Տեղի է ունեցել «Սոսե» մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տեղի է ունեցել «Սոսե» մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը

Տեղի է ունեցել «Սոսե» մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը

Հոկտեմբերի 11-ին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ստեփանակերտի «Սոսե»  մանկապարտեզի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը:

 

Արարողությանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ կրթության, գիտության  եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած ՀՕՄ-ուհիներ:

 

ՀՕՄ-ի կենտրոնական վարչության նախկին ատենապետ Վիկի Մարաշլյանն իր խոսքում նշեց, որ Ստեփանակերտի «Սոսե»  մանկապարտեզն առաջին մանկապարտեզն էր, որը 1998-ին հիմնվել է ՀՕՄ-ի կողմից:

 

«Մանկապարտեզը հիմնվել է ազատագրական օրերից հետո եւ պետք է իր զորավոր հիմքերով գոյատեւի հարյուրավոր տարիներ,- ասում է Վիկի Մարաշլյանը,- պատերազմից անմիջապես հետո Հայ օգնության միությունը ներկա էր Արցախում: Եկանք եւ հիմնեցինք մեր մանկապարտեզները՝ մտադրություն ունենալով կրթել նոր սերնդին, մեր ապագա զինվորին ու հրամանատարին: Այս ապագայով լեցուն երեխանները մեզ խրախուսում են առաջ տանելու մեր աշխատանքները: 15 հազար ՀՕՄ-ուհիներս զինվորի պես կանգնած եւ պատրաստ ենք ամեն կերպ աջակիցը լինելու Արցախին եւ արցախցուն»: Նա շնորհակալություն հայտնեց ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանին՝ մանկապարտեզի ծրագիրը կյանքի կոչելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար:

 

Նելլա Ղուլյանը, ով Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի ստեղծման առաջին իսկ օրից մինչ այսօր հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը, խորին երախտագիտություն հայտնեց  բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ իրականանում է մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը.

 

«Այս տարիների ընթացքում մենք կրթել եւ դաստիարակել ենք ավելի քան 2000 մանուկների եւ հավատացած ենք, որ  դեռ հազարավորներին կընդունենք մեր մանկապարտեզ՝ ճիշտ եւ հայեցի կրթելու համար: Նոր շենքը կհամապատասխանի արդի բոլոր պայմաններին: Այն հնարավորություն կտա մեզ դաստիարակելու 120-150 երեխաների: Մենք սիրով կշարունակենք այն գործը, որը սկսել ենք Արցախյան պատերազմից անմիջապես հետո»:

 

Նշենք, որ մանկապարտեզի հին շենքը փլվել է սույն թվականի օգոստոսին եւ անմիջապես սկսվել են շինարարական աշխատանքները: Շենքը պատրաստ կլինի շահագործման 2017 թվականի մայիսին:

 

 

 

 

 

1