Տեղապտույտ, թե՞ իրական լավարկում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Տեղապտույտ, թե՞ իրական լավարկում

Տեղապտույտ, թե՞ իրական լավարկում

Պետական կառավարման համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը վաղուց է ծառացել մեր առջև:

 

Ներկա իշխանությունները, 2007թ. ստանձնելով պետական կառավարման համակարգի պատասխանատվությունը, փորձեցին  բարեփոխումներ կատարել մեր կյանքի տարբեր ոլորտներում` նպատակ ունենալով Արցախի Հանրապետության և  ժողովրդի համար ստեղծել  բարեկեցիկ ու ապահով միջավայր:

 

 Այդ միտումներով առաջնորդվելով՝ օրվա իշխանությունները չխնայեցին ջանք ու եռանդ, որի արդյունքում ունեցանք զգալի հաջողություններ: Հաջողություններն առաջին տարիներին ակնհայտ էին: Դա գնահատվեց ինչպես ժողովրդի, այնպես էլ հասարակական ու քաղաքական կառույցների կողմից:

 

Հավատարիմ 2007թ. որդեգրած քաղաքականությանը՝ տարեցտարի նկատելի էր պետական միջոցների ուղորդումը դեպի սոցիալական ոլորտ, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ նոր քաղաքական գծի որդեգրմանը, տնտեսական համակարգում ճյուղային նոր ոլորտների կյանքի կոչելուն /հանքարդյունաբերություն, էներգետիկա, վերամշակում, թեթև արդյունաբերություն/:

 

Այս ամենով հանդերձ՝ չպետք է անտեսել, որ մեր հանրապետությունում ստեղծված ներկա վիճակը դարձել է մտահոգիչ՝ հասարակական լայն շերտերում առաջացնելով հուսահատության, հիասթափության  և անվստահության մթնոլորտ: Դրա վկայությունն էր 2012 թ. նախագահական ընտրությունների պատկերը:

 

Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում, պետական կառավարման համակարգի լավարկման նպատակով, ԼՂՀ կառավարության կողմից ներկայացվել է օրենքի նախագիծ՝ կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ  կատարելու վերաբերյալ: Դաշնակցությունը ողջունել և այսօր էլ գնահատելի է համարում առկա միտումները և ստեղծված կացության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Սակայն անցած օրերին այդպես էլ լուրջ քննարկումների դաշտ չստեղծվեց այս օրինագիծը համոզիչ կերպով օրենքի վերածելու համար: Այդ պատճառով՝ <<Դաշնակցություն>> խմբակցությունն առաջարկել է՝ ավելի խորը և համապարփակ վերլուծություններ անելու և հիմնավոր առաջարկ ներկայացնելու նպատակով հետաձգել սույն նախագծի ներկայացումն ԱԺ:

 

Ներկայացված օրինագիծը կառավարության կողմից լիարժեք քննարկման չդրվեց: Իսկ փորձագիտական  եզրակացության և հիմնավորումների մեջ չկային  համոզիչ փաստարկներ և հաշվարկներ. ի՞նչ է այն տալու մեզ կառավարման համակարգում,  ինչպիսի՞ ֆինանսական միջոցներ ենք խնայելու և ո՞ր ոլորտներում, ինչպիսի՞ գործընթացով է այս միտումները դառնալու իրականություն ինչպե՞ս ենք մենք ժողովրդի մեջ առկա, բայց չբարձրաձայնվող անվստահության մթնոլորտը փարատելու: Եվ ի վերջո, եթե մենք անցնող տարիներին ունենք 9-10 տոկոս տնտեսական աճ, այն էլ այնպիսի բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակում, երբ հարևան ոչ հարևան երկրներում ընդամենը 3-4 տոկոս տնտեսական աճ էր կամ նույնիսկ անկում, ինչու՞ է անհրաժեշտ դարձել կատարելու կառուցվածքային փոփոխություններ: Տեղապտու՞յտ կլինի այդ ամենը, թե՞ իրական լավարկում, ցույց կտա ապագան:

 

Հուսանք, որ իրավիճակի խորը գիտակցումը և առաջացած հարցերի պատասխանները կհանգուցալուծվեն արդեն իսկ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում:

<< Ապառաժ>>-ի խմբագրական հունիս 3, 2015թ.

 
1