Վահան Հովհաննիսյանի ելույթը` Իսպանիայի Սենատում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Վահան Հովհաննիսյանի ելույթը` Իսպանիայի Սենատում

Վահան Հովհաննիսյանի ելույթը` Իսպանիայի Սենատում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր,«Եվրանեսթ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Իսպանիայի խորհրդարանում` ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության իրական պատկերը:

 

 

Ըստ նրա` ուղիղ 25 տարի առաջ` 1988-ին, ինքը, կանգնած Երեւանում անցկացվող հանրահավաքի մասնակիցների կողքին, հպարտ էր, որ իր հայրենակիցները` հայերը, խիզախորեն կանգնեցին Խորհրդային միության ճնշող մեքենայի դեմ ու պաշտպանեցին ազգային արժանապատվությունը եւ մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում:

 

 

«Քառորդ դար անցավ, Խորհրդային միությունը եւ շատ այլ բաժանարար պատեր փլուզվեցին, նոր պետություններ  ծնվեցին, եւ այսօր մենք ապրում ենք նոր փոխված աշխարհում: Սակայն անցյալից մնացած որոշ մասնիկներ շարունակում են  խաղաղության հաստատման համար նոր վտանգ ստեղծել,  նաեւ Հայաստանի եւ Հարավային Կովկասի հնարավոր զարգացումը խափանել: Այդ խոչընդոտներից ամենամեծ վտանգը ներկայացնում են Ադրբեջանի տարածքային պահանջները եւ ագրեսիվ վարքագիծը ԼՂՀ-ի նկատմամբ»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` այնուհետեւ ներկայացնելով հակամարտության ակունքները:

 

 

Նա ընդգծել է, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական հակամարտությունը սկսվել է դեռեւս 1918 թվականին, երբ «Ադրբեջան» կոչվող երկիր հայտնվեց քարտեզին: Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը թուլացել էր Օսմանյան Թուրքիայում իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունից ու պատերազմից, սակայն ուժ գտավ` վերականգնելու իր հայրենիքը ավերակներից ու մոխրից եւ ստեղծելու սեփական անկախ պետություն: Բայց անկախությունը երկար չտեւեց. 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետությունը կրկնակի ագրեսիայի ենթարկվեց քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից: Նրանք շրջապատեցին եւ բաժան-բաժան արեցին Հայաստանը` նույն սցենարով, որով ստալինյան Ռուսաստանը եւ նացիստական Գերմանիան գրավեցին ու մասնատեցին Լեհաստանն ու Բալթյան երկրները: Թշնամու ուժերը շատ ավելի գերազանցող էին, եւ անկախությունը կորսվեց: Իսկ հետո Հայաստանը դաժանորեն պատժվեց` դարձյալ մասնատվեց. Նախիջեւանի տարածքը, ինչպես նաեւ Ղարաբաղը ստիպողաբար, իրենց կամքին հակառակ միացվեցին Ադրբեջանին, որն ինքնակամ մտավ Խորհրդային միության կազմի մեջ:

 

 

«Տոտալիտար ռեժիմն օգտագործեց տարբեր միջոցներ` ազգային հանրապետություններին հնազանդ պահելու համար: Դրանցից մեկը կոչվում էր «Կովկասյան մոդել»: Դրա հիմնական նպատակն էր այլանդակել եւ աղավաղել էթնիկ կամ վարչական սահմանները: Դրանք այնպես էին գծված, որ որեւէ էթնիկ խումբ չէր կարող կոտրել-անցնել սահմանն առանց հարեւանների հետ հակամարտության: Սա միակ մոդելը չէր: Կար նաեւ, այսպես կոչված, «Բալթյան մոդել», երբ հանրապետությունների էթնիկ կազմը թիրախ էր դառնում, բայց Հարավային Կովկասի հակամարտությունները հիմնականում առաջացան արհեստականորեն գծված սահմանների պատճառով:

 

 

Ստիպողաբար Ադրբեջանի կազմում հայտնված Ղարաբաղի բնակչության 95 տոկոսը տարատեսակ ճնշումների էր ենթարկվում` էթնիկ եւ կրոնական խտրականություն, տնտեսական խոչընդոտներ եւ  ժողովրդագրական միտումնավոր մանիպուլյացիա` առաջացնելով էթնիկ զտում: Սակայն խորհրդային եւ ադրբեջանական ռեժիմի երկարատեւությունը չէին ջնջել հայերի` ազատություն եւ անկախություն ունենալու ցանկությունը` ո’չ Հայաստանում, ո’չ էլ Ղարաբաղում»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` շարունակելով` որ 1988-ին հայերը, ոգեւորված ու խաբված «պերեսրոյկայով ու գլաստնոստով» (перестройка, гластность) սկսեցին իրենց խաղաղ պայքարը` Ադրբեջանից դուրս գալու համար, մինչդեռ խորհրդային Ադրբեջանի պատասխանը եղան դաժան բռնությունն ու կոտորածները, որոնք կազմակերպվում էին հենց իշխանությունների կողմից անզեն հայերի դեմ:

 

 

«1988 թվականի փետրվարի 26-ին միջազգային հանրությունը ականատես եղավ Սումգայիթի հայերի ջարդերին: Սումգայիթն այդ ժամանակ Ադրբեջանի ամենամեծ քաղաքներից եւ արդյունաբերական կենտրոններից էր: Ջարդարարները լիակատար աջակցություն էին ստանում խորհրդային երկրների իշխանությունների եւ զինված ուժերի կողմից»,- նշել է Վահան Հովհաննիսյանը` ներկայացնելով նաեւ այն ժամանակ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որում եվրապատգամավորները դատապարտում էին Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածները եւ, հաշվի առնելով Ադրբեջանում հայերի կյանքի համար առկա վտանգները, նաեւ այն փաստը, որ ԼՂ-ն հայկական պատմական տարածք է, աջակցում էին ԼՂ-ի` խորհրդային Հայաստանին միացմանը:

 

 

«Սակայն դրանից հետո նույնպես շարունակվում էին հայերի հանդեպ բռնությունները, եւ ԼՂ բնակչությանը մնում էր 3 ընտրություն` հեռանալ հայրենիքից, մահանալ կամ պայքարել ազատության համար ու գոյատեւել: Ղարաբաղի հայերն ընտրեցին երրորդ տարբերակը: Գոյություն ունեցող օրենքին համապատասխան` նրանք հայտարարեցին իրենց անկախությունը Ադրբեջանից, ստեղծեցին  կառավարություն եւ ընտրեցին Ազգային ժողով: Ադրբեջանը դրան արձագանքեց ագրեսիվ պատերազմով` հարձակվելով հայկական գյուղերի վրա, ռմբակոծելով քաղաքները եւ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ղարաբաղի հայերը ստեղծեցին իրենց սեփական բանակը եւ պաշտպանեցին իրենց երկիրը: Եվ հաղթեցին: Ոչ ոք դա չէր սպասում, բայց հաղթեցին:  150 հազար հայ հաղթեց 7 միլիոն ադրբեջանցու: Նրանք ազատագրեցին իրենց տարածքները եւ վերահսկողության տակ առան կարեւոր ռազմավարական տարածքներ` ստեղծելով անվտանգության գոտի: 1994 թվականի մայիսին, լուրջ ձախողումներից հետո, Ադրբեջանը խաղաղության կոչ արեց եւ զինադադար կնքեց ԼՂՀ-ի հետ: Այդ օրվանից 20 տարի է անցել: ԵԱՀԿ Մինսկի խմբին դեռ չի հաջողվել շոշափելի արդյունքի հասնել, իսկ պատճառը Ադրբեջանի իշխանության ագրեսիվ եւ անողորմ կամակորությունն է: 

 

 

Դժբախտաբար, միջազգային հանրությունը երբեք ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը օգտագործել է այդ տարիները ոչ թե լիակատար խաղաղության հասնելու, այլ իր բնակչությանը վրիժառության նոր պատերազմի պատրաստելու համար: Ադրբեջանի իշխանության` ատելությամբ լցված ելույթները, ռազմատենչ հայտարարությունները, սպառնալիքներն ու թշնամությունը, ուղղված Հայաստանի եւ ԼՂՀ-ի, ամբողջ աշխարհի հայերի դեմ, սպառազինությունների մրցավազքը, պետք է համարվեն պատերազմի սպառնալիք: Ադրբեջանը եւ նրա ամենամտերիմ դաշնակից Թուրքիան շարունակում են ԼՂՀ-ի եւ Հայաստանի շրջափակումը արդեն 20 տարի` փորձելով հայերի վրա բարդել հակամարտության լուծման ձգձգումը:

 

 

Ես չեմ փորձի պատմել պատերազմի դառը տարիների, պարտությունների եւ անիմաստ բանակցությունների մասին: Ես չեմ փորձի Ադրբեջանի քարոզչության ծուղակների օրինակներ ներկայացնել ձեզ, որոնք հակամարտության լուծման ճանապարհին էին դրվել, օգտագործելով ոչ միայն  Թուրքիայի քաղաքական կապերը, այլ նաեւ, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտությունը»` հիմնված նավթային փողերի վրա: Նախ` կփորձեմ շեշտել, որ ԼՂ հակամարտության ցանկացած ուղղակի համեմատություն աշխարհում տեղի ունեցող այլ իրավիճակների հետ, նվազեցնում է իրավիճակը ամբողջությամբ հասկանալու հնարավորությունը: Եթե Բաքվի համար հաղթանակը ամբիցիայի եւ հպարտության հարց է, հայերի համար` կյանքի եւ մահվան հարց»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության առաջնահերթության վեճ դարձնելու ցանկացած փորձ, որն, ի դեպ, Ադրբեջանի քարոզչության արդյունք է, իսկական անմտություն է:

 

 

«Միջազգային օրենսդրական համակարգում սկզբունքների հիերարխիա չկա: Այնտեղ չկան առաջին կամ երկրորդ կարգի միջազգային օրենքներ: Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ինքնիշխան պետությունների միջեւ հարաբերություններին եւ համարվում է օկուպացման եւ անեքսիայի գործիքներից մեկը: Սակայն, երբ մի երկրում ապրող էթնիկ փոքրամասնությունները ենթարկվում են դաժան բռնության, ոտնահարվում են մարդու իրավունքները,  նրանց զրկում են իրենց պատմական ու մշակութային ժառանգությունից, զարգացման ուղիներից եւ ստիպում լքել իրենց նախնիների հողը, այդ էթնիկ փոքրամասնությունների համար պարզ է միջազգային օրենքը` ինքնորոշման իրավունքը կարող է եւ պետք է իրականացվի: Հետեւաբար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը` ինքնորոշման հիմունքներով, չպետք է համարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում»,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը:

 

 

Ըստ նրա` Ադրբեջանի իշխանությունները համառորեն քննարկում են հակամարտության հետեւանքները` խուսափելով դրա պատճառից: Դա հասկանալի է, հետեւանքներն ակնհայտ են` մարդկային կորուստներ, վիրավորներ, փախստականներ, ավերված գյուղեր, քաղաքներ… Սակայն այդ վերքերը բուժելն անհնար կլինի առանց դրանց պատճառի վերացման, որը հանգեցրեց արյունահեղ պայքարի: Իսկ դա, ըստ Վահան Հովհաննիսյանի, այնքան էլ հեշտ չէ, քանի որ իրական պատճառները հիմնականում թաքցնում են:

 

 

«Ըստ երեւույթին` Ադրբեջանը ցանկանում է խուսափել Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի պատասխանատվությունից, որն անկախություն եւ ինքնիշխանություն ձեռք բերեց նույն օրինական հիմքով, ինչ Ադրբեջանը կամ Խորհրդային միության այլ երկրներ: Ես համոզված եմ, որ համալիր մոտեցումն այդ հակամարտությանը եւ հանգուցալուծման ուղիները` առանց արհեստական տարանջատման, կարող են հանգեցնել տարածաշրջանային ամբողջացման: Դա անհնար կլինի, եթե կողմերից մեկը, մասնավորապես` Ադրբեջանը, շարունակի «կատարյալ հաղթանակի» քաղաքականությունը` առանց զիջումների:

 

 

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի հայտնի պատմությունը, ով սպանել էր քնած հայ սպային, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, միայն այն պատճառով, որ վերջինս հայ է, եւ ով հետագայում փառաբանվեց ու անվանվեց ազգային հերոս, ցույց է տալիս, որ հայերը երբեք հանգիստ եւ անվտանգ չեն լինի Ադրբեջանի կազմում»,- նշել է Վահան Հովհաննիսյանը` ընդգծելով, թե ինչպե՞ս կարող են Ղարաբաղի հայերն ընկալել ադրբեջանական իշխանությունների` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու առաջարկի շարունակական մերժումը, ադրբեջանցի գրողի հալածումը, ով քաջություն ունեցավ իր համակրանքը հայտնել  հայերի նկատմամբ:

 

 

Նա հայտարարել է, որ հակամարտության խաղաղ լուծումը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ անհնար է` հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային հանրությունը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, տարբեր ատյաններում Հայաստանն է ներկայացնում նրա շահերը, սակայն չի կարող փոխարինել նրան: Հետեւաբար` ԼՂՀ-ի լիարժեք ներկայությունը հակամարտության քննարկման ժամանակ կարող է արդյունավետ արդյունքի հանգեցնել:

 

 

Իսկ, ըստ Հովհաննիսյանի, ԼՂՀ-ն համապատասխանում է միջազգային իրավունքի` անկախ պետականության եւ միջազգային ճանաչման համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներին, այն է` մշտական բնակչություն, սահմանված տարածք, մշտական կառավարում` կազմակերպված ընդհանուր քաղաքական ինստիտուտների կողմից` տարածքին եւ ժողովրդին բացառիկ իրավասություն տալով, հնարավորություն այլ պետությունների հետ հարաբերություններ ունենալու համար: Այսինքն` ԼՂՀ-ն բավարարում է Մոնտեվիդեոյի կոնվենցիայի չափանիշներին:

 

 

«Սակայն կա մեկ առանձնահատկություն, որը Ղարաբաղը դարձնում է առավել արժանի ճանաչման եւ խաղաղ կյանքի համար` այն ժողովրդավար երկիր է: Ի տարբերություն Ադրբեջանի նոր հարստացած էլիտայի, Արցախի իշխանությունը երբեք չի օգտագործել հակամարտության պատրվակը ժողովրդավարական բարեփոխումներ չկատարելու համար: Դարպասները բաց են: Բարի գալուստ Ղարաբաղ, տիկնայք եւ պարոնայք: Դա դժվար ճանապարհորդություն չէ, եւ դուք ձեր աչքերով կտեսնեք այն ապացույցները, որ Ղարաբաղը մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատության հարցում Ադրբեջանից շատ ավելի առաջ է: 

 

 

Հարգելի’ գործընկերներ, ԼՂՀ միջազգային ճանաչումը չի նշանակում թշնամանք Ադրբեջանի նկատմամբ: Դա երկարաժամկետ կծառայի երկկողմ շահերին: Ադրբեջանն ու Ղարաբաղը կարող են շուտով իրենց ողբերգական անցյալը թոթափել եւ մտածել պայծառ ապագա միասին»,- ելույթը եզրափակել է Վահան Հովհաննիսյանը:

1