Վառ գույների ցուցադրություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վառ գույների ցուցադրություն

Վառ գույների ցուցադրություն

Երևանում՝ «Թեքեյան կենտրոն»-ի «Արամ և Գոհար Խաչատրյաններ» ցուցասրահում հունվարի 22-ին կայացավ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, նկարչուհի Անահիտ Ըռքոյանի նկարների անհատական ցուցահանդեսի բացումը: Մշակութային այս գեղեցիկ միջոցառումը, որը նվիրված է Արցախյան շարժման 30 ամյակին, կայացավ նկարչուհու աշխատասիրությամբ և հովանավորների՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն՝ Արմեն Ծուլիկյան, Քաշաթաղի շրջվարչակազմի և «Հայրենասեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի աջակցությամբ: Ցուցահանդեսում Ա. Ըռքոյանը ներկայացրել էր 5-6 տարիների ընթացքում իրականացրած ստեղծագործություններ՝ գունանկարներ, գրաֆիկա, մանրանկարներ և այլն: Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգում հիմնական կրթություն ստանալուց հետո՝ 2011-ին, ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջ: Ավարտելուց հետո ուսումը շարունակում է ՀՀ գեղարվեստի պետ. ակադեմիայում. ուսանում է 3-րդ կուրսում:

Բացման խոսքում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ա. Ծուլիկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց Ա. Ըռքոյանին, կարևորեց երիտասարդ արվեստագետներին աջակցելը:

— «Թեքեյան կենտրոն»-ի 2018 թվականի առաջին միջոցառումն է այսօր, սիրով ներկայացնում եմ երիտասարդ արվեստագետ, ստեղծագործող Անահիտ Ըռքոյանին, ում առաջին անհատական ցուցահանդեսն է: Նրա նկարներում տեսնում ենք երիտասարդական նոր խոսք՝ լուսավոր ու լավատես, — նշեց Ա. Ծուլիկյանը: Ցուցահանդեսին Քաշաթաղի շրջանից ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ղեկավարի օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստ. Սարգսյանը, կրթթության և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներ: Ա. Մխիթարյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով նկարչուհուն, նշեց, որ ցուցահանդեսը հաջողված է: Ասաց՝ Անահիտը, ով մեծացել է Քաշաթաղի շրջանում, իր մեջ հաղթահարել է բազում դժվարություններ, դրսևորել կամք, և ահա՝ արդյունքը: Հավելեց, որ նման երիտասարդներով է նաև այսօր հպարտ Քաշաթաղը, որտեղ հայրենասեր, խելացի և տաղանդավոր սերունդ է մեծանում:

Ա. Ըռքոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, իր առաջին անհատական ցուցահանդեսի կայացմանն օժանդակողներին՝ ասելով, որ սիրով ցուցահանդեսը նվիրել է Արցախյան շարժման 30 ամյակին:

— Ապրելով Արցախում՝ չէի կարող բաց թողնել այս առիթը: Իմ աշխատանքներում գլխավորը գույներն են, որը ցույց է տալիս իմ՝ արցախցի լինելու և կյանքին դրական վերաբերվելու նշան, — ասաց Անահիտը և հավելեց, որ ներկայացրել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծած աշխատանքները: Գեղարվեստի ակադեմիայի գունանկարչության և կոմպոզիցիայի դասախոս Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Անահիտն իր ուսանողուհին է, արդեն 1 տարի է, ինչ աշխատում են միասին:

— Նա իր աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և մասնագիտությունը սիրելու շնորհիվ լուրջ արդյունքի կհասնի: Ցուցադրությունում յուրաքանչյուր աշխատանք ունի իր ասելիքն ու խոսքը, — նշեց Ա. Հովհաննիսյանը և հաջողություններ մաղթեց երիտասարդ նկարչուհուն: Օրվա ընթացքում ցուցասրահ այցելեց նաև ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով ծանոթացավ աշխատանքներին, գնահատեց դրական նաև խորհուրդներ տվեց նկարչուհուն: «Վահագն» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Կարո Կարապետյանի կողմից Ա. Ըռքոյանը պարգևատրվեց պատվոգրով: Էջմիածնի քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանն ասաց՝ տպավորված է ցուցադրությամբ և հավատացած, որ Անահիտը մեծ հաջողության կհասնի, եթե այդպես ջանասիրաբար աշխատի և ստեղծագործի: Քարանձավագետ Սամվել Շահինյանը նշեց՝ լավ աշխատանքներ են հիմնականում ցուցադրված, հաջողություններ մաղթեց նկարչուհուն: Միջոցառումն ընթացավ երիտասարդ ջութակահարների երաժշտական կատարումներով: Նախատեսված է՝ փետրվարին ցուցահանդեսը տեղափոխել Արցախ:

Զոհրաբ Ըռքոյան

1