Վահրամ Բալայան. Ալիեւի ծրագրերը ձախողվեցին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Վահրամ Բալայան. Ալիեւի ծրագրերը ձախողվեցին

Վահրամ Բալայան. Ալիեւի ծրագրերը ձախողվեցին

Գերտերությունների լուռ համաձայնությամբ Բաքուն փորձեց զենքով ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ՝ զիջումներ ստանալու նպատակով: Այս մասին  news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը:

 

Նրա խոսքով, Ադրբեջանը երկար տարիներ ձգտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող տարածքներից կտորներ պոկել: «Նպատակն է ադրեջանական ժողովրդին ցույց տալ, որ նրանք կարող եեն խնդիրը լուծել զենքի օգնությամբ: Նրանք միշտ իրենց ժողովրդին ասում են, որ բավականաչափ զենք ունեն, իրենց բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ապրիլյան ագրեսիայով Ալիեւի ռեժիմը փորձեց կյանքի կոչել իրենց իսկ ստեղծած առասպելը: Բայց կարծում եմ՝ նրանց դա չհաջողվեց»,- ընդգծեց Վահրամ Բալայանը:

 

Ըստ նրա, չնայած հայկական կողմը որոշակի կորուստներ կրեց, Ադրբեջանը, ամեն դեպքում, չհասավ նպատակին. մեծ կորուստներ կրելով՝ նրանք հասկացան, որ առաջ շարժվելն ու Ղարաբաղը գրավելն այնքան էլ դյուրին չէ:

 

«Ադրբեջանը նպատակ ուներ ստուգել հայկական կողմի պատրաստվածության մակարդակը, հոգեբանական ճնշում գործադրել խաղաղ բնակչության վրա եւ փորձել իրականացնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակը: Եվ պատահական չէ, որ նրանք ձախողվեցին՝ հրադադար խնդրելով: Այդ մասին է վկայում նաեւ Ալիեւի դեմքի արտահայտությունը Վիեննայի հանդիպման ժամանակ: Ակնհայտ էր, որ նրա երազանքը չիրականացավ»,- ամփոփեց Վահրամ Բալայանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ:

1