմ, որ հրամայական է նաև այսօր ավելի պարզ, ավելի ընկալելի ձևով ներկայացնել մեր անցյալը, որովհետև մեծանում է մի սերունդ, որը պատկերացում չունի՝ ինչ է նշանակում ապրել օտար լծի տակ. շատ ուրախ եմ, որ մեր այսօրվա սերնդին այդպիսի բախտ է վիճակվել ապրել անկախ, ինքնուրույն երկրի մեջ: Պատգամս ուսանողությանը այսօր մեկը կարող է լինել՝ պետք է լինել ակտիվ ու ունենալ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում երկրում ընթացող բոլոր գործընթացների մասին:

– Խոսենք Արցախում մշակութային կյանքի մասին։ Որքանո՞վ է այն ակտիվ ու հասանելի բնակչության լայն հատվածներին՝ ոչ միայն քաղաքաբնակ արցախցուն, այլև սահմանամերձ վայրերի բնակիչներին:

-Արցախում միշտ մշակութային կյանքը ակտիվ է՝ նույնիսկ պատերազմի օրերին: Ես հիշում եմ, որ մենք կազմակերպել էինք այստեղ Ռուբեն Հախվերդյանի համերգը, երբ որ ռումբեր էին պայթում չորսբոլորը, լավ եմ հիշում այդ օրը՝ ցուրտ, սառը դահլիճի մեջ, որը լեփ-լեցուն էր մարդկանցով, ընթանում էր այդ համերգը: Սա ինձ համար շատ խորհրդանշական համերգ էր, ու այդ օրվանից մինչ այսօր մենք շատ ակտիվ, աշխույժ մշակութային կյանք ունենք: Այս տարի մենք որպես հիմնական մեր նպատակ մեզ համար ձևավորել ենք մշակույթի հասանելիությունը երկրի բնակչության բոլոր խավերի համար, անկախ նրանից, թե որտեղ է բնակվում մեր քաղաքացին։ Դա մեկ։ Երկրորդը մշակութային բնագավառում ինքնադրսևորվելու հավասար հնարավորություններ ստեղծելն է: Այս երկու հիմնարար խնդիրներն են, որ մենք փորձում ենք լուծել ապագայում:

-Կարո՞ղ ենք փաստել, որ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում էլ Արցախի մշակութային կյանքը բնականոն հունով է ընթանում:

-Գուցե հեռվից հեռու այդպիսի ձևակերպում մենք լսում ենք, բայց այստեղ ապրող ժողովրդի համար դա առօրյա, սովորական, ընթացիկ կյանք է: Մենք ապրում ենք, ձգտում ենք լիարժեք ձևով մեր կյանքը կարգավորել այս պայմաններում, և այստեղ ես որևէ հակասություն չեմ տեսնում:

-Պարո՛ն Շահվերդյան, գաղտնիք չէ, որ Արցախի մասնակցությունը տարբեր միջազգային գիտաժողովներին, զբոսաշրջային միջոցառումներին պարբերաբար խոչընդոտվում Ադրբեջանի կողմից ուղղակի կամ անուղղակի ձևով: Վերջերս էլ Արցախում ուսումնասիրություն իրականացրած հնագետի մասնակցության հայտը միջազգային գիտական կոնֆերանսին մերժվեց ՝պատճառաբանությամբ, որ հակամարտության գոտում չի թույլատրվում ուսումնասիրություններ անելը: Ընդհանրապես այս տեսակ հարցերին միջամտո՞ւմ եք և ի՞նչպես:

-Դե գիտեք, դա հիմա սովորական երևույթ է մեզ համար, ինչպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն է սովորական, այնպես էլ սովորական են հակառակորդ երկրի կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը: Դա նորմալ երևույթ, այդպես պիտի լինի: Մենք ուրիշ բան չենք կարող ակնկալել մեր թշնամի երկրից: Այնտեղ ինչ-որ մի տեղ կա, որ իրենք կարողանում են հաջողացնել, տեղեր կան, որ չեն կարողանում հաջողացնել, դա կախված է կոնկրետ իրավիճակներից: Մենք փորձում ենք մեր հարցերը լուծել, անկախ նրանից, թե Ադրբեջանը որքանով է հակազդում:

-Ադրբեջանի կողմից այս քայլերը, արհեստական խոչընդոտների ստեղծումը, ի՞նչ եք կարծում, չի՞ նպաստում Արցախի հանդեպ հետաքրքրության մեծացմանը օտարերկրացիների կողմից: Եվ ընդհանուր առմամբ զբոսաշրջիկների հոսքը Արցախ նման հետևություն անելու հիմք տալի՞ս է:

-Միշտ պետք է նկատի առնենք, որ Ադրբեջանի հակաազդեցությունը հավելյալ քարոզչություն է մեզ համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից «սև ցուցակներին»… Ի սեր Աստծո, մարդիկ կան, որ վախենում են ցուցակի մեջ մտնել, մարդիկ կան, որ պատիվ են համարում սև ցուցակների մեջ գտնվելը, իսկ զբոսաշրջության զարգացման վերաբերյալ և այդ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ ամենավառ ապացույցն այն է, որ մենք տարեցտարի ավելացնում ենք օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը։ Դա է վկայում նաև վիճակագրությունը՝ 2017-ին 40%-ից ավելի աճ ունեցանք նախորդ տարվա համեմատ: Դրանք խոսուն թվեր են:

1