Ստեփանակերտում նշվել է բերքի տոնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում նշվել է բերքի տոնը

Ստեփանակերտում նշվել է բերքի տոնը

Արցախում գյուղատնտեսության աշխատողի օրը՝ հոկտեմբերի 8-ը, հերթական անգամ նշանավորվեց «Բերքի տոն»-ի կազմակերպմամբ: Հանրապետության հրապարակում դեռ նախօրեին տեղադրվել են տաղավարներ, որտեղ Արցախի բոլոր շրջաններից ժամանած ներկայացուցիչները ներկայացնում են իրենց բերք ու բարիքը: Վաղ առավոտից հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող տաղավարներն սպասում են այցելուներին, իսկ հրապարակի տարբեր հատվածներում բարձրանում է խորովածի ծուխը:

Վերածննդի հրապարակը վերածվել է Արցախյան բերքն ու բարիքը, մթերքի ու խմիչքի տոնավաճառի, որոնք ներկայացված են շուրջ 1000 սեղանների վրա:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում մեծ շուքով կազմակերպվում է «Բերքի տոնը». «Անգնահատելի է այն ներդրումը, որ ունեն գյուղատնտեսության աշխատողները մեր պետականության ամրապնդման ու մեր երկրի տնտեսության հզորացման գործում: Բացառապես նրանց շնորհիվ է, որ արցախցիների սեղաններից անպակաս են արևահամ և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքները»: Կազմակերպված միջոցառումն էլ նպատակ ունի օգնել նրանց արտադրանքի իրացմանը:

Քաշաթաղի շրջանի Մշակույթի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը նշել է, որ շրջանի բոլոր 54 համայնքներն էլ մասնակցում են տոնավաճառին՝ ամենաքիչը 3 մեքենայով: «Բացի մթերքներից, Քաշաթաղը ներկայացել է յուրահատուկ ցուցադրական տաղավարով, որին մենք լրջորեն նախապատրաստվել ենք: Այս տարի նորություններ ենք մտցրել, բոլոր օղիների շշերի վրա պիտակված են Քաշաթաղի շրջանի պատմամշակութային վայրերը:»,- ասել է Հարութ Ավանեսյանը և ավելացրել, որ  այս տարի տարբեր տաղավարներով ներկայացված են նաև հնդկական, ասորական, սիրիական, լիբանանյան ազգային կերակրատեսակները:

Մարտունու շրջանի Ննգի գյուղից Արմեն Նասիբյանը առաջին անգամ է մասնակցում տոնավաճառին և շատ տպավորված է, օրվա առաջին կեսին արդեն վաճառել են շուկա հասցված մթերքները:

Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից Ժենյա Թովմասյանը ևս առաջին անգամ է մասնակցում բերքի տոնին, վաճառքի են հանել ընկույզ, պնդուկ, տարբեր տեսակի չրեղեն և շատ գոհ են տոնավաճառի ընթացքից:

Ավելացնենք, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, պաշտոնական պատվիրակությունը շրջել է տոնավաճառի տաղավարներով՝ ծանոթացել վաճառքի հանված գյուղմթերքներին և արտադրատեսակներին։

 

1