Տնօրենների խորհրդակցություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տնօրենների խորհրդակցություն

Տնօրենների խորհրդակցություն

Նոյեմբերի 21-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն Բերձորում հանդիպում ունեցավ կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ և անցկացրեց խորհրդակցություն: Ներկա էին նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, հանրակրթական վարչության պետ Ռայա Մուսայելյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Շրջանի կրթության ոլորտի մասին զեկուցեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը: Տեղեկացրեց, այժմ շրջանում գործող 53 դպրոցում սովորում են 2008 աշակերտ և 28 նախադպրոցական խմբի սան: Որոշ դպրոցներում՝ Կովսականի, Ներքին Սուսի, Աղավնոյի, Հայկազյանի և այլն, աշակերտների թվի ավելացումը բերել է դասասենյակների պակասի: Որոշ կրթօջախներ ունեն բնագիտական առարկաների և օտար լեզուների մանկավարժների պակաս: Մարզադահլիճ և ՆԶՊ դասասենյակ ունեն քիչ թվով դպրոցներ:

Հատկապես մտահոգիչ է Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 կրթօջախի եռահարկ շենքի վիճակը: Մի շար դպրոցներում բացակայում է իմտերնետ-կապը, գրեթե բոլորում առկա է մարզագույքի խնդիրը: Շրջանում գործում են 4 մանկապարտեզ, որից պետական են 3-ը՝ Բերձորում, Կովսականում և Մոշաթաղում: Քարեգահի «Սոսե» նախակրթարանը գործում է բարերարների աջակցությամբ: ԱՀ ԿԳՍ նախարարը տեղեկացրեց, որ արդեն եղել է Հադրութի ու Շահումյանի շրջաններում, և երրորդ հանդիպումը կրթության ոլորտի աշխատակիցների հետ կայացավ Քաշաթաղում: Նշեց նաև, կառավարությունում աշխատելու 9 տարիների ընթացքում կապը շրջանի հետ եղել է սերտ, ծանոթ է մտավոր ներուժին, խնդիրներին:

Իսկ հանրակրթության բնագավառում առկա խնդիրները պետք է լուծվեն միասնաբար: Հավելեց՝ խնդիրները նույն են հանրապետության բոլոր շրջաններում, սակայն Քաշաթաղը, տարածքով լինելելով ամենամեծը, ունի ամենաշատ թվով դպրոցներ, և յուրաքանչյուրն՝ իր խնդիրը: Հատկապես անդրադարձավ փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցներին՝ նշելով՝ կարելի է տարածքում գործող առավել շատ աշակերտ ունեցող դպրոցը դարձնել հենակետային և միջին ու բարձր դասարանների աշակերտներն այստեղ հաճախեն: Նշեց՝ հանրապետությունում այսօր կա բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցիչների պակաս, որը խիստ բացասաբար է անդրադառնում կրթական համակարգի վրա:

Նշելով, որ դպրոցի առաքելությունը երեխաներին կրթելն է՝ Ն. Աղաբալյանը դիմելով տնօրեններին՝ հորդորեց աշխատել հնարավորության սահմաններում բարձր գիտելիքներով ուսուցիչներ ընդունել աշխատանքի: Նախարարի ելութից հետո եղան հարցադրումներ, առաջարկներ: Խոսվեց այն մասին, որ շրջանում դպրոցների վերամիավորումը կբերի բնակավայրերի քայքայման: Հյուսիսային թևի ճանապարհներով, հատկապես ձմռանը, աշակերտներին մեքենայով տեղափոխելը վտանգավոր է:

Անդրադարձ եղավ նաև աշակերտների հարգելի և անհարգելի բացակայության, հավելավճարով աշխատող ուսուցիչների, տնօրենների վերապատրաստման դասընթացների, ուսումնական ծրագրերի, դասագրքերի և այլ հարցերի վերաբերյալ: ԱՀ ԿԳՍ նախարարը հորդորեց՝ բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել, քննարկել և միասին գտնել լուծման ճանապարհը:

Զոհրաբ Ըռքոյան

1