«Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով

«Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» թեմայով խորհրդաժողով

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը, ելնելով իր կոչումից, արդէն 13 անընդմէջ տարի է ինչ կազմակերպում է «Հայ Դատն այսօր» խորագրի տակ ամփոփած խորհրդաժողով:
Իսկ երեք տարիների կտրւածքով այդ օրերին զուգընթաց կազմակերպում է սեմինար, ոչ-հայ լսարանի համար ներգրաւելով Իրանի պետական համալսարանական ու քաղաքական շրջանակների դասախօս-մասնագէտների, ովքեր իրենց ելոյթներում շօշափում են տարածաշրջանի եւ միջազգային կարեւոր հարցեր: Այս խորհրդաժողովը կազմակերպւում է Հայկական Հարցերի ուսումնասիրութեան կենտրոն (ՀՈՒՍԿ) նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ «Միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոն»-ի:

Յիշեալ երանգաւորմամբ խորհրդաժողովը գումարւեց երէկ նոյ. 15-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ Իրանի պետական հիմնով եւ Քերմանշահ նահանգում երկրաշարժի զոհերի յիշատակը մէկ րոպէ յոտընկայս լռութեամբ:

«Տարածաշրջանի գէոպոլետիկ հեռանկարը եւ նոր իրադարձութիւնները» ընդհանուր խորագրի տակ ամփոփւած խորհրդաժողովը բաղկացած էր չորս փանելներից, որոնք կրում էին իրենց իւրայատուկ խորագիրը:
Առաջին փանելում, որի խորագիրն էր «Իրաքի հիւսիսի վերջին իրադարձութիւնները եւ տարածաշրջանի երկրների վրայ դրա ազդեցութիւնները» Երեւանի Պետական համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետի ռեկտոր՝ պատմաբան պրոֆ. Վահրամ Պետրոսեանը մանրամասն անդրադարձաւ եւ Թուրքիա-Քուրդստան ռեգիոնալ կառավարութիւն յարաբերութիւնների առանձնայատկութիւններին, նպատակներին եւ յետհանրաքւէական շրջանի իրողութիւններին շօշափելով այդ հարցով Թուրքիայի, ԱՄՆ-ի դերակատարութեանը եւ յարափոփոխ քաղաքականութիւնները:
Նոյն փանելում Թեհրանի Պետական համալսարանի քաղաքական գիտութիւնների դասախօս դոկտ. Համիդ Ահմադին անդրադարձաւ այն դրդապատճառներին, որոնց հետեւանքով ձախողեց քրդական շարժումը: Նա անդրադարձաւ ներկայում տարածաշրջանում ինքնավար տարածքի ձեւաւորման տեսլականի ձախողման խնդրին եւ համեմատական եզրեր անցկացրեց նաեւ Կատալոնիայի խնդրի միջեւ:
Իւրաքանչիւր փանել ունէր իր նախագահողը, այս փանելը նախագահում էր Թեհրանի Հայ Դատի գրասենեակի նախկին պատասխանատու Արամ Շահնազարեանը:

Երկրորդ խորագիրն էր «Լեռնային Ղարաբաղում գէոպոլետիկ հաւասարութիւնները անվտանգութեան առումով առգոյ հարցադրումները եւ ռազմավարութեան հարցով աշխարհագրական պայմանների ազդեցութիւնը»:

Այս բաժնի նախագահողը՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանն էր, իսկ առաջին դասախօսն էր Կովկասի հարցերի փորձագէտ Վահրամ Բալայեանը, ում ելոյթի թեման էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւն. տարածաշրջանի գերտէրութիւնների դերակատարութիւնը»:

Նա անդրադարձաւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի Արեւմուտքի ու Թուրքիայի դերակատարութեանը եւ ընդգծեց. «Վտանգաւորը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զէնք վաճառելու արտասովոր փաստն է, որը խաղաղ ճանապարհով հակամարտութեան լուծելու գործընթացը աւելի մշուշոտ է դարձնում: Ռուսաստանը հիմնականում ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակակշռութիւն պահպանել, բայց վերոյիշեալ գործնական քայլերը այդ ծրագրին հակընդէմ է»: Դասախօսը անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը Ղարաբաղեան հարցի խաղաղ կարգաւորման հարցում, մէջբերեց Իրանի պետական շրջանակների յայտարարութիւնները այդ հարցով, այդ թւում ԱԳ-ի խօսնակ Բահրամ Ղասեմիի 2017-ի մայիսի 1-ի յայտարարութիւնը ըստ հետեւեալի «Կարգաւորել ԼՂ-ի հակամարտութիւնը առանց ժողովրդի դերակատարութիւնը հաշւի առնելով անհնար է: Ժողովրդի դերը կարգաւորման գործում է որոշիչ լինելու»: Դասախօսը ընդգծեց. «Իրանական կողմի նման սթափ մօտեցումը աւելի գործնական հուն տեղափոխելու պարագայում ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորումը առաւել դիւրին կը դարձնի»:

Նոյն բաժնի դասախօս Կովկասի հարցերի փորձագէտ Սալար Սէյֆօլդինին ներկայացրեց Ղարաբաղի աշխարհագրական դիրքը, Ղարաբաղի պատմականը, անկախութեան ձեւաւորման գործընթացը, եւ Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումները: Նա ընդգծեց, որ Ղարաբաղը ինքնին պատնէշ է պանթուրքիստական նկրտումների դիմաց եւ աւելացրեց, որ հարցի լուծման կարգով Ադրբեջանը հակւած է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի միջամտութիւններին, իսկ Իրանը ցանկանում է հակամարտութեան խաղաղ կարգաւորումը եւ այդ առումով հաւասարակշռւած դիրք է զբաղեցնում:
Յաջորդ փանելում, որի խորագիրն էր «Իրան-Հայաստան արդի յարաբերութիւնների հեռանկարը եւ տարածաշրջանի կայունութեան վրայ դրա ազդեցութիւնը» նախագահողն էր Իրան-Հայաստան բարեկամական միութեան անդամ Հենրիկ Խալոյեանը: Բաժնի առաջին դասախօս Երեւանի Պետական համալսարանի իրանագիտական ֆակուլտետի փոխտնօրէն Արմէն Իսրայէլեանի ելոյթը բաղկացած էր երկու հիմնական բաժիններից Իրանի ու Հայաստանի Հանրապետութեան անցեալ 25 տարիների յարաբերութիւններին յետադարձ հայեացք եւ առաջիկայ բազմաբովանդակ քաղաքա-տնտեսական ձեւաւորւող յարաբերութիւնները: Նա կարեւորեց երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների զարգացումը, սահմանների տնտեսական ազատ գօտիների աշխուժացումը, էներգետիկ համագործակցութիւնը, երկու երկրների ԶԼՄ-ների դերը, ի մասնաւորի Ղարաբաղեան հարցի ճշգրիտ եւ անաչառ ձեւով ներկայացնելու հարցով, կողմերի միջեւ երկաթգծի դերի անհրաժեշտութիւնը, Իրանի հաւասարակշռւած դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտութեան հարցով:

Փանելի երկրորդ դասախօսն էր Թեհրան համալսարանի միջազգային հարցերի ֆակուլտետի դասախօս դոկտ. Բահրամ Ամիր Ահմադեանը, ով անդրադարձաւ տարբեր անցուղիների գէոպոլետիկ կարգավիճակի, ինչպէս հիւսիս-հարաւ անցուղուն: Նա անդրադարձաւ Իրանի եւ այլ երկրների միջեւ ստորագրւած զանազան պայմանագրերին, կապւած այդ անցուղիների օգտագործմանը եւ աւելացրեց, որ տարածաշրջանի երկրները միմեանց կապակցւած լինելով, անհրաժեշտ է քաղաքական նպաստաւոր անվտանգ պայմանների ձեւաւորում:

Վերջին փանելի նախագահողն էր Միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոնի քարտուղար Զիա Սաբուրին, իսկ փանելի խորագիրը հետեւեալն էր «Տարածաշրջանային եւ միջազգային ուժերի դերը տարածարջանի աշխարհաքաղաքական հեռանկարում»: Յիշեալ բաժնում ելոյթով նախ հանդէս եկաւ քաղաքական հարցերի վերլուծաբան եւ Երեւանի Պետական համալսարանի դասախօս Ստեփան Գրիգորեանը: Նա շատ կառուցողական բնութագրեց Իրանի դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցով, եւ ոչ-կառուցողական բնութագրեց Թուրքիայի ռազմաշունչ կոչերը եւ ընդգծեց առանց Իրանի իրաւունքի որեւէ երկիր լինի ՆԱՏՕ թէ ԱՄՆ, իրաւունք չունեն զօրք տեղակայել տարածաշրջանում: Նա անդրադառնալով Իրանի միջուկային հարցին ընդգծեց, որ Իրանը որպէս հզօր երկիր իրաւունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել ատոմային էներգիան եւ աւելացրեց, որ Իրանը Միջուկային գործարքի հարցով իրականացրել է իր բոլոր պարտաւորութիւնները: Նա անդրադարձաւ նաեւ Մերձաւոր Արեւելքում Ռուսաստան, ԱՄՆ եւ Թուրքիա յարափոփոխ քաղաքականութիւններին, որը վտանգաւոր բնութագրեց, իսկ կարեւորեց Իրանի կառուցողական քաղաքականութիւնը:
Վերջին դասախօսն էր Թեհրանի Պետական համալսարանի քաղաքական գիտութիւնների դասախօս դոկտ. Էբրահիմ Մոթաղին, ով ընդգծեց, որ միջազգային յարաբերութիւններում առգոյ իրավիճակը համընկնում է սառը պատերազմի տարիներին, սակայն արդի ոճ է եւ ներկայում տիրում է անվստահութեան մթնոլորտ միջազգային բեմում, որը արդիւնքն է գերուժերի մրցակցութեան եւ աւելացրեց, որ նման մթնոլորտում բնական է, որ կատարելապէս չեն իրագործւում կնքւած պայմանագրերը: Նա անդրադարձաւ նաեւ տարածաշրջանային եւ միջազգային յարաբերութիւններում Իրանի կառուցողական դերակատարութեանը:
Իւրաքանչիւր դասախօսի ելոյթից յետոյ լսարանին առիթ էր տրւում հարցումների:

Դասախօսական երեկոյ՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ. «Ադրբեջանի Հանրապետութեան ձեւաւորման հոլովոյթը»

«ԱԼԻՔ», Կ. Դ. – «Ադրբեջանի Հանրապետութեան ձեւաւորման հոլովոյթը» թեմայով դասախօսական երեկոյ էր կազմակերպւել երէկ՝ նոյեմբերի 13-ի երեկոյեան, նախաձեռնութեամբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի (ՀՈՒՍԿ), նոյն կազմակերպութեան կենտրոնատեղիում:

Սկզբում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ներկայացրեց օրւայ դասախօս հոգեբոյժ դոկտ. Ռաբիէ Մոհավեդիին, ով պատմական տւեալների հիմամբ անդրադարձաւ Ադրբեջան անւանում կրող շինծու հանրապետութեան ձեւաւորմանը: Դասախօսը լսարանին ներկայացրեց «Ադրբեջանը օսմանցիների անօրինական զաւակը» խորագրով իր յօդւածը: Նա ընդգծեց, որ Իրանի Սահմանադրական շարժման մասնակից իրանցի Մոհամմադ Ամին Ռասուլզադէն, այդ շարժման ձախողումից յետոյ հեռացաւ Իրանից եւ 1911 թւականին անցաւ Թուրքիա, միանալով թուրք ծայրայեղականներին, ապա Առաջին Աշխարհամարտի տարիներին վերադարձաւ Բաքու եւ իր մի շարք զինակիցների հետ հիմքը դրեց «Մոսաւաթ» կուսակցութեան: Մի կուսակցութիւն, որն իր ձեւաւորման առաջին իսկ օրւանից հետապնդել է մեծ Ադրբեջան հիմնադրելու պատրանքը: Դասախօսը նշեց, որ մինչեւ 1911 թւականը, երբ հիմքը դրւեց Կովկասի մուսուլմանների հաւաքականութեան, ընդհանրապէս գրառում չի եղել Ադրբեջանի Հանրապետութիւն անւան մասին եւ յիշեալ հաւաքականութիւնը կոչւել է Կովկասի մուսուլմանների ադրբեջանցի հաւաքականութիւն, որը այդ մտացածին եւ անօրինական հանրապետութեան կերտումից 35 տարի առաջ է եղել: Նա նաեւ անդրադարձաւ, որ Թուրքմենչայի եւ Գոլեսթանի պայմանագրերում անգամ միայն խօսւում է Շիրւան, Բաքու եւ … քաղաքների անւանման եւ ոչ թէ մի հանրապետութեան մասին:
1917 թւականին Ցարական կայսրութեան անկման հետեւանքով Ռասուլզադէն առիթը պատեհ համարեց հիմքը դնելու Ադրբեջանի խնդրայարոյց հանրապետութեան:

Դոկտ. Ռաբիէն շեշտեց, որ քաղաքական դրդապատճառները հիմքը դրեցին մի կեղծ հանրապետութեան, որն իր գոյութեամբ եւ սին պատմութեամբ միշտ էլ վտանգաւոր կոչեր է հնչեցնում:
Նա նշեց, որ սկզբից եւեթ Ադրբեջանը իր անւանումը վերցրել է Իրանի Ատրպատական նահանգից եւ սին կոչերով վերածւում է վտանգաւոր երեւոյթի եւ ակտիւ ու սուտ պատմական տւեալներով իր քաղաքացիների մէջ հէնց մանկական տարիքից սերմանում է ատելութիւն իր հարեւանների նկատմամբ, որը կարող է անփոխարինելի հետեւանքներ ունենալ: Իսկ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդանիշ համարւող գայլի նշանին, ընդգծեց, որ դա սերում է չինական պատմութիւնից, որը մի ցեղի կենսաւորումն է գայլից:

Վերջում նա ընդգծեց, որ իւրաքանչիւրիս պարտքն է ուսումնասիրել իրական պատմական տւեալները եւ հէնց դպրոցական տարիքից ու պատմութեան դասագրքերում ճիշտ ուղու վրայ դնել մեր մատաղ սերնդի մտապատկերը, որը հիմքն է հզօր եւ միասնական Իրանի:

Վերջում հնչեցին հարցումներ ու տեսակէտներ կապւած իրականութիւնը հանրութեան սեփականութիւնը դարձնելու լաւագոյն ձեւաչափերի մասին:

alikonline.ir

1