Վերհիշում է Շուշիի ազատագրման և Լաչինի մարդասիրական միջանցքի բացման մասնակիցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վերհիշում է Շուշիի ազատագրման և Լաչինի մարդասիրական միջանցքի բացման մասնակիցը

Վերհիշում է Շուշիի ազատագրման և Լաչինի մարդասիրական միջանցքի բացման մասնակիցը

Գարիկ Ավանեսյանը Շուշիի ազատագրման և Լաչինի մարդասիրական միջանցքի բացման ռազմագործողությունների ակտիվ մասնակիցն է: Նա Ջանհասանի ուղղությամբ գործած 82 մմ ականանետային մարտկոցի հրամանատարն էր: Շատերի պես մարտական ուղին սկսել է կամավորական ջոկատի ստեղծումով. սկզբից ստեղծեցի 3 հոգանոց մի խումբ՝ ես էի, եղբայրս ու փեսաս, այնուհետև համալրվեցինք ու դարձանք 15, — պատմում է Գարիկը:

Ջոկատն իր նախապատրաստական աշխատանքներն իրականացնում էր նախկին 4-րդ մանկապարտեզի շենքում, որտեղից էլ Շուշիի ռազմագործողությունը սկսելու պահին, շարժվեցին 26-ի՝ Ջանհասանի ուղղությամբ՝ թշնամուն հիմնական՝ Շուշիի ուղղությունից շեղելու նպատակով: «Մեր կրակակետերից մի փոքր ներքև հրետանին էր, որի հրամանատարը Սանյան էր՝ Ալեքս Բամպերը: Նրա հետ ծանոթացել էինք դեռևս Կրկժանը թուրքերից ազատագրելու ժամանակ, երբ Սանյան ՑՕՐ-ից, ուր ծառայում էր նա, թաքուն մեզ համար ավտոմատներ էր հասցնում, գիշերը դրանցով կրակում էինք, առավոտյան ժամը վեցին նորից դնում էր տեղը, իբր ոչինչ չի եղել… Ի՞նչ անեինք, զենք չկար»,- հիշում է Գարիկը,- «Այդպես, դիվեսիոն գործողություններ էինք անում, այդ տղան մինչև 93 թվականը մեզ հետ էր»:

Շուշիի ուղղությամբ 120մմ-ոց ականանետով կրակային աջակցություն էր ցուցաբերում Սանյան, երկու ականանետով էլ ինքն էր Ջանհասանի ուղղությունը պահում: Այստեղ էր Այգեստանի 2 ջոկատը՝ Սամվել Հակոբյանի և Գարիկ Դադայանի հրամանատարությամբ:

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը սկսում են Ջանհասանի ուղղությամբ գրոհը:  Մի պահ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, մերոնք ընկնում են շրջափակման մեջ, »Կումայրի« ջոկատը 18 զոհ տվեց, 3-ն էլ՝ Այգեստանի ջոկատից, ստիպված էին հետ քաշվել դեպի Խնածախ, մինչև օգնության հասնեին:

Ջանհասանի ուղղության 2-րդ մարտը սկսվեց մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Շուշիի ազատագրմանը զուգահեռ: Թուրքերը լրացուցիչ ուժեր նետեցին մեր ուղղությամբ, թեժ մարտեր էին ընթանում, սակայն ականանետն, ի վերջո, իր գործն արեց:

«Շուշին անհավատալի մի բան էր, բոլորս պատրաստ էինք մեր կյանքը տալ, միայն թե ազատագրեինք թշնամու որջը, որը կրակե հեղեղ էր թափում Ստեփանակերտի վրա, քաոսային վիճակ էր: Բարեբախտաբար, այն հաջողությամբ պսակվեց» — վերհիշում է ռազմագործողության մասնակիցը, — «Հակառակորդի թողած զենք-զինամթերքն անսպառ էր, իսկ մեր ամեն մի արկը հաշվարկված էր»:

Մայիսի 10-ին Շուշիում հաղթական տոնախմբություն էր: Շուշիից հետո հրաման եղավ անցնել Լաչինի ռազմագործողությանը:

Իսկ մինչ այդ, մայիսի 12-ին մերոնք հակագրոհի անցան Շռլանի ուղղությամբ, ազատագրելով թուրքական 12 գյուղ, «Այստեղ միայն մի տեղ հանդիպեցինք հակագրոհի՝ Զարուսլու գյուղի մոտ, ուր, Շուշիից փախչողներն էին կենտրոնացել, նրանց մեջ կային վարձկան չեչեններ, արաբներ: Բայց արդեն բավականաչափ զենք ու զինամթերք ունեինք, Շուշիի ոգևորությունն էլ մեծ էր, հաղթական առաջընթացը ոչ-ոք չէր կարող կասեցնել, մայիսի 17-18-ին Լաչինի միջանքն ազատագրված էր, 19-ին արդեն բաց էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Ստեփանակերտը շրջափակումից դուրս եկավ, վերականգվեց մայր Հայաստանի հետ կապը»- վերհիշում է Գարիկ Ավանեսյանը:

Իսկ մարտական գործողությունները դեռ շարունակվում էին…

Լիլիա Բաղրյան

1