Կայացել է Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացման արարողությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կայացել է Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացման արարողությունը

Կայացել է Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացման արարողությունը

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել անվանի պետական, մշակութային գործիչ, արձակագիր, մանկավարժ Սարգիս Աբրահամյանի հարթաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Հարթաքանդակը տեղադրվել է Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան 25 հասցեում, որտեղ ապրել է Սարգիս Աբրահամյանը: Արարողությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Սարգիս Աբրահամյանի հարազատները, գրչակից ընկերները, արվեստագետներ, մտավորականներ:

Բանաստեղծ, հրապարակախոս Սոկրատ Խանյանը բարձր է գնահատել Սարգիս Աբրահամյանի վաստակը անձի պաշտպամունքից հետո Արցախում գրականության նոր ուղղության ստեղծման գործում. «Նա առաջիններից մեկն էր Սերո Խանզադյանից հետո, որ ընթերցողների սեղանին դրեց երկհատորյա «Սերունդների հետ» վեպը: Նա գրականություն բերեց մանկավարժությունը և մանկավարժություն տարավ գրականությունը: Ընդամենը 15 տարի է աշխատել, բայց թողել է հարուստ գրական ժառանգություն»:

Հարթաքանդակի հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է, ով սիրով հանձն է առել ձեռնագրել այս գործը: Իր խոսքում Ալբերտ Հարությունյանը նշել է, որ Սարգիս Աբրահամյանի շնորհիվ է եկել Արցախ: «Արցախն ավելի երջանիկ, բախտավոր կլիներ, եթե Սարգիս Աբրահամյանի նմանները շատ լինեին»,- ավելացրել է նա:

«Նա այն մարդկանցից է, ով 100 տարին մեկ է աշխարհ գալիս: Նա Արցախի հայ մտավորականության առաջնորդներից էր, մեծատառով մարդ, ուսուցիչ, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ: Ինչ պաշտոններ զբաղեցրեց, ինչքան բարձրացավ այնքան վեհացավ, ինքան բարձրացավ, այնքան ավելի մոտեցավ իր արմատներին»,- նշել է Սարգիս Աբահամյանի բարեկամուհի Ռուզաննա Աբրահամյանը:

Սարգիս Աբրահամյանի որդի Վլադիմիր Աբրահամյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Ստեփանակերտի քաղաքապետին նախաձեռնության համար: «Այս հարթաքանդակով նա նորից վերադառնում է իր սիրած Ստեփանակերտ քաղաքը և հավերժ կմնա իր քաղաքացիների, սերունդների հետ»,- ավելացրել է Վլադիմիր Աբրահամյանը:

1