Վերականգնողական բուժում․ զինհաշմանդամները պայքարում են լիարժեք կյանք վերադառնալու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վերականգնողական բուժում․ զինհաշմանդամները պայքարում են լիարժեք կյանք վերադառնալու համար

Վերականգնողական բուժում․ զինհաշմանդամները պայքարում են լիարժեք կյանք վերադառնալու համար

Անհնարը հնարավոր դարձնելու պայքար: Ծառայության ժամանակ վիրավորում ստացած տղաները հենց այսպիսի պայքար են մղում լիարժեք կյանքի վերադառնալու համար: Այս գործում չափազանց կարեւոր է, որ նրանք ժամանակին եւ ճիշտ բուժում ստանան: Իսկ դրա համար արդեն անհրաժեշտ են համապատասխան պայմաններ ու լավ մասնագետներ: Բժշկական համալսարանն ու մի խումբ մարդիկ ջանք չեն խնայում այս ամենն ապահովելու համար: Թիվ մեկ հիվանդանոցային համալիրն էլ այսօր Գերմանիայում վերականգնողական կլինիկա ունեցող մեր հայրնեակցին է հյուրընկալել:

Արկադին դժվարությամբ, բայց արդեն հաստատուն քայլերով մուտք է գործում այն սենյակ, որտեղ օրական մի քանի ժամ մարզվում է: 9 տարի միայն սայլակի օգնությամբ տեղաշարժվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում գրանցած արդյունքն ավելի քան գոհացուցիչ է: Նա վիրավորվել է ծառայության ժամանակ, բայց բուժման հետեւողական ընթացք չի անցել: Շատերի համար, սակայն, նա այսօր անհնարը հնարավոր դարձնող պայքարի խորհրդանիշն է: Այս հարցում իհարկե մեծ դերակատարություն ունեն նաեւ նրա հետ հսկայական աշխատանք տարած մասնագետները:
«Եթե Դավիթն է պարապում, կքայլեմ 100 տոկոս, շատ հույս ունեմ»,- ասում է Արկադի Մկրտչյանը:

Արկադին շատ է ոգեւորված կատարված փոփոխությամբ՝ արդեն կարողանում է ինքնուրույն նստել, պարապմունքները երբեմն ծանր են լինում, բայց չի տրտնջում: Շատ է աշխատում, որ մինչ ծննդյան օրը՝ սեպտեմբերի 6-ը, կարողանա ինքնուրույն քայլել ու մեքենա վարել: Հյուրերի հետեւից անձամբ է գնալու:

«Շատ-շատ մարդու պիտի տանեմ իմ ծննդյան օրը ուրախանանք, քեֆ անենք»,- ասւոմ է Արկադին:

Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Հրաչյա Շալջյանը, ով 20 տարի է՝ Գերմանիայում է ապրում, եկել է համալսարանական թիվ մեկ կլինիկայի կինեզիոթերապիայի սենյակի եւ աշխատողների հնարավորություններին ծանոթանալու: Նա ղեկավարում է մի կլինիկա, որը զբաղվում է կոմայի մեջ գտնվող հիվանդների վերականգնողական բուժմամբ: Ասում է՝ պետք է օր առաջ սկսել բուժումը: Եկել է՝ հասկանալու՝ ինչով կարող է օգտակար լինել նոր բացվելիք վերականգնողական կենտրոնին:

«Հնարավոր է՝ մենք էլ կարող ենք որոշ բաներով օգնել, որ ուրիշ մակարդակի գործիքներ գան, որ կարողանանք էս տղաներին ոտքի կանգնեցնել»,- նշում է  Հրաչյա Շալջյանը:

Բժշկական համալսարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կինեզիոլոգներից երկուսը վերապատրաստում անցնեն գերմանական կենտրոնում:

«Սխալ չի լինի, եթե այդ համագործակցությունը շուտ սկսենք եւ ինչքան հնարավոր է երկար տանենք»,- ասում է նա:

Ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանը վիրավորվել է փետրվարի 8-ին՝ հակառակորդի դիպուկահարի գնդակից: Կինեզիոլոգ Դավիթ Պարյանը Կորյունի հետ վերականգնողական բուժումը սկսել է, երբ դեռ նա կոմայի մեջ էր: Դա օգնում է, որ նյարդային համակարգը շուտ վերականգնվի, պարկելախոցեր չառաջանան: Կորյունն արագ է վերականգնվում:

«Այս ժամկետի համար՝ վնասումից հետո այնքան էլ շատ չի անցել, բավականին լավ ցուցանիշ է, ինքն էլ ժամանակին սպորտով է զբաղվել, շատ ուժ ունի իր մեջ եւ դա իրեն զգացնել է տալիս»,- ասւոմ է Կինեզիոլոգ Դավիթ Պարյանը:

Հայաստանում վերականգնողական բուժումը, Դավիթի խոսքով, նոր զարգացող ուղղություն է, եւ մեծ փորձառություն ունեցող երկրներում վերապատրաստումն իսկապես օգտակար կլինի իրենց համար:

Համալսարանական թիվ մեկ կլինիկայում այժմ վերականգնողական բուժում են անցնում 4 զինհաշմանդամ, մեկն էլ շուտով կավելանա: Այստեղ գալուց հետո ապրիլին Մատաղիսում վիրավորված Դանիելը ոտքն ուղիղ է դնում, կարողանում է շարժել ձախ ձեռքի դաստակն ու ձախ ոտքի թաթը: Ասում է՝ չի կոտրվում, երբեմն ուղղակի բարկանում է իր վիճակից. անհամբեր պասում է հիվանդանոցային կյանքին հրաժեշտ տալուն:

«Որ կարողացա ձախ ձեռքս աջի պես փակել բացել, ուզում եմ գնամ իմ հին դիրքերը տեսնեմ, վերջապես իմ տեխնիկան վարեմ էլի, շատ եմ կարոտել, ումից էլ հարցնեք, բոլորը կասեն, որ Դանիելն այդ տեխնիկան շատ էր սիրում»,- ասում է Դանիել Դավթյանը:

Ալբերտը Ռուսաստանից վերադարձել էր ծառայելու համար: Ապրիլին է վիրավորվել: 28 օր կոմայի մեջ է եղել. երբ արթնացել է, անգամ մորը չի հիշել:

Վերականգնողական բուժումը բավականին արդյունավետ է եղել նաեւ Ալբերտի համար. նոր-նոր է սկսել խոսել, տեսողությունը վերականգնվում է, նորից տառերն է սովորում, բայց վստահ է՝ ավելի արագ է ապաքինվելու:

«Ով ինձ տեսել է էն ժամանկ ու հիմա, ասում է՝ սա ուղղակի հրաշք է, սենց բան չի լինում»,- ասում է Ալբերտ Դալլաքյանը:

Անի Ռափյան

1