Վերանորոգվել է 1-ին կարգի հաշմանդամի տունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վերանորոգվել է 1-ին կարգի հաշմանդամի տունը

Վերանորոգվել է 1-ին կարգի հաշմանդամի տունը

Ապրիլյան պատերազմից հետո «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը կյանքի է կոչել վիրավորված զինվորների բնակարանային խնդիրների լուծման ծրագիրը: Նախաձեռնած դրամահավաքի գումարով մեկ տարվա ընթացքում վերանորոգվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված հինգ, Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված մեկ զինծառայողի՝ ասկերանցի Սամվել Մեժլումյանի բնակարանը։

Սամվել Մեժլումյանը ձեռքերի սահուն շարժումով այս ու այն կողմ է շրջում էլեկտրական սայլակի ղեկը, մտնում վերանորոգված հյուրասենյակ, բաղնիք, այնուհետեւ ղեկն ուղղում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված խոհանոցը։

IMG_0710

«Մինչ տունը վերանորոգելը՝ միայնակ չէի կարողանում մնալ տանը։ Խոհանոցն ու բաղնիքն առաջին հարկում էին, ես էլ չէի կարողանում իջնել։ Հիմա բոլորիս հոգսը թեթեւացել է, ոչ մեկին նեղություն չեմ տալիս»,- հպարտ-հպարտ ասում է նա։

Բարի ժպիտով Սամվելն այն մարդկանցից է, որ մինչ օրս կրում է Արցախյան պատերազմի հետքերը։ 1992 թվականի մայիսի 23-ին վեց ամսվա դիրքապահ էր, երբ Ստեփանակերտից Ասկերան վերադառնալու ճանապարհին վիրավորվեց։ Սամվելի կիսատ թողած գործը շարունակեցին նրա մարտական ընկերները, իսկ ճակատագրի վճռով սայլակին գամված Սամվելին սպասում էր մեկ այլ պատերազմ հիվանդանոցներում՝ ողջ մնալու պատերազմ։

IMG_0690

25 տարվա ընթացքում Սամվելը հինգ վիրահատություն է տարել։ Ձախ ոտքն անդամահատված է ազդրի շրջանում, աջը՝ ծնկից ներքեւ։ Վիրավորվելուց 25 տարի անց՝ մայիսի 23-ին Սամվելը հերթական վիրահատության է։

«Ոչ մեր երկրի հարցն է լուծվել, ոչ էլ իմ: Մեր կռիվն անվերջ է։ Ուղղակի պետք է ուժեղ լինենք»,- ասում է Սամվել Մեժլումյանը։

Սամվելն առաջին կարգի հաշմանդամ է, սակայն պատերազմից հետո նստակյաց կյանքի հետ չհամակերպվեց. սեփական հացի փուռ բացեց եւ ինչով կարողանում էր օգնում էր։

«Հիմնականում հացն էի բաժանում, այդ ընթացքում էլ զրուցում ժողովրդի հետ: Օրս անցնում էր»,- պատմում է նա եւ ասում, որ մի քանի տարի աշխատելուց հետո առողջականը տեղի տվեց եւ հացի փուռը փակեցին։

IMG_0739

Ս․Մեժլումյանն իր տանն ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ. ունի երեք թոռ։ Մայիսի 16-ին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրինությունն այցելել էր Սամվելին՝ շնորհավորելու եւ նրանից կատարված աշխատանքի գնահատականը լսելու։

«Շատ գոհ եմ: Մնում է խաղաղություն լինի, մենք էլ վայելենք մեր տունը»,- հայտարարեց Սամվելը։

IMG_0696

«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի խոսքով՝ Սամվելի տան վերանորոգման ծախսը կազմել է 12 000 ԱՄՆ դոլար:

IMG_0685

«Սա ամենաքիչն է, որ ի նշան երախտագիտության՝ հիմնադրամը կարող է անել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը վտանգած հերոսների համար: Մենք շարունակելու ենք վիրավորված ամենակարիքավոր զինվորներին հնարավորինս օգտակար լինել։ Հաջորդ տունը Պատարա համայնքում ենք   վերանորոգելու։ Շինարարական աշխատանքները մեկնարկելու են երկու ամսից»,- նշել է Րաֆֆի Դուդակլյանը։

Լուսինե Թեւոսյան

1