Ստեփանակերտում մամլո ասուլիսից առաջ արվեստագետները հանդես են եկել հայտարարությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտում մամլո ասուլիսից առաջ արվեստագետները հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտում մամլո ասուլիսից առաջ արվեստագետները հանդես են եկել հայտարարությամբ

Կոչ աշխարհի արվեստագետներին

Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Արցախյան հակամարտության շփման գիծը դարձյալ բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերն անակնակալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլև խաղաղ բնակավայրերի, դպրոցների և անզեն բնակիչների վրա: Արցախի ինքնապաշտպանական ուժերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային և նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:

1988-ից ի վեր կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության և միջազգային օրենքների տառն ու ոգին հարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը և գործադրել ազատ ինքնորոշման իր իրավունքը, Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանություններով, հարձակումներով և ռազմական լայնածավալ գործողություններով: Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր պապենական հողերը, անկախության հանրաքվե իրականացնել և պետություն ստեղծել:

Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլևայլ պատճառներով դեռևս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել և արարել, կառուցել և ծաղկեցնել, նույնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները: Այստեղ՝ այս պատմական հողի վրա, ուր զինադադարի խախտման, վիրավորների և զոհերի մասին լուրերը շատ ավելի են, քան որևէ այլ տեղեկատվություն, հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկվում են ստեղծագործելու, և արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը դեռևս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն: Հազարավոր տաղանդներ գրիչ և վրձին բռնելու փոխարեն ստիպված են լինում զենք վերցնել և ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պահելու համար: Ադրբեջանական հարձակումների և այս պարտադրված պատերազմի բերումով, այս երիտասարդները զրկված են խաղաղության մեջ ստեղծագործելու և իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից: Սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր աշակերտներ դպրոցներում երգ ու երաժշտություն լսելու փոխարեն պայթող ռումբի և կրակոցների ձայներ են լսում:

Բայց այս բոլորով հանդերձ ՝ մեծ է այն տաղանդավոր երիտասարդների և արվեստագետների թիվը, որոնք շարունակում են գրել, ստեղծել, նվագել և նկարել, նույնիսկ երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և գտնվում են շրջափակաման մեջ: Դժբախտաբար, նրանք աշխարհի իրենց գործընկերների հետ շփվելու քիչ առիթ են ունենում, շրջափակումն ու մեկուսացումը խոչընդոտում են փոխադարձ այցելություններին, շփումներին և փորձի փոխանակմանը: Այս ստեղծագործ տաղանդները աշխարհին բացվելու և փոխադարձ ճանաչողության շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք պարզապես զրկված են արվեստագետի համար կենսական այս իրավունքից:

Այս պատճառով, աշխարհի բոլոր ազատ մտածող արվեստագետներին կոչ ենք ուղղում, որ այցելեն Արցախ, դառնան խաղաղության և համերաշխության գործընկերներ, կապ և շփում հաստատեն տեղի արվեստագետների և ստեղծագործ,  տաղանդավոր մարդկանց հետ,, աջակցեն, որ նրանք ևս աշխարհին բացվելու հավասար հնարավորություն ունենան և կարողանան իրականացնել խաղաղության մեջ ստեղծագործելու և աշխարհի հետ կիսվելուիրենց համամարդկային իրավունքը:

Սերժ Թանկյան

Արսինե Խանջյան

Ատոմ Էգոյան

Էրիկ Նազարյան

1