Տեղի է ունեցել Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տեղի է ունեցել Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստը

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստը

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ներկաներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին մայիսյան եռատոնի կապակցությամբ:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը: Գրանցված 31 պատգամավորներից նախագծին կողմ են քվեարկել 23 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6, 1 պատգամավոր էլ չի քվեարկել:

Նախագծի համահեղինակների հիմնավորմամբ՝ օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին: Ըստ այդմ, փոխվել է կանոնակարգի կառուցվածքը, համապատասխանաբար գլուխները միավորվել են ինը բաժիններում:

Քննարկումից հետո համահեղինակները, սահմանված կարգով, պատգամավորներին առաջարկել են 14-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ և ցանկության դեպքում, միանալ համահեղինակներին ու մասնակցել նախագծի հետագա լրամշակման աշխատանքներին:

Նիստի երկրորդ հատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը պատգամավորներին է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017 թվականի փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման և անցկացման մասին հաղորդագրությունը:

Նիստը եզրափակվել է պատգամավորական հայտարարություններով, որի ժամանակ հայտարարություն են ունեցել «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը և «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: «Դաշնակցություն»  խմբակցությունը լուրջ մտահոգություն ու դժգոհություն է հայտնել ԱԺ աշխատակազմի և մամլո ծառայության կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ:

Հայկ Խանումյանի հայտարարությունը վերաբերում էր 26 տարի առաջ այս օրերին՝ 1991թ., Շահումյանի, Հադրութի, Շուշիի շրջաններում տեղի ունեցած հայաթափման լայնածավալ գործողությանը, որն առավել հայտնի է  «Կոլցո» («Օղակ») անունով:   ««Օղակ» գործողությունը մեկ անգամ ևս փաստեց, որ Արցախի տարածքում հայկական զորքերից բացի այլ զորքի առկայությունը բերել է հայ բնակչության կոտորածի կամ տեղահանման»,- նշել է Հայկ Խանումյանը:

1