Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովը

Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովը

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս նոյեմբերի 8-10-ին, Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողով։

 

Խորհրդաժողովին մասնակցում էին 17 միութիւնների 25 ներկայացուցիչներ` Կանադայից, ԱՄՆ Արևելեան և Արևմտեան շրջաններից, Հարաւային Ամերիկայից, Նիդերլանդներից, Անգլիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Հիւսիսային և Հարաւային Իրանից, Արցախից և Հայաստանից։ Նշելի է, որ սկայպի միջոցով խորհրդաժողովի աշխատանքներին մասնակից եղան ՀՅԴ Սիրիայի երիտասարդական և ուսանողական միութիւնները։ Խորհրդաժողովին մասնակցում էին նաև ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակին կից Երիտասարդական խորհրդի անդամներ։

 

Եռօրեայ նիստերի օրակարգում ընդգրկուած էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների անցնող 18 ամիսների գործունէութեան զեկոյցը, ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի գործունէութեան զեկոյցը, «ՀՅԴ Երիտասարդականի հայեցակարգ և ռազմավարական նպատակներ» փաստաթղթի ներկայացումը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ համահայկական երիտասարդական մասշտաբով աշխատանքների կազմակերպման հարցը, Հայաստանում և Արցախում արտերկրի միութիւնների միջոցով պատանեկան ճամբարների կազմակերպման արդիւնաւէտութիւնը բարձրացնելու հարցը և յառաջիկայ երկու տարուայ գործունէութեան համար առաջարկների ներկայացումը։Խորհրդաժողովի մասնակիցներն ունկնդրեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Լոքեանի դասախօսութիւնը «Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» նիւթի վերաբերեալ, որից յետոյ տեղի ունեցաւ հարց ու պատասխան և քննարկում։

 

Եռօրեայ նիստերի ընթացքում հնչեցին բազմաթիւ տեսակէտներ և առաջարկներ։ Յատուկ շեշտ դրուեց Հայաստանում և Արցախում աշխատանքները ծաւալելու անհրաժեշտութեան, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը միահամուռ ջանքերով և մեծամասշտաբ կերպով նշելու հրամայականի և 100-ամեակը որպէս պայքարի նոր սկիզբ ընկալելու կարևորութեան, արտաքին-յարաբերական դաշտում աւելի ազդեցիկ ներկայութիւն ունենալու, միութիւնների կազմակերպական մակարդակը բարձրացնելու, քաղաքական և դաստիարակչական աշխատանքները խորացնելու վրայ։

 

Ընդգծուեց նմանատիպ խորհրդաժողովների կարևորութիւնը մտքերի ու փորձառութիւնների փոխանակման, միմեանց դժուարութիւններից տեղեկանալու և իրար օժանդակելու և նոր ծրագրերի մշակման տեսանկիւնից։

 

Խորհրդաժողովի փակման խօսքով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը և Երիտասարդական խորհրդի անդամ ընկեր Մուրադ Թօփալեանը։

 

Խորհրդաժողովն ընթացաւ ընկերական ջերմ մթնլորտում։

 

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
11.նոյ.2013 թ., Երևան

1