Վիլնյուսի ցուցահանդեսում ներկայացվում է Ղարաբաղը հիշատաող առաջին քարտեզը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վիլնյուսի ցուցահանդեսում ներկայացվում է Ղարաբաղը հիշատաող առաջին քարտեզը

Վիլնյուսի ցուցահանդեսում ներկայացվում է Ղարաբաղը հիշատաող առաջին քարտեզը

ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, Վիլնյուսի քաղաքային սրահում հունիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն, որին ներկա էին Լիտվայի մշակույթի նախարարը, բազմաթիվ պատգամավորներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելով. «Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և քարտեզները ներկայացնող պատմաբան Ռուբեն Գալիչյանը։

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ցուցադրված քարտեզները ներկայացնում են Հայաստանի զարգացումը և պատմության ընթացքում դրա սահմանների փոփոխությունը՝ արտացոլելով հայոց պատմության ինչպես փառահեղ, այնպես էլ ողբերգական էջերը։

«Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։

Այնուհետև Ռուբեն Գալիչյանը ներկայացրեց Ք.ա․ 6-րդ դարից մինչև մեր օրերը համաշխարհային քարտեզագրության մեջ Հայաստանի և տարածաշրջանի 51 քարտեզները, դրանց ձևավորման մեթոդաբանությունը և հեղինակներին։ Անդրադառնալով 1875-ին թվագրվող Կարլ Մյուլլերի քարտեզին՝ պատմաբանը ներկայացրեց հայոց արքա Տիգրան Մեծի նվաճումները և հայկական թագավորությունն՝ իր հզորության գագաթնակետին: 1460-ին թվագրվող Ֆրա Մաուրոյի աշխարհի քարտեզում պատմաբանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Կիլիկիայից մինչև Ղարաբաղ մի քանի անգամ հիշատակվող Հայաստան անվան վրա և նշեց, որ սա առաջին օրինակն է, երբ Ղարաբաղ անվանումը հիշատակվել է եվրոպական քարտեզում:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց Գերմանիայից ժամանած հայ-գերմանական «Ագվաս» էթնո-ժազ տրիոյի համերգը, որը հանդես եկավ հայկական ժողովրդական երաժշտության ջազային մեկնաբանություններով։

Ցուցահանդեսը, որն անց է կացվում Լիտվայի հայերի միության աջակցությամբ, բաց է լինելու մինչև հունիսի 30-ը»։

1