Փառք քեզ, հերոս ընկեր…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Փառք քեզ, հերոս ընկեր…

Փառք քեզ, հերոս ընկեր…

Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…

Բեկոր

 

 

1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ Բեկորը՝ Աշոտ Ղուլյանը: 1992 թվականի օգոստոսի 26-ին Աշոտին հանձնեցին հողին: 

 

Այսօր Ստեփանակերտի  իր  անունը կրող այգում, հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու նրա հուշարձանին, ու եւս մեկ անգամ հիշելու մեծ հերոսին:

 

Նրա մտերիմ ընկեր` ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը Բեկորին իսկական ազգային հերոս է անվանում, հերոս, որ իր ամբողջ գիտակից կյանքը ապրել ու ծառայել է հայրենիքին:

 

<<Աշոտի ապրած կյանքը օրինակ է բոլորիս համար, նա օրինակելի է ապրել իր ամեն օրը, եւ գալիք սերունդների համար էլ նա փարոս պիտի լինի>>,- նշեց Արկադի Կարապետյանը:

 

Սուրեն Աբալյանը Բեկորի վաշտի ամենատարեց զինվորն էր, ուսուցիչ էր աշխատում 90-ականներին, դրա համար էլ Բեկորը նրան տվել է <<Պարոն>> մականունը:

 

«Այսօր ես ամոթով չեմ եկել ընկերոջս հիշատակը հավերժացնող արձանի մոտ, քանի որ գիտեմ, իր գործը շարունակվում է, շարունակում են  իր որդիները, մեր որդիները, եւ վստահ եմ` թուրքի ոտքը այլեւս մեր հայրենիքում չի լինի: Այսօր Բեկորի թոռը` Աշոտ Ղուլյանը, թեւ դեռ փոքր է եւ ոչինչ չի հասկանում, բայց իր ներկայությամբ փաստում է, որ հայ ազգի մեջ Բեկորները չեն վերանում, նրանց վերացնելն անհնար է, նրանք հավերժական են ու վերածնվում են>>,- նշում է Սուրեն Աբալյանը:

 

Աշոտ Բեկորը ծնվել է 1959 թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Երիտասարդ տարիներին Բեկորը աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից, կանխազգալով, որ ցույցերը սպասվող պատերազմի նախերգանքն են, և առանց զենքի ազատության չես հասնի, ընկերների աջակցությամբ սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ երեք անգամ վիրավորվում է: Նրա ստեղծած առաջին զենքը 16-գծանի կարճափող հրացանն էր: Իսկ երբ հասել է պահը, նա գաղտնի զբաղվել է Արցախ զենքեր փոխադրելու գործով և կանգնել ֆիդայական շարժման ակունքներում:  Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։

 

Բեկորը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից անդամագրվում է Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը եւ ընկերների հետ հանձն առնում հայրենիքն պաշտպանելու սուրբ գործին:

Մարտական մկրտությունը ստացել է Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Իջևանի ուղղությունում, որտեղ թշնամին արդեն ոտնձգություն էր անում: Մինչ ‹‹բուն›› պատերազմական գործողությունների սկիզբը մասնակցել է հայդուկային պարտիզանական շատ գործողությունների: Հատկապես կարևոր դիվերսիոն գործողություն էր Քելբաջարում տեղակայված օմօնականներին ռազմական օգնություն տանող ադրբեջանական ռազմական շարասյան վրա հարձակումը և նրա գլխովին ոչնչացումը:
Շատ շատերից վաղ նա հանգեց այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել մշտական կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով և երկաթյա կարգապահությամբ:

1991թ., երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզը հենց իր ջոկատն էր: Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտերի մեծ մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեկլու, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն…

1992-ին Շուշիի ռազմական գործողության  ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան  Աշոտը հեռակապով կապվում է Արակդի Տեր-Թադեւոսյանի  (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։ «Մինչև մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացրել էր Բեկորը‌:

1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ… Այս անգամ գնդակը մահացու էր, և նա հեռացավ՝ համալրելով հայոց սրբերի շարքը…

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է (հետմահու) ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի և ‹‹Ոսկե արծիվ›› շքանշաններով, արժանացել է ‹‹Արցախի հերոս›› կոչման:

Հայրենի հողի պաշտպանության սուրբ գործը, որի համար իր կյանքը զոհաբերեց Աշոտ Ղուլյանը, շարունակում են նրա մարտական ըներները:

Աշոտ Ղուլյանի կենդանի ոգին սերունդներին հուշում է շարունակել ազատության պայքարը կորուսյալ պատմական հայրենիքի համար…

 

 

1