Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան

Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան

2016 թվականի ապրիլի 2-ին Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած շարքային Տիգրան Բերակչյանն այսօր կդառնար 20 տարեկան:

Տիգրանը զոհվել է ապրիլի 2-ին՝  Ջաբրայիլի  դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի դեմ պայքարում։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից  էր, որոնց մարմինները օրեր անց վերադարձրին  հայկական կողմին: Տիգրան Բերակչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։

Տիգրան Բերակչյանը ծնվել էր 1997 թվականի մարտի 22-ին Երևանում:

«Խելացի, ազնիվ, սրամիտ»,- այսպես են ծնողներն ու ընկերները բնութագրում Տիգրանին:  Ծնողների պատմելով նա մեծ սեր է ունեցել համակարգիչների հանդեպ, ամբողջ  օրը պատրաստ էր անցկացնել համակարգչային տեխնիկա ուսումնասիրելով:

Հայրը՝  Էդուարդ Բերակչյանը իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ ուսմանը զուգահեռ Տիգրանը նաև աշխատել է, սակայն այնպես էր դասավորել, որ աշխատանքի պատճառով ուսումը չտուժեր:

Տիգրանը երազել է զինվոր դառնալ և ծառայել հենց Արցախում, իսկ ծառայության ընթացքում էլ որոշել է զինվորական դառնալ՝ մնալ ծառայելու բանակում:
Տիգրանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  Քանաքեռի Կոստան Զարյանի անվան համար 117 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Տիգրանը, այսօր տեղի է ունեցել հերոսի 20-ամյակին նվիրված միջոցառում,  իսկ պատմության դասասենյակն այսօրվանից  կոչվում է Տիգրան Բերակչյանի անունով:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի հերոսներից Բագրատ Ալեքսանյանը  Տիգրանի  մանկության ընկերն էր: Նրանք ապրել են նույն համայնքում, սովորել նույն դպրոցում և միասին էլ զոհվել են՝ պաշտպանելով իրենց վստահված հայրենի սահմանը:
Մարտական դիրքը պաշտպանելիս թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:

Ծանր մարտում զոհվել են տվյալ մարտական դիրքի և դրան հարակից այլ դիրքի 19 հայ զինծառայողներ. փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը,  լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, սերժանտներ Արման Անդրեասյանը, Կարեն Ներսիսյանը, Ադամ Սահակյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Արթուր Գևորգյանը, Ժորա Եսայանը, Նորիկ Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ազատ Սիմոնյանը, Բորիս Օզմանյանը:

1