Վաղուց արդեն փոխվել է ստատուս քվոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Վաղուց արդեն փոխվել է ստատուս քվոն

Վաղուց արդեն փոխվել է ստատուս քվոն

Արդեն 4 ամիս է, որ տարբեր մակարդակներում յուրաքանչյուր վերլուծաբան, հոդվածագիր, քաղաքական գործիչ եւ, ինչու չէ, ապագան վերլուծող տաքսիստ ու «բեսեդկում» նստած թաղի տղա քաղաքական վերլուծությունը սկսում է «ապրիլյան քառօրյա պատերազմից հետո» նախադասությամբ:

 

Նշանակում է, որ 2016 թվականի ապրիլից մեր հավաքական մտածողությունը անկյունաքարային շրջադարձի է ենթարկվել: Այն տեղի է ունեցել` անկախ մեր կամքից, անկախ նրանից, դա մեզ հարմար է, թե ոչ: Բոլորի միտքը այլեւս այլ հորիզոնից է նայում իրականությանը: Փոխվել է համայնապատկերը, իսկ այդ համայնապատկերում նոր երեւույթներ են նշմարվել, որոնց մասին թերեւս հինգ ամիս առաջ ոչ գիտեինք, ոչ մտածում էինք, կամ էլ` փակ թեմաներ էին:

 

Այս բոլորը անժխտելի իրականություն է, որն այլ կերպ ասած «ստատուս քվոյի» փոփոխություն է: Իսկ այս փոփոխված ստատուս քվոն շատ ավելի խորքային էր, քան սահմանների կամ ռազմական հնարավորությունների եւ կարողությունների հավասարակշռությունը: Այլեւս նախկին կյանքով ապրելը փոփոխել ո՛չ հնարավոր է, ո՛չ թույլատրելի եւ ո՛չ էլ ընդունելի:

 

Այն մարդիկ, ովքեր 25 տարի առաջ տեսել են պատերազմը, ապրիլին վերապրեցին պատերազմը եւ ականատեսը եղան, որ նոր սերունդը, այն տղաները, որոնք միայն լսել էին պատերազմի մասին, ոչ մի բանով պակաս չեն իրենց նախորդ սերնդից, եւ ինչպես այն սերունդը փոխեց, հիմա էլ այս երիտասարդներն են փոխել ստատուս քվոն եւ պատրաստ են ավելին անելու:

 

Երիտասարդներին համարում էին գալիք սերունդ, որոնց պետք է վստահենք մեր ապագան, Հայրենիքի ապագան, սակայն այդ ապագան շատ շուտ վրա հասավ, դարձավ ներկա: Դիրք բարձրացած, արյուն տեսած, թուրքին կրակած երիտասարդը այսօր հայտ է ներկայացրել ղեկավարելու, կերտելու ոչ միայն ապագան, այլ պարտադրելու նոր կյանքի օրենքներ: Այդ հայտը լուրջ է:

 

Կյանքի ստատուս քվոն, քաղաքական ստատուս քվոն, ինչպես նաեւ մտածողության ստատուս քվոն փոխվել է, եւ նախանձելի չէ այն մարդկանց վիճակը, ովքեր չեն զգում այդ փոփոխությունը եւ շարունակում են ցանկանալ վերադառնալ իրենց «բնականոն» կյանքին:

 

Նոր սերնդի հայտը շատ լուրջ եւ ծանրակշիռ կերպով հնչեց հայկական համարյա բոլոր ԶԼՄ-երով, այն 18-20 տարեկան տղաների միջոցով, որոնք ժպիտը դեմքներին եւ թախիծը աչքերում պատմում էին «անպատմելին»: Այդ վկայությունները թող դառնան հայկական դիվանագիտության եւ քաղաքագիտության ամբիոնների գլխավոր դասագիրքը: Արցախի կարգավիճակի մասին կարծիք հայտնող յուրաքանչյուր քաղաքական գործիչ, առավել եւս միջազգային հարթակներում հանդես եկող, բանակցող անհատ թող իր ականջին օղ անի Արցախի նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի խոսքերը. «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա…»:

<<Ապառաժ>>-ի խմբագրական, 18 հուլիս, 2016թ.

1