Ցանկացած ժամանակ վերադարձի ճանապարհը հայի միակ ճիշտ որոշումն է. Մրո
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ցանկացած ժամանակ վերադարձի ճանապարհը հայի միակ ճիշտ որոշումն է. Մրո

Ցանկացած ժամանակ վերադարձի ճանապարհը հայի միակ ճիշտ որոշումն է. Մրո

ՀՅԴ 122-ամյակի կապակցությամբ ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպած տոնակատարության հյուրն էր ազգային, հայրենասիրական հայտնի երգիչ Մրոն` Արսեն Գրիգորյանը: Օգտվելով առիթից` Ապառաժը հարցազրույց ունեցավ սիրված երգչի հետ:
ՀՅԴ-ն 122 տարեկան է: Ինչպիսի±նն են Ձեր բարեմաղթանքները:

 

 

 

Նախ` շնորհավորում եմ ՀՅԴ 122-ամյակի առթիվ, և միակ ցանկությունս այն է, որ հարատև լինի և ՀՅԴ-ն, և ՀՅԴ ազգանվեր-ազգապահպան գործունեությունը: Ինչ ծնվել եմ` գիտեմ, որ ՀՅԴ-ն կուսակցություն է, որը պայքարում է հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն մեր ազգային ինքնության, և գիտակցելով, ինչպես Քրիստափոր Միքայելյանն է ասել, որ մենք հարատև կռվի ազգ ենք, ժողովուրդ ենք` մեր աշխարհագրական դիրքից ելնելով, դրա համար իմ մաղթանքը հիմնականում սա կլինի. թող հարատև լինի ՀՅԴ-ն, ինչքան կա հայ ժողովուրդը, այնքան պետք է ՀՅԴ-ն և իր գործունեությունը:

 

 

 

Դուք այն եզակի կատարողներից եք, որ ընտրել եք երգարվեստում ձեր ուղին և չեք դավաճանում դրան` անկախ, թե ինչ պահանջարկ կա այսօրվա հայկական շոու բիզնեսում: Այսօր ազգային երգը պահանջարկ ունի՞:  

 

 

Նախ` ես չէի ընդունի այն հասկացությունը, որ ազգային երգը կարող է ժամանակավրեպ լինել: Երբեմն մարդիկ դրա մասին են խոսում, թե արդյոք հայրենասիրական երգը պետք է, կամ` ոչ: Ազգային երգն այնպես է, ինչպես որ` հայը պետք է, թե՞ պետք չէ: Այսինքն, եթե մենք մեր գոյությունը, ինքնությունը համարում ենք, որ կարող է խարխլված լինել, այսօր պետք է, վաղը պետք չէ, կամ` երեկ պետք էր, այսօր պետք չէ, ուրեմն` նույնը կարող ենք ասել հայ երգի մասին: Ոչ թե այն բոլոր երգերի մասին, որոնք հայերեն են, այլ ազգային շտեմարանին պատկանող երգերի, այն երգերի, որոնք իրենց մեջ ուժ ունեն` հային իր տեսակի մեջ պահելու: Այդ երգերը միշտ պետք են` անկախ ժամանակից, անկախ նրանից` հայրենիքում ես, թե հայրենիքի տարածքից դուրս: Եթե դու մտածում ես, իբրև հայ, քո գոյության, քո հարատևության մասին, ուրեմն երգը նույնացումն է. այս ամենն իրարից չենք կարող անջատել: Ես երգում եմ, և ընտրել եմ ոչ թե մի ժանր, այլ` իմ ազգի երգը, որը շատ սովորական երևույթ է և համահունչ է իմ ապրելաձևին, երգում եմ այն երգը, որ հային կպահի իր տեսակի մեջ:

 

 

 

Ձեզ հաճախ կարելի է տեսնել ժողովրդական երգի փառատոնների, մրցույթների, նախագծերի ժյուրիի կազմում: Կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ ժողովրդական երգը, երգարվեստը նոր փուլ է մտել, որ այսօր երիտասարդ կատարողներն ավելի են հետաքրքրված ժողովրդական երգով:

 

 

 

 

Անկախացումից հետո մենք ունեցանք բավական մեծ բացթողումներ այս բնագավառում: Որոշ մարդիկ, իրենց արժանապատվությունը մի կողմ դրած, սկսեցին միացնել թուրքական հեռուստաալիքներ և նույն այդ երգերը հայերեն բառերով երգել` աղավաղելով և հայերեն երգը, և ժողովրդի երաժշտական ճաշակը: 2004 թվականից ի վեր շարժում սկսվեց: Ես և մի քանի ընկերներ սկսեցինք շարժում` վերականգելու կամ արթնացնելու այն բջիջը, որ քնած է ժողովրդի մեջ, քանզի այն չի վերանում հայի միջից: Եվ, եթե նայենք մենք այս 8 տարվա կտրվածքով, ապա կտեսնենք, որ այսօր բավականին տարբերություն ունենք:

 

 

2004-ից մինչև այսօր մենք ունեցանք մի քանի կարևոր նախագծեր, որոնցից առաջինը եղավ ՙԿանաչ գոտին՚, հաջորդեցին ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙԺողովրդական երգիչ՚ նախագծերը: Առաջին երկուսի պրոդյուսերը ես էի, և փորձեցի իմ ներդրումն ունենալ այն ամենի մեջ, ինչ որ ժողովդական է, ազգային է: Կարող եմ ասել` հակառակ այն տարածված կարծիքի, որ մեր երիտասարդությունը ավելի շատ օտար երաժշտություն է սիրում, լսում, ես կասեի, որ մենք շատ լավ, պայծառ երիտասարդություն ունենք, երիտասարդներ, որոնք նվիրյալներ են մեր ազգային ինքնությանը: Ուղղակի խնդիրն այն է, որ երիտասարդությանը պետք է ուղորդել, պետք է ցույց տալ ճիշտ ուղին, որի դեպքում մենք հաստատ կունենանք բավականին մեծ թվով զինվորներ այս ասպարեզում: Եթե ժամանակին ժողովրդական երգի ասպարեզում մենք չունեինք հայտնի կատարողներ, այսօր ունենք երիտասարդներ, որոնք երգում են բավական մաքուր, գեղեցիկ, կատարողներ, որոնք ոչ միայն երգում են, այլև ապրում են երգը: Շատ բան, իհարկե, փոխվել է, սակայն բավարար չէ, չի գոհացնում` բնականաբար: Անհրաժեշտ է պետության կողմից մշակված ռազմավարություն: Կոչ եմ անում` այդ ռազմավարությունն սկսել մանկապարտեզից. եթե մանկապարտեզում տալիս ես ճիշտ երաժշտական դաստիարակություն, ապա աղջիկը կոնքերով չի պարի, այլ կպարի ձեռքերով, ծնկներով, տղան կհասկանա` ինչ է քոչարին, մշո խըռը: Պետք է մանկապարտեզում, դպրոցում տալ, այնուհետև իրենցից պահանջել: Մեղադրելը ամենահեշտ բանն է, սակայն, իմ պատկերացմամբ, եթե մենք խնդիրներ ունենք` ավելի խորը պետք է նայենք:

 

 

 

Դուք հայրենադարձ եք, հայրենիք վերադարձաք 1987-ին Սիրիայից: Ի՞նչ կմաղթեք այսօր Սփյուռքում ապրող հազարավոր երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք:

 

 

 

Ցանկություններ շատ կարող ես հայտնել` երբեմն շատ գեղեցիկ ձևերով ձևակերպելով նախադասություններ, մտքեր: Միայն մի բան կարող եմ ասել` ես օրինակ եմ ծառայում նրանց բոլորին, թող ինձ նայեն և բռնեն վերադարձի ճանապարհը` չնայելով, որ մենք այստեղ` Հայաստանում ունենք բազում խնդիրներ: Թող չնայեն այս խնդիրներին: Եթե սեր կա իրենց մեջ, թող որ այդ սերը ապրի, իսկ ավելի լավ սերը կապրի քո իսկ հողի վրա: Վերադարձի ճանապարհը հայի միակ ճիշտ որոշումն է ցանկացած ժամանակ. վերադարձ դեպի արմատներ` դա իմ մեծ ցանկությունն է, որ բոլորը բռնեն վերադարձի ճանապարհը:

 

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

1