Գասպար Կարապետյան. Վաղ թե ուշ Եվրոպան պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը. Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գ. Կարապետյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Շաբաթվա հյուրը » Գասպար Կարապետյան. Վաղ թե ուշ Եվրոպան պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը. Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գ. Կարապետյան

Գասպար Կարապետյան. Վաղ թե ուշ Եվրոպան պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը. Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գ. Կարապետյան

ՀՅԴ Հայ Դատի  Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն օրերս Արցախում էր: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը  Արցախում կայացած միջազգային գիտաժողովի համակազմակերպիչն է: Ստորեւ ներկայացնում ենք <<Ապառաժ>>-ի հարցազրույցը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

 

Արցախում օրերս կայացած միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ է հանդիսանում Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: Առհասարակ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը ինչ նպատակներ  են հետապնդում:

 

-Համագործակցելով Արցախում համապատասխան հանձնաժողովի հետ` ցանկություն հայտնեցինք Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպել միջոցոռում, որը կկրի գիտական եւ քաղաքական բնույթ: Եվ ըստ այդմ որոշեցինք, որ Եվրոպական մի համալսարան նույնպես պետք է ներգրավենք այդ գիտաժողովում  որպես համակազմակերպող, կարծում ենք, որ  գիտական աշխարհում եւս Արցախի համար դուրս գալու դուռ կբացվի:

 

Հայ ժողովրդի մեծ բարեկամ, Լուվենի կաթոլիկ համալսարանի նախկին ռեկտոր  պրոֆեսոր Բեռնարդ Կուլիի օժանդակությամբ կարողացանք գիտաժողովին որպես համակազմակերպող ընդգրկել նաեւ Լուվենի համալսարանը, որի դասախոսներից մեկն արդեն իսկ զբաղվում է Արցախի հարցի ուսումնասիրմամբ: Հայաստանից եւ Ռուսաստանից հրավիրյալների հարցերով զբաղվել է Արցախի պետական հանձնաժողովը: Գիտաժողովի գիտական բաժնում Հայաստանից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Եվրոպայից ժամանած մասնակիցները պետք է ներկայացնեին արտաքին աշխարհի ըմբռնումներն ու մոտեցումները, որոնք վերաբերում են  Արցախյան հարցին: Գիտաժողովին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված է հայ ժողովրդի բարեկամ տիկին Էլենի Թեոխաուսը, Բելգիաց հատուկ հյուրի կարգավիճակով ներկա է Բելգիայի Սենատի պատգամավոր Անդրե դե Բուս դե Վարնաֆը եւ Բելգիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան Կլոդ դե Ֆոսեն, ով առաջին անգամ է այցելում  Արցախ: Եվրոպայից ժամանած պատվիրակության կազմում կան երկու լրագրողներ Հունաստանից եւ Բելգիայից, ովքեր վերադառնալուն պես իրենց երկրներում կներկայացնեն Արցախի այսօրվա իրականությունը:

 

Այս գիտաժողովը երկու թիրախ ունի` մեկը գիտական զեկուցումների ճանապարհով` փնտրելով տեսնել անցյալը եւ ներկան, ինչպես նաեւ  գտնել ապագայի լուծումներ: Եւ երկրորդ թիրախը` հնարավորինս շատ օտարերկրացիներ, քաղաքական դեմքեր այցելեն Արցախ եւ իրենց սեփական աչքերով տեսնեն, որ Արցախը կայացած մի երկիր է, որը Եւրոպական երկրների ունեցած ժողովրդավարական սկզբունքներից նախանձելու շատ բան չունի եւ այդ մնայուն գործընթացի մեջ է: Եւ այստեղ ապրում է մի ժողովուրդ, ով ցանկանում է առաջադիմել: Եւ ի վերջո պետք է նկատի առնվի, որ կա մի իրականություն, որն այլեւս չի փոխվելու: Եւ վաղ թե ուշ, Եվրոպան պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը:

 

Վերջին ժամանակներս Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են այցելում եվրոպացի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ովքեր իրենց սեփական աչքերով են տեսնում Արցախի ներկան, ովքեր հանդիպում են երկրի ղեկավարի եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Ինչ եք կարծում, այդ այցերը ինչ պտուղներ կարող են տալ եւ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ այցելություններից:

 

 -Այս ամենը բնականաբար պատահական չի արվում: Հայ Դատի հանձնախմբերը, որոնք 1960-ական թվականներին սկսեցին գործել, բնականաբար արդեն իսկ ամեն ինչ ծրագրված էր: Մինչ 1988 թվականը չէր թույլատրվում բարձրացնել Արցախի կամ Ջավախքի հարց: Այդ տարիներին  ցանկացած քայլ, կամ նախաձեռնություն Արցախի կամ Ջավախքի հետ կապված, հնարավոր էր ավելի շատ վնասեր` օգտակար լինելու փոխարեն, այդ իսկ պատճառով հանձնախմբերի թիրախում Ցեղասպանության ճանաչումն էր: Իհարկե, մենք մեր ծրագրերի վերջնակետին դեռ չեք հասել, բայց այն ինչ-որ չափով իր պտուղներն արդեն  տվել է: Անշուշտ, մենք պետք է փորձենք այդ հարցում հասնել վերջակետի: Արցախի պարագայում ամեն ինչ հասունացման փուլում է գտնվում:

 

Հայ Դատի հանձնախմբերը բոլոր այն երկրներում, որտեղ կառույցներ եւ գրասենյակներ ունեն, տարիներով աշխատանքեր են ծավալում տարբեր ուղղություններով: Բնականաբար, շատ հաճախ հանդիպում ենք դժվարությունների, այլ երկրներում փորձում ենք համոզել մարդկանց, որովհետեւ մեր դեմ ունենք մի երկիր, որը միլիադավոր դոլարներ է ծախսում եւ կեղտոտ ձեւերով է աշխատում, հիմնականում կիրառելով կաշառելու կամ սպառնալիքներ գործածելու մեթոդներ: Այլեւս գալիս են ժամանակներ, որ մեզ համար ավելի դյուն է դառնում մարդկանց իրականության մասին իրազեկելը եւ համոզելը:

 

Մենք դրսում համոզված ենք, որ եթե մեկը գա Արցախ, նա անպայման տեսնելու է կայացած մի պետություն, պետք է տեսնի, որ Արցախը  մի երկիր է, որն առաջադիմում է: Արցախը մի հանրապետություն է, որտեղ ժողովուրդն աշխատում է, այս երկրում կա վստահություն եւ ապահովություն, ինչը բացակայում է իրենց իսկ երկրներից շատերում: Այս երկրում մարդիկ ցանկացած ժամի կարող են դուրս գալ եւ զբոսնել առանց վախենալու: Իսկ երբ այս ամենը նրանք տեսնում են եւ վերադառնում` դառնում են այն ջատագովներն, ովքեր իրենց տեսածի մասին պատմում են իրենց երկրներում: Այսօր այդ մարդկանց թիվը բավական փոքր է, սակայն այդ շրջանակը կամաց-կամաց պետք է  մեծանա, դա շատ կարեւոր է: Մոտենում է այն  ժամանակը, որ Արցախի Հանրապետությունը կնդունվի ճանաչված երկրների ընտանիքում:

Անշուշտ, որտեղ որ Արցախի Հանրապետությունն ունի ներկայացուցչություններ, մենք  համագործակցում ենք նրանց հետ:

 

— Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ինչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել կապված Արցախ հետ: Կա արդյոք հստակեցված ծրագիր:

 

-Կան բավականին ծրագրեր, որոնց մասին այսօր կարող եմ արդեն հայտարարել: Եւ կան բավականին ծրագրեր, որոնց մասին չեմ կարող հայտարարել`ինչ ինչ համանգամանքներից ելնելով: Մեր նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի հետ Եվրոպայի բարեկամության խումբը, որի նախահագը տիկին Թեոխարուսն է: Մենք արդեն այդ խմբի գործունեության առաջին պտուղները տեսել ենք այս տարվա ապրիլի 24-ին: Պատվիրակությունն այցելել է Հայաստան, այնուհետեւ Արցախ: Ծրագիր ունենք, այս տարի նոյեմբերին  եւս այցելել Արցախ:

 

Առաջիկայում Հունաստանից մի պատվիրակություն կայցելի Արցախ: Անշուշտ պետք է աշխատանքեր տանենք, որպեսզի ուրիշ երկրների Խորհրդարաններից էլ պատգամավորներ իրենց հետ այցելեն այստեղ:

 

Մեր թիրախը երկու ուղղությամբ է լինելու` մեկը համաեվրոպական  կազմակերպությունները եւ մյուսը` ազգային կառույցները, որոնք ի վերջո հիմնական դերակատարը պետք է լինեն Արցախյան հարցի գործընթացում: Ծրագրում ենք Արցախում կազմակերպել երկրորդ գիտաժողովը, այն կլինի 2014 թվականին:

Մեր հաջորդ ծրագրերից է նաեւ Արցախից պատվիրակներ տանել տարբեր երկրներ  եւ ներկայացնել դրսում: Այդ ուղղությամբ եւս աշխատանքեր են տարվում:

 

Արցախ այցելած բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական եւ մշակութային գործիչներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում: Երբ Արցախ պաշտոնական այցեր եք նախատեսում, քաղաքական գործիչները, պաշտոնյաները մտահոգություն չեն հայտնում այդ ուղղությամբ:

 

-Այն մարդիկ, ովքեր պետք է գան Արցախ, նրանք հենց սկզբից էլ գիտեն այդ մասին: Վերջերս Ադրբեջանը հրապարակեց 335 անուն, որոնք հայտնվել են իրենց սեւ ցուցակում: Այն տպավորությունն ունեմ, որ նույնքան թվով մարդիկ էլ իրենց անձնագրերի պատճեններն ու լուսանկարներն ուղարկեցին Ադրբեջան, որպեսզի իրենց էլ մտցնեն այդ սեւ ցուցակի մեջ: Ադրբեջանի սեւ ցուցակի մեջ մտնելը մարդիկ <<պատիվ>> են համարում: Այն մարդիկ, ովքեր այցելում են ԼՂՀ` մտահոգված չեն, իսկ ովքեր մտահոգված են` միայն այն մարդիկ են, ովքեր կարող են կաշառվել ադրբեջանցիների կողմից կամ միտք ունեն այնտեղ բիզնես դնելու կամ օգտվելու Ադրբեջանի տված <<գրավիչ>> հնարավորություններից: Այն մարդիկ, ովքեր իրական քաղաքական դեմքեր են, ովքեր վստահ են իրենց առաքելության մեջ, ովքեր իսկապես ընտրվել են  եւ իրենց առաքելությունն է մարդկային իրավունքների հավասարությունը` այդ մարդիկ որեւէ խնդիր չեն տեսնում եւ որեւէ մտահոգություն չեն հայտնում:

 

 Անի ԱԶԱՏՅԱՆ

 

1