Վահան Տերյանը եւ Հայկական հարցը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վահան Տերյանը եւ Հայկական հարցը

Վահան Տերյանը եւ Հայկական հարցը

Ազգային բեկված կյանքի ճանապարհին Վահան Տերյանը մշտապես կանգնած էր հաստատ, ծանր մտորումներով, միացյալ, անկախ, հոգևոր Հայաստանի վերակերտման համառ որոնումներով: Դա նա ապացուցեց թե՛ իր գրական, թե՛ քաղաքական գործունեությամբ: 1914 թ. Նվարդ Թումանյանին հղած նամակում գրում էր. «Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու… Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօգնական»:

Տակավին Թիֆլիսում սովորելիս տասներեքամյա Վահանը հաճախում էր ժամանակի ազգային-հեղափոխական պատանեկան միության` «Ծիածան»-ի ժողովներին: «Անենահրատապ խնդիրը,- հիշում է Պ. Մակինցյանը,- որ ծեծվում էր այդ միջավայրում, Հայկական հարցն էր, տաճկահայերի դատն ու հեղափոխական շարժումը»: «Ծիածան»-ի առաջին նախագահը Ս. Շահումյանն էր, իսկ 1899-ից սկսած` Վահանի ավագ եղբայրը` Արամ Տեր-Գրիգորյանը: 1905 թ. ապրիլին «Ծիածան»-ի գաղափարակիր ընկերուհուն` Շվեյցարիայում գտնվող Ս. Օտարյանին, Տերյանը գրում է. «Անդրանիկի մասին գրածներդ ինձ շատ հետաքրքրում էին, և ես ուզում էի Ձեզ հայտնել նրա մասին` գիտենալով, որ նա այդտեղ է», իսկ մայիսի 6-ի  նամակում խնդրում է. «Ուղարկեցեք Անդրանիկի պատկերը, երևի այդտեղ լավը հանած կլինեն: Շատ շնորհակալ կլինեմ»: 1905-ի նոյեմբերի 9-ի նամակում Ս. Օտարյանին Մոսկվայից հայտնում է. «Այստեղից Կովկաս է ուղարկվում մոտ ժամանակներս 200.000 ռուբլու զենք: Եթե գնալու լինեմ, իհարկե, կարողացածիս չափ կտանեմ»: 1905 թ. դեկտեմբերին Տերյանն արդեն Կովկասում էր, ճեմարանական ընկերոջ` Պ.Մակինցյանի հետ Թիֆլիսում անցնում է Դաշնակցության շարքերը, գործուղվում Շիրակի գյուղեր: Տերյանագիտության մեջ հաճախ շրջանցվել, ավելին, բացասվել է Տերյանի դաշնակցական լինելու փաստը: Տերյանի ընկերը` Ց. Խանզադյանը, հիշում է. «1905 թ. դեկտեմբերին նրանք Կովկաս եկան ու Թիֆլիսում «քննություն» տալուց հետո գրկաբաց ընդունվեցին դաշնակցական պրոպագանդիստներ և ուղևորվեցին Շիրակի շրջանը»: Նույնն է փաստում Տերյանի գաղափարակից ընկերը` Պ.Մակինցյանը. «Իր մերձավոր ընկերներից մեկի հետ անցնում է Շիրակ` հեղափոխական աշխատանք կատարելու նպատակով: Տերյանն անցնում է մոտ 40 գյուղ: Ղոշավանքից անցնում է Անի, որ տեսնում է ձմեռ ժամանակ առաջին և վերջին անգամ»: Ինքը` Տերյանը, 1906 թ. Ս. Օտարյանին գրում է. «Թիֆլիսում մտա Դաշն. կազմակերպության մեջ իբրև պրոպագանդիստ: Մերոնք լավ են այժմ, բավականին զինված են: Մանավանդ «Դաշնակցությունը» մեծ դեր է խաղում և, իմ խորին համոզմունքով, եթե չլիներ նա, շատ տեղերում ոչ մի հայ չէր մնա: Թիֆլիսի ընդհարումների ժամանակ այնտեղ էի և աչքովս տեսա Դաշնակց. կատարած գործը: Կռվի մեջ Դաշնակց. հավասարը չունի, բայց պրոպագանդը շատ թույլ է»: 1906 թ. մարտի 20-ին Տերյանը Ա.Իսահակյանին հայտնում է, որ թարգմանել է Դաշնակցության ծրագիրը և ուզում է հրատարակել: «Մի երեկույթ էլ սարքեցինք ճեմարանում Դաշնակց. վերաբերյալ, ես աշխատեցի ապացուցանել, որ Դաշն. սոցիալիստական կազմակերպություն է, և ծանոթացրի մեր մեծ աշակերտներին ծրագրին»: Նույն թվականին, սակայն, ընդհարվելով դաշնակցական մի խումբ հայդուկների հետ, Տերյանը հեռանում է Դաշնակցությունից: Դաշնակցության և Տերյանի ճանապարհները բաժանվում են` միառժամանակ օտարվելու և հակադարձվելու ընթացքով, իսկ հետագայում չընկալված դարձի դրամատիկ  ավարտով: 1907 թ. Տերյանը գաղափարապես հարում էր արդեն սոցիալ-դեմոկրատներին, բայց նրա քաղաքական կողմնորոշման կիզակետում մշտապես մնաց միացյալ և ազատ հայրենիքի` Նաիրիի գաղափարը: Ազգային կյանքի հեռանկարներով մտահոգ` 1914 թ. «Մշակ»-ում հրատարակում է «Հոգևոր Հայաստան» հոդվածը` նպատակ ունենալով «Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով»: Հոդվածում Տերյանը հաստատագրում էր նաև իր քաղաքական սկզբունքը Հայկական հարցի նկատմամբ. «Ամեն մի հայ պիտի շահագրգռված լինի թուրքահայերի ազատագրումով, ինչ ձևով էլ լինի այդ ազատագրումը»:

Տերյանագիտության մեջ հակասական մեկնաբանությունների և տարակարծությունների առիթ է տվել նաև Տերյանը և կամավորական շարժումը հարցադրումը: Տերյանը հայկական կամավորական շարժմանը չզինվորագրվեց. 1912 թ. նա ազատվել էր զինվորական ծառայությունից, 1917 թ. ևս` «աջ թոքի տուբերկուլյոզի պատճառով ճանաչվելով միանգամայն ոչ պիտանի զինվորական ծառայության համար»: Պոետի համար ճակատագրական եղավ ամուսնությունը Սուսաննա Պախալովայի հետ 1911 թ.: Սուսաննան հիվանդ էր թոքախտով, Տերյանի մոտ հիվանդության ախտաշանները երևում են 1912 թ.:

Պ. Մակինցյանը գրում է, թե Վահան Տերյանը «կամավորական շարժման հանդեպ բռնում է ժխտողական դիրք»: Ց. Խանզադյանը Մակինցյանի վերոնշյալ տողերի լուսանցքում գրել է` Ընդհակառակը: Հուշագիր Խ. Փորքշեյանը ևս գրում է. «Հակառակ էր կամավորական շարժմանը, համարում էր այն վնասակար»: Ո՞րն է իրողությունը: 1915 թ. հուլիսին Տերյանը գրում է, թե չնայած մտքի առարկություններին, շատ էր ուզում կամավոր գնալ: Ի դեպ, կամավոր էր նաև նրա ավագ եղբայրը և գաղափարի նախկին ընկերը` Արամ Տեր-Գրիգորյանը: Մտքի առարկությունն այն էր, որ Տերյանը Հայկական հարցի լուծումը կապում էր ոչ թե ազգային-ազատագրական կամավորական շարժման, այլ Ռուսաստանի արմատական վերափոխման հետ. «Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի և վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ: Մենք թերահավատ ենք դեպի այդ` մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան և կարևոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշե, վճռե հայության ապագայի վիճակը…»: Կամավորական շարժման նկատմամբ թերահավատություն, բայց նրա հերոսական ոգու արժանվույն գնահատում, միաժամանակ ազնիվ մտահոգություն ժողովրդի ֆիզիկական գոյության համար:

Տերյանագիտության մեջ թյուր դիտարկումներ են ամրագրվել նաև Տերյանը և Հայկական հարցը խնդրի շուրջ: Անգամ արժանահիշատակ Հ. Թամրազյանն է թյուր տեսակետ հայտնել, գրելով. «Խոր կսկիծով նա ասում է ավելին` ես չեմ հավատում թուրքահայ հարցի ապագային»: Գրականագետի սույն դիտարկումը թերևս հունի մեջ դնի Տերյանն ինքը, որի` սպիտակ թղթին հանձնված տողերից հարյուրամյակ անց էլ զգացվում է բանաստեղծի հոգեկան ծայրահեղ սրվածությունը դեպի ճակատագրական Հայկական հարցը. «Միթե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք  է տենչալ սրտի բոլոր զորությամբ և մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը»:

Ազգային ճակատագրում կյանքի և մահվան խնդիր դարձած Հայկական հարցի վերապրումը Տերյանի կողմից, անթիվ հույսերի, ցնորքների, մտահոգությունների, կանխազգացումների և դատողությունների բևեռացումը նրա հոգեվիճակում հնարավորինս պատկերացնելու համար վերստին դիմենք Տերյանի` հակասական գնահատականների և բուռն վեճերի արժանացած «Հոգևոր Հայաստան» հոդվածին. «Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այս խնդրով… Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն: Բնական է դրա համար, որ մենք անկարող ենք այդ խնդրի մասին սառնասիրտ խոսել, հանգիստ մտածել: Ավելին կասեմ. մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի` տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառն մտքով, անտարբեր գիտնականի ոճով… Թվում է, թե ոչ դիվանագիտական խճուճ հարաբերությունները, ոչ տնտեսական-հասարակական անսասան օրենքները, ոչ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգի, միահամուռ ու բորբոքուն տենչանքին, այդ տարերային հեղեղի բնույթ կրող, ճակատագրական դրոշմով կնքված ընթացքին: Այդ հոսանքի լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է` «Դեպի Հայաստան»»:

Վերադառնալով Հ. Թամրազյանի դիտարկմանը` նշենք, որ հիմքը թերևս Տերյանի` 1914 թ. ապրիլի 30-ին Թիֆլիսում ընթերցած «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությունն էր, որի ընթացքում, ևս մի անգամ անդրադառնալով հայության ցավոտ խնդրին, Տերյանն ասում է. «Ես տաճկահայկական հարցի լուծմանը Թուրքիայի սահմաններում չեմ հավատում: Լավագույն լուծումն այդ հարցի համարում եմ Ռուսիայի գրավումը տաճկահայկական նահանգների… Տաճկաստանի վերածնությանը ես չեմ հավատում: Իսկ Ռուսիայի ապագան ինձ համար աներկբայելի է: Եվ կապելով իմ լավագույն հույսերը ռուս առաջավոր դեմոկրատիայի հույսերի և բաղձանքները նրա բաղձանքների հետ` ես չեմ տարակուսում, որ չեմ հիասթափվելու»:

Տերյանի ազգային-քաղաքական դիմանկարի վերագնահատումը պահանջում է անդրադառնալ նաև Տերյանը և բոլշևիկյան հեղափոխությունը հարցադրմանը: Հարցի հստակ մեկնաբանությունը կա. «Տերյանը,- նկատում է Հ. Թամրազյանը,- որոշ հակասություններով ընդունում և ըմբռնում է հեղափոխության մի շարք կողմեր, համակրանքով մոտենում այդ մեծ շարժմանը` նկատի ունենալով հատկապես ազգերի ազատագրության և անհատի բարոյական վերածնության խնդիրները»: Ազգային-քաղաքական  հեռահար նպատակներով  անդամակցելով բոլշևիկյան կուսակցությանը` Տերյանը, այնուամենայնիվ,  ի սկզբանե հաստատագրում էր գաղափարական որոշակի վերապահումներ. «Ես, ճիշտ է, համակրել եմ միշտ բանվորական գործին և եղած կուսակցութեանց մեջ քաղաքական և տնտեսական ծրագրերից ամենից շատ համակիր եմ եղել ս-դ-ի ծրագրին, բայց մարքսիստ չեմ բնավ աշխարհայացքի մտքով»:

Ազգային նպատակներով գերմտահոգ` 1917 թ. Տերյանը, թեև հիվանդ և հյուծված, հոգեկան ու ֆիզիկական աներևակայելի լարումով, ինչպես վկայում են ժամանակակիցները, «ամբողջ օրը մեկ ժողովից մյուսն էր վազում, տեղեկություններ հավաքում և ծրագրեր կազմում ապագա Հայաստանի համար»: Անտեսելով խորացող հիվանդությունն ու մահվան վտանգը` Տերյանը տենդագին լարումով մաքառում է Հայկական հարցի համար: 1917 թ. նոյեմբերին գրում է «Թուրքահայաստանի մասին» զեկուցագիրը, նախապատրաստվում Բրեստ-Լիտովսկի բանակցություններին: Ո՞րն էր Տերյանի պահանջատիրությունը Ժողովրդական կոմիսարների կառավարությունից. փաստացի և վճռականորեն պաշտպանել արևմտահայերի լիակատար ազգային ինքնորոշման ձգտումը և օժանդակել այն երաշխիքների ստեղծմանը, որոնք իրական հնարավորություն կտային ինքնորոշմանը: Որպես նախնական երաշխիք` զեկուցագրում Տերյանը ընդգծում էր, որ ռուսական զորքերը չպետք է դուրս բերվեն պատերազմի իրավունքով իրենց կողմից գրավված Հայաստանից, մինչև այնտեղ չստեղծվեն անձնական անվտանգության հաստատուն  երաշխիքներ, և մինչև նոր կարգ չհաստատվի:

1917 թ. նոյեմբեր-դեկտեմբերին «Ընկերներից մեկին»` Մակինցյանին, Տերյանը գրում է. «Ստալինն ասաց` մենք իսկույն ևեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան, և հայերին հնար տրվի ինքնորոշվելու: Ես վիճեցի … Այսօր այդ առթիվ զրույց ունեցա ընկ. Լենինի հետ, որին բացատրեցի, թե ինչու անհրաժեշտ է առայժմ զորքերը չհանել Հայաստանից և պայմանավորել Հայաստանի ինքնորոշումը աքսորվածների վերադարձով և այլ գարանտիաներով: Նա շատ լավ վերաբերվեց և պարզեց, որ երբ ինքն ասում է զորքերը հանել  Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ  հ ա յ ե ր ը   պ ա հ ա ն ջ ե ն   ա յ դ,   որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից, և նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասեր»:

Տերյանի զեկուցագիրը քննվում և հիմք է ընդունվում նույն թվականի դեկտեմբերին: Այն ազդարարում էր. «Ռուսաստանի բանվորական և գյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայատանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն, ի հեճուկս Տերյանի, որպես երաշխիք առանձնանշվում էր նաև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտահայաստանից:

Այդուհանդերձ, կանխագծվում էր Արևմտահայաստանի ազատագրման ուղին. Տերյանը մեծ  սպասումների մեջ էր, սակայն  1918 թ.  մարտի 3-ին  Բրեստում  Լենին- Քեմալ դաշինքի արդյունքում  բոլշևիկյան կառավարությունը Թուրքիային է նվիրաբերում ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի, Արդահանի նահանգները: «Ռուսաստանը կանի այն ամենը, ինչ որ իրենից կախված է, որպեսզի ապահովի իր զորքերի դուրսբերումը Արևելյան Անատոլիայի նահանգներից և վերջիններիս կանոնավոր վերադարձը Թուրքիային: Ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն նաև Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերից»: Կասկածից վեր է, որ հենց այդ օրերին է գրվել Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծությունը: Պատահական չէ, որ Կարսի ողբերգական անկմանը նվիրված իր վեպում` «Երկիր Նաիրի»-ում, Չարենցը, մի առիթով հիշելով իր «սիրելի, վաղաժամ մահացած պոետին», մեջբերում է նրա երկտողը. «Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, // Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման»:

Բրեստի բանակցություններն սկսվել էին 1917 թ. դեկտեմբերի 3-ին: Տերյանը, որ Ազգգործժողկոմատին կից Հայկական գործերի ժողովրդական կոմիսարիատի տեղակալն էր, որպես խորհրդական լիազորված էր Ռուսաստանի պատվիրակության կազմում: Բանաստեղծի եղբայրը` Ներսես Տեր-Գրիգորյանը, հիշում է. «Նա ծիծաղելի ու միամիտ էր համարում իմ անհանգստությունը Բրեստի պատճառով և գրում էր, որ ինքն էլ, եթե գավառում ապրած լիներ, թերևս այդպես մոտենար խնդրին, բայց դա սխալ կլիներ և անհեռատեսություն»:

1918-ին, Բրեստ–Լիտովսկի բանակցություններով գերլարված, Տերյանը հնարավորություն չունեցավ մեկնելու Ստավրոպոլ` իր մահամերձ զավակի կողքին լինելու, սփոփելու կնոջը, որ հողին էր հանձնում իրենց երկրորդ զավակին… Եվ դա ոչ թե հայրական կամ ամուսնական հոգատարության պակաս էր, այլ ահավոր զոհաբերում` ազգային պարտավորության խոր գիտակցումով:

Բրեստ–Լիտովսկից հետո շրջադարձ է կատարվում Տերյանի քաղաքական հայացքների մեջ: Ազգային ու անձնական անվերադարձ կորուստների, չսրբագրվելիք սխալների մղձավանջից ցնցված ` բանաստեղծը սփոփանքի ու ինքնարդարացման նամակ է հղում կնոջը. «Մի բան կասեմ միայն. հավատա, որ այս երկու ամսվա ընթացքում ես ապրել եմ այնքան վիշտ ու թախիծ, որքան չեմ ապրել ամբողջ կյանքիս ընթացքում: Եվ եթե մտածես այդ մասին և աշխատես հասկանալ ինձ, գուցե և ներես…»: Տերյանի այս և մյուս նամակները մնացին անպատասխան: Սուսաննան չարձագանքեց դրանց, մեկնեց անհայտ ուղղությամբ` անհանգստության տագնապ մնալով Տերյանի համար մինչև մահ:

1918 թ. ամռանը Տերյանը` ջլատված, գունատ, ջղային, շրջում էր արդեն Հյուսիսային Կովկասում` հայ գաղթականության օգնության գործը կազմակերպելով: «1918 թ. ամռան ու աշնան ամիսներին ես ստիպված եղա թափառել Աստրախանի շրջանում և Հյուսիսային Կովկասում,- հիշում է Դ. Անանունը:- Այդ ժամանակ էլ նորից հանդիպեցի Վ. Տերյանին և հնարավորություն ունեցա թափանցել նրա բոլշևիզմի խորքը ու հավաստիանալ, որ նոր ուսմունքի մեջ էլ բանաստեղծը մնացել էր իր ժողովրդին հարազատ և անձնվեր»: Սույն` «Հանդիպումներ Վ. Տերյանի հետ» հոդվածը (1920) կանխամտածված շրջանցվել է խորհրդահայ տերյանագիտության կողմից, որովհետև բացառիկ էր Տերյանի ազգային դիմանկարի վերագնահատմամբ և հակասող` բոլշևիկ բանաստեղծի կերպարին: «Վ. Տերյանը խոշոր գումար էր բերել հայ փախստականների համար: Նրան իբրև քարտուղար ուղեկցում էր աստրախանցի Յ.Վ-նը` օտար անվան տակ ծածկված: Բանը նրանումն է, որ Տերյանի Աստրախան եղած ժամանակ տեղի է ունենում միօրյա հեղաշրջում: Յ.Վ-նը հռչակվում է քաղաքի կոմենդանտ: Ձերբակալվում է բոլշևիկյան իշխանությունը, իսկ զինվորական կոմիսարը` սպանվում: Հակաբոլշևիկյան ուժերը որոնում են Վ. Տերյանին, բայց Յ.Վ-նը` իբրև հնօրյա ծանոթ, նրան պատսպարում է իր տանը: Մի օրից հետո գալիս են բոլշևիկները և նորից գրավում Աստրախանը: Այժմ իր հերթին Տերյանն է պատսպարում «հակահեղափոխական» Յ.Վ-նին, տալիս նրան ուրիշ անուն և քարտուղար կարգում իր մոտ… Վ. Տերյանը իր հետ բերած դրամի մի աննշան մասը միայն տվավ Պյատիգորսկի Խորհրդային իշխանություններին: Նա տեսավ այդ իշխանությունների արարքներն ու բարոյականը և սկսեց անվստահությամբ նայել նրանց վրա… Ինձ` «հակահեղափոխականիս»,- շարունակում է Դ. Անանունը,- Հյուսիսային Կովկասում չգնդակահարեցին Ներսիսյան դպրոցից դուրս եկած «հեղափոխական» հայ բոլշևիկները, բայց ուրիշ մտավորականների հետ միասին ձերբակալեցին և բանտ առաջնորդեցին… Վահանը կարմրում էր իր կուսակցական ընկերների արարքների համար: Նա երաշխավոր կանգնեց ինձ ու մի երկու ուրիշ ձերբակալվածների համար և մեզ ազատեց Էսենտուկիի բանտից: Մյուսների համար համառորեն պայքարեց և նրանց ազատությունը պահանջեց… 1918 թ. Բեռլինի լրացուցիչ պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի առաջ ճանաչում էր Վրաստանի անկախությունը: Այդ լուրը ջղայնացրել էր բանաստեղծին: Նա շտապում էր վերադառնալ Մոսկվա, որպեսզի դրդե բոլշևիկներին ճանաչելու նաև Հայաստանի անկախությունը»:

Պ. Մակինցյանը հիշում է. «Երբ նա վերադարձավ Հյուսիսային Կովկասից, այդ մոտավորապես 1919 թ. փետրվարին էր, նա բոլորովին ջարդված էր- թոքախտն արդեն անցել էր կոկորդին»: Այնուհետև` «Հաղորդակցության աներևակայելի դժվարություններից ջարդված, մահվան կնիքը դեմքին, վերադառնում է Տերյանը Մոսկվա: Նորից նա ուզում է կպչել գործի, սակայն այլևս անհնարին էր: Թոքախտն անցել էր աղիքները և կոկորդը, նա հազիվ էր կարողանում շշնջալ»: Ս. Օտարյանը հիշում է. «Պյատիգորսկում բոլորովին անսպասելի տեսա Վահանին` հյուծված, ծայրաստիճան հոգնած, տաքությունը վրան: Հազիվ շնչում էր»:

Երեք տարի` 1917-1919 թթ., Տերյանն ամբողջովին խրված էր պետական գործերի մեջ` քայքայելով առողջությունը. խորապես տուժել էր նաև ստեղծագործական գրիչը: Դեռ 1918 թ. սեպտեմբերին Աստրախանում Տերյանին հյուրընկալած Մ.Վարագյանը հիշում է՝ «գանգատվեց իր ճանապարհորդությունից. մեքենայով գալը քայքայել էր նրա առանց այն էլ թույլ առողջությունը»: 1919 թ. ամռանը Տերյանը մի կարճ ժամանակ մտնում է Մոսկվայի Սոկոլնիկի արվարձանի Չետվերիկովի առողջարան, սակայն, սրտնեղվելով պայմաններից, հեռանում է: Բոլշևիկյան կառավարությունը ոչինչ չարեց Տերյանի առողջության վերականգնման համար, այդ օրերին բանաստեղծին ձեռք է մեկնում բժիշկ Զավրիևը (Զավրյան)` Դաշնակցական կառավարության անդամներից մեկը` առաջարկելով բանաստեղծին ամեն տեսակի աջակցություն Շվեյցարիայում բուժվելու համար: Ըստ Ա. Շահիջանյանի` Տերյանը հրաժարվում է: Հուշագիր Հ. Կուսիկյանը վկայում է. «Մի անգամ չէ, որ նրան դիմում էին կասկածելի անձնավորություններ»:

Տերյանի և Դաշնակցության` 1917-1919 թթ. համագործակցության մասին կան պատմական մի շարք անուղղակի փաստեր, հիշատակվում են Տերյանի ամենամոտ ընկերների և դաշնակցական ակնառու գործիչների համագործակցության մասին, և հիմք են տալիս հետևությունների: Այդ համագործակցության հիմքը թերևս դրվել է 1917 թ. սեպտեմբերին, երբ Թիֆլիսում գործող կուսակցությունների (Դաշնակցություն, Սոցիալիստ-հեղափոխականներ, Սոցիալ-դեմոկրատներ, Ժողովրդականներ) և չեզոք ուժերի մասնակցությամբ գումարված խորհրդաժողովի որոշմամբ ստեղծվում է Ազգային խորհուրդ, որը ստանձնում էր ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը: Ազգային խորհրդի` հայ ժողովրդին ուղղված կոչում ասված էր. «Հայրենակիցներ, փորձություններով հարուստ ու տագնապալից այս օրերում… հայ ժողովրդի բոլոր կենդանի ուժերի համերաշխ գործակցությունը դառնում է գերազանցապես հրամայական»: Զուգադրենք հատվածներ Ռուբենի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» գրքից և Տերյանի նամականուց:

Ռուբեն. «Երևանում կը գտնուէին բոլշեւիկ ղեկավարներից Մակինցեան եւ Արշաւիր Մելիքեան, որոնց հետ Բիւրոյի ներկայացուցիչ Արամը խիստ բարեկամական յարաբերութեանց մեջ էր: Արամի յանձնարարականով և նամակով Մակինցեանը գալիս է Թիֆլիս, ուր մեր կողմից բարոյական օժանդակութիւն է ստանում: Ան խօսք էր տուած Զաւրիեւի, Չիլինգարեանի եւ Ս. Յակոբեանի հետ համախորհուրդ աշխատել մեր օգտին…»:

Տերյանը` կնոջը՝ Ս. Տերյանին (1918, սեպտեմբեր). «Եթե այդ երեք հազարը չբավականացնի, ապա Ռոստովում կարող ես դիմել Սիմեոն Հակոբյանին, իմ բարեկամին, որի հետ ես հաշիվներ ունեմ, և նա քեզ կտա որքան հարկավոր է, մենք հետո նրա հետ հաշիվներս կմաքրենք: Այժմ այստեղ են Սարգիսը, Քսենյան, Պավելը, Արտաշեսը»: Խոսքը Սարգիս Սրապիոնյանի (Լուկաշին), նրա կնոջ` Քսենյա Սրապիոնյանի, Պողոս Մակինցյանի և Արտաշես Կարինյանի մասին է:

Ռուբեն. «Դաշնակցութիւնը անվերապահօրէն թշնամի չէր բոլշեւիկների, … այլ նոյնիսկ ոչ պաշտօնական, բարեացակամ վերաբերմունք ունէր հանդէպ նոցա քաղաքական դիտումներով: Բիւրոյի անդամներից Զաւրիեւ, Շահխաթունի եւ ինքս, աւելի սերտ յարաբերութեանց կողմնակից լինելով բոլշեւիկների հետ, բանակցութեան մէջ մտած էին Թիֆլիսում Շահումեանի, Դանուշի, Նազարեթեանի, Կասեանի … հետ, իսկ Արամը Երեւանում Մակինցեանի հետ: Բոլշեւիկ այս ղեկավարնէր, որ փաստօրէն Անդրկովկասի բոլշեւիկութեան ոգին կը կազմէին, համաձայն էին Հայաստանի անկախութեան եւ Դաշնակցութեան մնալուն, կը սպասէին մեզնից համագործակցութիւն, բայց այդ համագործակցութիւնը կը պայմանաւորուէր իրենց ռէալ զինուորական ուժերի` Անդրկովկասի ճակատներում պահելով: Այդ չկարողացան իրենք անել, որով համագործակցությունը իրենք էին, որ ջուրն էին գցում»:

Ազգային հակումներ ունեցող բոլշևիկ և դաշնակցական համագործակցության վերջնական նպատակը հայկական պետականությունը Արարատի վրա հաստատելն էր, հայ ժողովրդի համար կործանարար Լենին-Քեմալ դաշինքի կանխումը:

1919 թ. մայիսին Տերյանը իր ծուռ խաչը կրելու ճանապարհի վերջին հանգրվանին ինքնաքննադատաբար խոստովանում էր, որ ինքը 1905 թ. լի էր «նացիոնալիստական ու մանրբուրժուական նախապաշարումներով, ենթակա նացիոնալիզմի թունալի հմայքին»: Ինչո՞ւ էր արդարանում Տերյանը և ինչի՞ց. ազգայնական մեղադրանքների՞ց, երբ արդեն Կոմկուս-ի և Համառուսական կենտգործկոմի անդամ էր, Հայկական գործերի ժողկոմի տեղակալ: 1937–ի նախասկի՞զբը չէ սա, և անմիջական կապ չկա՞ արդյոք Տերյանի այս խոստովանության և նրա պետական գործուղման միջև:  1919 թ. հոկտեմբերին Արտգործժողկոմի կարևոր և շտապ հանձնարարություններով Տերյանը գործուղվում է Տաշքենդ: Հիվանդ, բոլորովին հյուծված, բուժման և հատուկ խնամքի խիստ կարիք ունեցող բանաստեղծին պետական ի՞նչ կարևոր հանձնարարություններով էին գործուղում Թուրքեստան: Հետագայում Արևելք` Պարսկաստան և Թուրքիա, ի՞նչ առաքելությամբ պիտի գնար, դարձյալ անհայտ է: Հակասական, բայց հիմնավոր ենթադրությունների ու կարծիքների տեղիք տված այդ ուղևորության շուրջ Մակինցյանը հայտնում է, որ Տերյանը Պարսկաստանի վրայով մտադիր էր անցնել կամ Պոլիս, կամ Անդրկովկաս: «Շատ էր հիշում իր հայրենի Ջավախքը և մանավանդ կարոտով փափագում էր լինել Հայաստանում», որտեղ շատ բան էր փոխվել Տերյանի վերջին այցից հետո: Պետականությունից հետո  ծայր էր առել նաև գիտական-մշակութային  լայն գործունեություն, Երևանը դառնում էր աշխարհացրիվ հայ հոգևոր ուժի կենտրոն: Ս. Սուքիասյանը գտնում է. «Ինչ վերաբերում է Թուրքեստանից դեպի Պարսկաստան, այնտեղից էլ Թուրքիա անցնելու հետագա ծրագրերին, ապա դրանք հազիվ թե իրական հիմք ունենային»: Այդ չարաբաստիկ ուղևորության մասին պահպանվել է միայն խիստ վերացական մի վավերաթուղթ. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը սույնով հաստատում է, որ սույնը ներկայացնող` Համառուսական ԿԳԿ անդամ Վահան Սուքիասի Տերյանը ուղևորվում է Արտգործժողկոմատի կարևոր և շտապ հանձնարարություններով Տաշքենդ քաղաքը` Սամարայի և Օրենբուրգի վրայով: Բոլոր ռազմական, քաղաքացիական և երկաթուղային իշխանություններին առաջարկվում է ցույց տալ ընկ.Տերյանին ամենալայն օժանդակություն նրա ուղևորության ճանապարհին»:

Մի բան ակնհայտ է. Տերյանն աքսորվում էր մահվան ափեր. հեռավոր, դավադիր ուղիներ ձգվող դանդաղընթաց, ցուրտ, ծխաշատ գնացքն արդեն գուժում էր պոետի մոտալուտ մահը: Ի՞նչ խոհեր էին ուղեկցում բանաստեղծին: Սամարայից Ա. Մյասնիկյանին հղած վերջին նամակում Տերյանը գրում է. «Օրհնյալ լինես, Հոկտեմբեր, որ այսքան ոգևորություն ես ներշնչում անգամ ինձ նման անդամալույծներին», մինչդեռ ներքին զգացողությունն այլ բան էր հուշում: Մարգարեանալով` գրել էր.

   Նորից իմ ճամփան գնում է հեռուն, հեռուն է տանում

   Եվ օրորում է թախծալի երգով գնացքն այս անկանգ,

   Նորից ես անտուն, նորից հեռավոր, նորից անանուն,

   Եվ իմ հոգու մեջ և շուրջս նորից աղետ ու վտանգ

Բանաստեղծության վերջին քառատողը հնչում է որպես հրաժեշտի խոսք և վերջին մաղթանք իր ժողովրդին.

  Որքան ցավել է իմ սիրտը, այնքան թող զվարթ լինի քո սիրտը լուսե,

   Որքան դառնություն տվել ես դու ինձայնքան թող լինի քո օրը խնդուն,

   Որքան մաշել ես սիրտս սառնությամբ և քինով ահեղ,

   Այնքան քեզ վայելք, այնքան սիրո երգ, այնքան օրհնություն:

Ժամանակի վավերաթղթերի, հիշողությունների, երբեմն կցկտուր, երբեմն իրարամերժ պատմությունների մեջ տեսլանում է մեծ հայրենասերի կյանքի դրաման: Տերյանի վերջին ուղևորության  հետ կապված` Ա. Շահիջանյանը հայտնում է. «Նա իրեն թեթևացած էր զգում և ասում էր, որ հիմա, երբ ինքը դուրս պրծավ, կսկսի և կարող է շատ  աշխատել: Անգամ նա հանեց Վեռլենը, որպեսզի թարգմանի»: Ազգային չկայացած բախտի դրաման, անձնական դժբախտությունները, հոգնատանջ տարիները Տերյանը մի պահ թողնում էր հետևում: Վերջապես հնարավորություն կունենար նաև ստեղծագործական կյանքով ապրելու: Բայց «թեթևացած էր զգում» ոչ միայն դրանից: Ըստ Շահիջանյանի հիշողությունների` «Պոետը Մոսկվայում էր թողնում անձնական բնույթ կրող անախորժություններ, որոնք արդյունք են եղել ստոր մարդկանց ինտրիգների և հերյուրանքների»: Դ. Անանունը հիշում է. «Շիրվանզադեն հախուռն հարձակում գործեց Վ. Տերյանի վրա` մեղադրելով նրան հայահալած քաղաքականության մեջ: Ես պաշտպանեցի բարեկամիս ու բացատրեցի, որ, ընդհակառակը, Հյուսիսային Կովկասում հայ մտավորականներս նրա միջամտությանն ենք պարտական մեր կյանքը: Այս իմաստով էլ լուրեր տպագրվեցին Թիֆլիսի թերթերում: Իսկ այս ճշմարտապատում լուրերի հետևա՞նքը: Մոսկվայում հայ փոքրոգի բոլշևիկների կողմից հալածանք Տերյանի դեմ, թե նա պաշտպանել է հակահեղափոխականներին: Եվ Տերյանը իր մեծասրտության պատճառով զրկվում է հայկական կոմիսարի օգնականի պաշտոնից և ստորադասվում հասարակ կոմունիստների շարքը»:

Սամարայում արդեն Մակինցյանին հղած վերջին նամակում Տերյանն գրում է. «Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները»: Առաջին քրիստոնյաները` մատնված ու հալածված, բայց լուսավոր իրենց կերպարով ու վարքով, որոնք չարչարանքների ու նահատակության գնացին, բայց դավանափոխ չեղան:

Հիսունչորս օր տևած ծանր ճանապարհորդության կեսին 1920 թ. հունվարի 7-ին Օրենբուրգում, կյանքի երեսունհինգը դեռ չբոլորած, մահանում է պոետը: Միակ հարազատը, «անմխիթար օրերի» ընկերը Անահիտն էր, մտատանջությունը` ոչ թե կյանքի հեռացող ափը, այլ հայրենիքի անհայտ ճակատագիրը, հեռու Գանձան: Հոգեվարքի մեջ որոնող հայացքով սպասում էր մեկին. ո°ւմ տեսիլն էր հեռվից գգվել նրան: Նրա երկրային դուռը այդ պահին բացող չեղավ: Կողքին միայն Անահիտն էր, որի կրծքի տակ բաբախում էր Տերյանի ժառանգը` Նվարդ Տերյանը…

«Մեկնեցինք հոկտեմբերի 25-ին (1919 թ.),- տարիներ անց պատմում է Ա. Շահիջանյանը: -Մինչև Սամարա մեր ճանապարհորդությունը շատ հաջող էր… 27-ի երեկոյան Սամարայում էինք: Կանգ առանք հյուրանոցում (Բորիս Գալունով): Հարկադրված էինք կանգ առնել, որովհետև գնացքները գնում էին մինչև Սամարա, իսկ դեպի Տաշքենդ ուղղագիծ հաղորդակցություն չկար… Հետևյալ օրվանից նա հիվանդ պառկեց: Հյուրանոցում ցուրտ էր,  չէին տաքացնում. լուսամուտի ապակին ջարդված էր և չէր մեխված … Գնացք նստելիս տեղի ունեցավ սոսկալի մի միջադեպ N4 գնացքի հրամանատարի հետ, և ամբողջ գիշեր Վահանը խիստ ջերմության մեջ էր: Գնացքը մեկնելու էր 18-ին, իսկ մեկնեց նոյեմբերի 22-ին:Այստեղ արդեն սկսվեցին իսկական տանջանքները…Վահանի առողջությունը վատանում էր: 3-4 օրով մենք կանգ էինք առնում Սամարայի և Օրենբուրգի միջև ընկած փոքրիկ կայարաններում: Ուտելիք հայթայթելու համար հարկադրված էինք լինում վազվզել գյուղերը: Ոչինչ չէր ուտում: Սկսվեցին ստամոքսի ցավերը: Դա աղիքների ախտի սկիզբն էր: Երեք շաբաթ տևեց, մինչև հասանք Օրենբուրգ…Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, և առաջարկեցի Վահանին, փոխանակ ուրիշ գնացք նստելու, գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ… Իննը վերստ մինչև Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր… Մի ամբողջ շաբաթ աշխատում էի բժիշկ հրավիրել, բայց բծավոր տիֆի համաճարակ էր, բոլոր  բժիշկները մոբիլիզացված էին… 28-ին առաջին անգամ բժիշկ եկավ… Դեղորայք չէր կարելի գտնել: Ոչ մի տեղում չէր կարելի ձեռք բերել ոչ կրեոզոտ և ոչ էլ թթվածնային բարձիկներ…»: Ք. Վեքիլյանը հիշում է. «Մեր տանը խոսակցության ժամանակ նա շատ հաճախ էր հիշում «անիծած վագոնը»: Դեմքը մաշված էր, դալուկ, շարժումները արտաքուստ հանգիստ, սակայն ներվային… Ինքնին հարց էր առաջանում. ինչի՞ց դրդված այդ վիճակում նա ձեռնարկել էր իր դժվարին ճանապարհորդությունը»: Ժնևում ամիսներ անց լսելով սիրելի պոետի մահվան մասին` Ա. Իսահակյանը կսկիծով գրում է. «Այդ ո՞վ հանդգնեց հանճարդ շքեղ// Հանգցնել ոգուդ աստղերը բյուրեղ…»:

Չկիսել Տերյանի քաղաքական կողմնորոշումը` հիմա թերևս հեշտ է: Պատմության վերագնահատումն է պարզում անցյալի քաղաքական ուղեգծի ճիշտն ու սխալը, և այն ժամանակ դժվար էր երևակայել իրար հակասող գաղափարախոսություններից մեկի կամ մյուսի ճշմարտացիությունը ազգային ճակատագրում: Ս. Վրացյանը` Դաշնակցության ակնառու գործիչներից մեկը, իր օրագրային էջերում գրառել է. «Չեմ կարող չհիշել իմ խոսակցությունը տարիներ առաջ ֆրանս-գերմանական սահմանի վրա մի շատ կարևոր հայ բոլշևիկի հետ` իմ մոտիկ ընկեր և այն ժամանակ կառավարության անդամ: Բառացի հիշում եմ նրա խոսքերը. «…Այն, ինչ որ դուք չհաջողեցիք անել, մենք պիտի անենք. մենք պիտի գրավենք Թրքահայաստանը, պիտի միացնենք Խորհրդային Հայաստանին և պիտի դառնանք Կովկասում ամենամեծ և զորավոր երկիրը: Ճիշտ է, նրան էլ «մաքրեցին», և ես չգիտեմ` ողջ է նա, թե մեռած, դրա համար էլ անունը չեմ տալիս, բայց հավատում եմ նրա ասածներին: Հավատում եմ, որ հայ բոլշևիկներն էլ մեզ պես ուզում են լայնացնել Հայաստանի սահմանները. այդ բանը լսել եմ և ուրիշ պատասխանատու հայ բոլշևիկներից… Բայց այլ է ցանկանալ, այլ է կարենալ»: Խոսքը Տերյանի մտերիմ ընկերոջ` Սարգիս Սրապիոնյանի (Լուկաշին) մասին է, որ զոհ գնաց 1937-ին: Տերյանի ընկերները… Պողոս Մակինցյան. ձերբակալվում է 1936 թ., գնդակահարվում 1938-ին, Կարեն Միքայելյան. ձերբակալվում է 1936 թ., աքսորավայրում մահանում 1941-ին, Ցոլակ Խանզադյան` 1935 թ., Ալեքսանդր Մյասնիկյան` 1925 թ. … Բոլշևիզմի մտավոր սպանդի հետքերն ամենուր են, և դեռ պետք է բացահայտվեն: Մտավոր այդ սպանդին զոհ էին դառնում նաև նրանց անձնական պահոցների ձեռագրերը, որոնց մեջ` Տերյանի վերջին նամակներն ու հրատարակության սպասող բանաստեղծությունները:

1920-ական թթ. հալածվում էր արդեն Տերյանի գրական ժառանգությունը, հալածվում էր պրոլետգրականության դիրքերից: Տերյանի երգը չարչրկվում էր, գռեհիկ դիրքերից ակնարկվում էր անգամ բանաստեղծի հիվանդությունը: «Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան… «Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ»,- ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջադրած պտուղներն են` նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ… Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք»: Հակատերյանական այդ գրոհն այնքան ուժգին էր, որ միառժամանակ մոլորեցրեց նաև Չարենցին. «Հաճելի է չէ՞ էլի ձեզ Տերյանի երգը թքոտ, // Բայց էսօր թող հոգիս լիզե ձեզ երկաթե թեժ արդուկով…»: Չարենցը, որի համար Տերյանը «ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն», որ դեռևս  Կարսի ռեալական դպրոցի աշակերտ` մի ռուբլի էր թռցրել Աբգար աղայից և գնել Տերյանի «Բանաստեղծություններ» գիրքը. «Ասես մի անհուն գանձ նվիրեցին ինձ. զարմանալի հայտնություն եղավ ինձ համար այդ գիրքը, ու էլ ձեռքիցս վայր չդրի… Այնպիսի կախարդական ազդեցություն ունեցավ վրաս, որ մինչև օրս էլ չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ»,- ահա Չարենցը նոր արվեստի դիրքերից ժամանակավորապես ելավ Տերյան դեմ: Տերյանի անունն ու գործը օրվա հրապարակում պահպանելու համար ընկերները` Ա. Մյասնիկյանը, Պ. Մակինցյանը, բանաստեղծի քաղաքական պոեզիան փորձում էին հարմարեցնել Կոմունիստական կուսակցության չափանիշներին` այդ հիմքի վրա դնելով խորհրդահայ տերյանագիտության ամբողջ ընթացքը:

Նարինե Հովհաննիսյան, բ.գ.թ., դոցենտ

1