Վալերի Պետրոսյանի լուսանկարների ցուցադրություն Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վալերի Պետրոսյանի լուսանկարների ցուցադրություն Ստեփանակերտում

Վալերի Պետրոսյանի լուսանկարների ցուցադրություն Ստեփանակերտում

Փետրվարի 22-ին ԱՀ Ժուռնալիստների միության դահլիճում կայացել է Արցախյան ազատամարտի և հատկապես 1988թ. փետրվարյան իրադարձությունների մասին արժեքավոր  լուսանկարների հեղինակ, լրագրող, լուսանկարիչ, այժմ Ասկերանի շրջանային «Բերդ» թերթի խմբագիր Վալերի Պետրոսյանի լուսանկարների անհատական ցուցադրությունը:

Ցուցադրության բացման արարողությանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, լուսանկարիչներ, հասարակական գործիչներ:

«Այսօր նախատեսել ենք ներկայացնել լրագրողական ընտանիքի անդամներից հին փորձառու լրագրող-լուսանկարիչ Վալերի Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը: 1988թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին հանրահավաքի միակ լուսանկարիչը Վալերի Պետրոսյանն էր»,- նշել է ԱՀ Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Վալերի Պետրոսյանի համաքաղաքացի, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը նշել է, որ Վալերի Պետրոսյանին գիտի շարժման հենց սկզբից: Նա մտահոգություն է հայտնել, որ շատ դեպքերում խեղաթյուրված են ներկայացվում Արցախյան շարժման փետրվարյան իրադարձությունները և շեշտել, որ իրադարձությունների լուսաբանման հարցում պետք է արձանագրել ուղղակի ականատեսների վկայություններն ու այդ օրերին արձանագրված փաստացի տվյալները: «Վալերի Պետրոսյանն այն եզակի լուսանկարիչներից է, ով շարժման սկզբնական փուլում հասցրել է արժեքավոր լուսանկարներ նկարել, սերունդներին թողնել պատմական կարևորագույն անցուդարձերի պատկերը»,- ավելացրել է Ալյոշա Գաբրիելյանը:

Պատմաբան Մհեր Հարությունյանը իր խոսքում նշել է, որ Արցախյան շարժման 30-ամյակը լավ առիթ է դարձել, որպեսզի այս մեծ աշխատանքը գնահատվի: «Մենք բոլորս հասկանում ենք, թե այդ աշխատանքը ինչպիսի խիզախություն էր պահանջում այն ժամանակ և այն 30 տարիների փորձություններից անցնելով հասել է մեզ, դարձել մեր հասարակության սեփականությունը»,- ասել է Մհեր Հարությունյանը՝ առաջարկելով ցուցադրված և մյուս լուսանկարների ֆոտոալբոմ պատրաստել, տարածել տարբեր լեզուներով:

«30 տարի առաջ նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որպեսզի շարժումը սկսվի, իսկ ես շնորհակալ եմ այս ցուցահանդեսը կազմակերպողներից, որոնք նպաստավոր պայմաններ ստեղծեցին, որպեսզի այս ցուցահանդեսը կայանա»,- կիսվելով 30 տարի առաջվա հիշողություններով՝ նշել է լուսանկարների հեղինակը:

Միջոցառմանը ներկա Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի խորհրդի նախագահ, Կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը կարևորել է կատարված աշխատանքը տարբեր մակարդակներում ներկայացնելը և առաջարկել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հատուկ լուսանկարների ալբոմում ընդգրկել Վալերի Պետրոսյանի լուսանկարներից:

1