Վիլյամ Սարոյանը եւ Մուշեղ Գալշոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Դաշնակցության մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Վիլյամ Սարոյանը եւ Մուշեղ Գալշոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Դաշնակցության մասին

Վիլյամ Սարոյանը եւ Մուշեղ Գալշոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Դաշնակցության մասին

Վիլյամ Սարոյանը 1936-ին հրատարակել է իր մեկ գիրքը «Inhale and Exhale» (Շնչառություն եւ արտաշնչում) անունով: Ինչպես իր շատ ստեղծագործություններում, այս գրքում եւս նա շարադրել է հայ կյանքի հետ կապված մի շարք հաստատումներ՝ որոնց թվում անդրադարձել է նաեւ Դաշնակցությանն ու Առաջին Հանրապետությանը: Ստորեւ ներկայացվում է հատված այդ խոսքից:

– Ասոնք էին Ազգայնականները, Դաշնակները, որոնք կռուեցան Հայաստանի համար, վասնզի կռիւը իրենց դիտած միակ ուղին էր պահպանելու համար կեանքը, արժանապատւութիւնը եւ ցեղը: Աշխարհը ատկէ տարբեր միջոց մը չունէր: Միայն զէնքով կ’ըլլար այդ: Աստծոյ անիծած ոջլոտ միջոցը, բայց Դաշնակցականները մեծ մարդիկ էին եւ ըրին այն, զոր պարտաւոր էին ընել: Իսկ որեւէ Հայ, որ կ’արհամարհէ այս մարդիկը, տգետ է կամ իր ցեղի մատնիչը: Այս մարդոց ընտրած ուղին սխալ էր, գիտեմ, որ սխալ էր, բայց ատկէ զատ ուրիշ միջոց չունէին անոնք: Է՜հ, անոնք շահեցան պատերազմը:
Այսպէս կամ այնպէս ամբողջ ցեղը չբնաջնուեցաւ: Հայաստանի ժողովուրդը կը մրսէր, անօթի էր եւ հիւանդ, բայց այս զինուորները շահեցան իրենց պատերազմը եւ Հայաստան ազգ մը դարձաւ կառավարութեամբ մը եւ Դաշնակներով կազմուած քաղաքական կուսակցութիւնով մը: Շատ տխուր եւ շատ սրտայոյզ է, երբ կը մտածէք այն հազարաւորներու մասին, որոնք սպանուեցան, բայց ես կը պատուեմ զինուորները, որոնք որ մեռան եւ անոնք, որ կ’ապրին տակաւին: Կը պատուեմ եւ կը սիրեմ զանոնք: Աղետալի սխալ մըն էր այդ, բայց ազնիւ սխալ մը եւ Հայաստան եղաւ, Հայաստան: Անշուշտ շատ փոքր ազգ մըն էր ան, շատ անկարեւոր ազգ մը, ամէն կողմեն թշնամիներով շրջապատուած, սակայն Հայաստանը երկու տարի մնաց Հայաստան եւ Երեւանը` մայրաքաղաք: Հարիւրաւոր տարիներէ ետք առաջին անգամն ըլլալով Հայաստանը եղաւ Հայաստան:

Գիտեմ թե որքան անմիտ բան է հպարտ ըլլալ, բայց չեմ կրնար յաղթել այդ զգացումիս եւ հպարտ եմ:

Բագին ամսագրի 1981 թվականի 1-ին համարում հրապարակվաել է ձայներիզից վերարտադրված զրույց Մուշեղ Գալշոյանի հետ: Ըստ ամսագրի այդ օրերի խմբագիր Պողոս Սնապյանի, ձայներիզը տրամադրել է ոմն «Ճեմարանական Մհեր», ում պատմելով այդ ձայնագրվածը իր եւ Մուշեղ Գալշոյանի զրույցն է, որ տեղի է ունեցել 1980 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը եղել է Հայաստանում (տաղանդավոր գրողի անժամանակ մահվանից օրեր առաջ): Ներկայացվում է հատված այդ զրույցից:

– Եղավ մի լավ բան: Եթե հանկարծ Դաշնակցական կուսակցությունը չկարողանար մի փոքրիկ Հանրապետություն ստեղծել, պետություն, անկախ մի պետություն, որ գոյություն ունեցավ երկու տարի կամ ավելի պակաս՝ մենք այն ատեն Հանրապետություն կոչվելու իրավունք չէինք ունենա, մենք կլինեինք մարզ, ավտոնոմ հանրապետություն: Որովհետեւ սահմանադրությամբ միլիոնից պակաս ժողովուրդ ունեցողը, ազգաբնակչություն ունեցողը, առանձին հանրապետություն լինելու իրավունք չուներ՝ եթե նա պետություն չէր: Իսկ քանի որ կար էդ պետականությունը՝ մենք դարձանք առանձին Հանրապետություն: Ահա Էն մե՛ծ բանը, էն ինչ որ կատարեց Դաշնակցական կուսակցությունը եւ իրավ պետություն ստեղծեց, ասենք թե, Էնքան պետականությունից զուրկ, վեց հարյուր տարուց հետո մի փոքրիկ պետություն: Հուզի՜չ մի պետություն:

1