Տղերքը՝ ժպտադեմ, տղերքը՝ տխրադեմ. դասասենյակը՝ հերոսի անունով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տղերքը՝ ժպտադեմ, տղերքը՝ տխրադեմ. դասասենյակը՝ հերոսի անունով

Տղերքը՝ ժպտադեմ, տղերքը՝ տխրադեմ. դասասենյակը՝ հերոսի անունով

2016-ի ապրիլի սկզբին Հայոց բանակի բազում զինվորներ հերոսացան, անմահացան նաև շատերը: Այժմ նույն անմահ-հերոսների անուններով դպրոցներ ու դասրաններ, մանկապարտեզներ են կոչվում: Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցի 6-12-րդ դասարաններն անվանակոչված էին Նժդեհի, Անդրանիկի, Մոնթեի, Մովսես Գորգիսյանի և մեր ժողովրդի այլ լավագույն զավակների անուններով:

Սեպտեմբերի 25-ին նույն դպրոցում մասնակից եղա 5-րդ դասարնի անվանակոչմանը: Ընդամենը 3 աշակերտ (2 տղա և մեկ աղջիկ) ունի 5-րդ դասարանը, բայց ազատագրված ու շենացող հայրենիքի ապագան են նրանք ու այսուհետ ավելի պարտավորված են լինելու, ավելի լավ են սովորելու: Գևորգ Գագիկի Վարդանյանն այն հերոսներից էր, ով ապրիլի սկզբին Թալիշ գյուղի մոտակայքում համաքաղաքացի Հրաչ Գալստյանի դասակում գնդացրորդ էր և մասնակցում էր թեժ մարտերին: Տղերքը հետ շպրտեցին թշնամուն ու իրենց դիրքն էին պահում, սակայն թշնամու տանկի արձակած արկն ընկավ քաջերին շատ մոտ, և մարտիրոսվեցին գնդացրորդը և դասակի հրամանատար ավագ-լեյտենանտ Հրաչ Գալստյանը:

Հետմահու քաջերն արժանացել են «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով: «Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին…»: Գևորգը ծնվել է 1996թ. Գյումրիում, 6-տարեկանում տեղափոխվել Ռուսաստան: 18 տարեկանում ինքնակամ եկել է Հայրենիք, զորակոչվել Հայոց բանակ և ծառայել Մարտակերտի շրջանի Թալիշում: Անվանակոչման ցերեկույթին, որին ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, Քարեգահի գյուղական համայնքի ղեկավար Մարինե Պետոյանը, դպրոցի տնօրեն Գևորգ Մնացականյանը, ուսուցիչներ, ծնողներ, մասնակից եղան միջին և բարձր դասարանների աշակերտները:

Դասարանում Գևորգին նվիրված անկյունն էր՝ նրա լուսանկարներով, կենսագրական տվյալներով: Հայոց Եռագույնը ձեռքին՝ կանգնած էր զինվորական հագուստով աշակերտ-պատվո պահակը: 2015թ. Գևորգը զորակոչվեց Հայոց բանակ և հայտնվեց Թալիշում: 10 տարուց ավելի բնակվելով Ռուսաստանում՝ Գևորգը ընկերների հետ շփվում էր ռուսերենով և խնդրում էր նրանց իրեն մայրենի լեզուն սովորեցնել: Առաջին հերոսությունը կատարեց 2015-ի սեպտեմբերին: Թշնամու ձեռնարկած դիվերսիայի ժամանակ վիրավորվում է Գևորգի մարտական ընկերը, ում գնդակոծության տակից դուրս է բերում Գևորգը և արժանանում շնորհակալագրի և խրախուսական 7-օրյա արձակուրդի: Վիրավոր ընկերը՝ Արսենը, հետո Գևորգի շիրիմի մոտ շնորհակալություն է հայտնել նրա ծնողներին՝ նման խիզախ հերոս ծնելու, դաստիարակելու համար:

Պատմեցին աշակերտները հերոսի մասին՝ հուզելով ներկաներին: Այնուհետև ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ նահատակված քաջորդիների նկարները ձեռքներին, ներս մտան բոլոր մասնակից-աշակերտներն ու շարվեցին «Ապրելու ապրիլ» խորագիրը կրող պատի թերթի մոտ:

5-րդ դասարնի դասղեկ Արմինե Մնոյանը ներկայացրեց Գևորգի հոր՝ Գագիկի ուղերձը՝ հասցեագրված աշակերտներին: Որդեկորույս հայրը մաղթում է, որ խաղաղություն տիրի աշխարհին, որ այլևս նահատակներ չունենանք: Դիմում է աշակերտներին՝ լինել հայրենասեր, արի: Հավելում է՝ բոլոր նահատակների հոգիները հսկում են վերևում, այնտեղից են շնորհակալ լինում, երբ հիշում են ու մեծարում իրենց: Դպրոցի տնօրեն Գևորգ Մնացականյանը շնորհավորեց 5-րդցիներին, որ այսուհետ սովորելու են հերոսի անվան դասարանում:

— Սա մեծ պատիվ է ու պարտականություն, որ լավ սովորեք, լինեք արի ու ազգին պիտանի զավակներ, — ասաց Գ. Մնացականյաը՝ հավելելով, որ ապրիլյան այդ օրերին շատ քարեգահցիներ նույնպես կամավոր առաջնագիծ մեկնեցին: Ցերեկույթը ավարտվեց, իսկ 5-րդցիները պարտավորվեցին տերը մնալ Հող հայրենիին:

Զոհրաբ Ըռքոյան

1