Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի 19-ամյա գործունեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի 19-ամյա գործունեությունը

Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի 19-ամյա գործունեությունը

Արցախում Հայ օգնության միության բազմաթիվ հաջողված ծրագրերից մեկը «Սոսե» մանկապարտեզների ծրագիրն է:

ՀՕՄ-ի  Կենտրոնական վարչության որոշմամբ 1996 թվականին սկսվեց Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները նախկին թիվ 6 մանկապարտեզի տարածքում։ Ստեփանակերտի «Սոսե» մանակապարտեզը սկսեց գործել 1998 թվականից:

ՀՕՄ-ի ջանքերով բացված մանկապարտեզը  նպատակ ուներ ոչ միայն նյութական եւ բարոյական աջակցություն ցույց տալ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, այլ նաեւ նպաստել նրանց մանկահասակ երեխաների կրթադաստիրակչական աշխատանքներին։ Առաջին տարիներին մանկապարտեզ էին հաճախում զոհված ազատամարտիկների երեխաներ, որոնց դաստիրակության եւ խնամքի աշխատանքներով  զբաղված էին 15 աշխատողներ, մեծամասնությամբ զոհված ազատամարտիկների այրիներ։ 1998 թվականի սեպտեմբերից առ այսօր մանկապարտեզի տնօրենն է Արցախի Ազգային հերոս Աշոտ Ղուլյանի այրին՝ Նելլի Ղուլյանը։

«Սոսե» մանակապրտեզը շատ կարճ ժամկետում աչքի ընկավ ԼՂՀ նախադպրոցական հիմնարկների շարքում և դրանով իսկ արդարացրեց ՀՕՄ-ի Կենտրոնական նարչության և հովանավորող շրջանների, անհատների սպասումներն ու հույսերը: Հետագայում Ստեփանակերտի «Սոսե» մանակապրտեզի օրինակով որոշվեց ընդլայնել «Սոսե» մանկապարտեզների ցանցն Արցախում՝ տարիների ընթացքում նրանց թիվը հասցնելով 12-ի: Այժմ մանկապարտեզներ են գործում նաև Շուշիում, Մեծ Թաղերում, Տողում, Ակնաբերդում, Աշանում, Խնձրիստանում, Քարեգահում:

Ստեփանակերտի «Սոսե» մանակապարտեզի շենքը վերջին տարիներին գտնվում էր թե՛ սեյսմիկ, թե՛ սանիտարական առումով անմխիթար վիճակում: 2014թ. ապրիլին ԼՂՀ Սեյսմիկ ծառայությունը շենքը գնահատել է որպես վթարային և մանկապարտեզը փակելու պահանջ ներկայացրել:

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը 14 հոգուց բաղկացած հանձնախումբ է կյանքի կոչել, որոնք ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի ընկերուհիների հետ համագործակցելով հնարավոր եւ անհնարինն են արել մանկապարտեզի համար նախատեսված գումարը ամբողջությամբ հավաքելու, որպեսզի խոստացածին պես «Սոսե» մանկապարտեզը իր դռներն բացի ստեփանակերտցի 130 փոքրիկների համար:

Ծրագրին դրական է արձագանքել նաեւ ԼՂՀ կառավարությունը և իր պատրաստակամությունը հայտնել միասնաբար այդ ծրագիը կյանքի կոչելու համար: ՀՕՄ-ի կառույցը համագործակցել է ԼՂՀ կառավարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, ինչը բխում էր մեր քաղաքացիների շահերից:

ՀՕՄ-ի Արցախի կառույցը նամակով դիմել և հորդորել է Արցախում գործող 100-ից ավել կազմակերպությունների՝ ակնկալելով իրենց մասնակցությունը բարեգործական այս ծրագրին: ՀՕՄ-ի Ացախի միավորը ևս անմասն չի մնալցել և տարբեր նախաձեռնություններով նպաստելու է մանկապարտեզի շինարարության արագ ընթացքին ու ավարտին։

Շինարարությունը սկսվել է 2015 թվականի օգոստոսին։ Աշխատանքներին հետևում էր նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը:

Մանկապարտեզի նոր շենքը կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան: Ամեն մի խումբ կունենա իր ննջասենյակը, խաղասենյակը, ճաշասենյակը, սանհանգույցը, հանդերձարանը, կլինեն ընդհանուր սպասարկման սենյակներ, դահլիճ, խոհանոց, բուժսենյակ և այլն։

Այս տարիների ընթացքում հոմուհինները կրթել եւ դաստիարակել են ավելի քան 2000 մանուկների եւ դեռ հազարավորներին կընդունեն՝ ճիշտ եւ հայեցի կրթելու համար:

Լուսինե Թեւոսյան

1