Ստեփանակերտի հրապարակի ձյունե «Տատիկ-պապիկ»-ի հետքերով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտի հրապարակի ձյունե «Տատիկ-պապիկ»-ի հետքերով

Ստեփանակերտի հրապարակի ձյունե «Տատիկ-պապիկ»-ի հետքերով

Որոշ ժամանակ առաջ շատերի հիացմունքի առարկան էր դարձել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ձյունից պատրաստված «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը: Գաղափարի հեղինակը և իրագործողը Արթուր Պողոսյանն է, ով վերջերս է տեղափոխվել Ստեփանակերտ և շատ է սիրում այդպիսի աշխատանքներ: «Մինչ այդ ցանկացել եմ հրապարակում ծաղրածուների շարք պատրաստել, բայց ձյունը բավարար չէր, չնայած անընդհատ հետևում էի՝ տեսնելու կպչուն է, հնարավոր է արդյո՞ք պատրաստել»,- ասում է Արթուրը: Իսկ «Տատիկ-պապիկ»-ը վաղուց էր ցանկանում պատրաստել, գալու օրվանից: Այդ օրը առատ ձյուն էր եկել, առանց հապաղելու սկսել է աշխատել: 2 օր տևած աշխատանքը 2 օրվա կյանք ունեցավ, բայց մեծ հետաքրքություն առաջացրեց:

16826106_535908079913243_7860219843526529155_o

Արմատներով արցախցի Արթուր Պողոսյանը ծնվել և մեծացել է Երևանում, ավարտել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, այնուհետև` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Մասնագիտությամբ խեցեգործ-նկարիչը երկար տարիներ աշխատել է Երևանի իր արվեստանոցում, որտեղ շեշտը դրված էր արտադրական համակարգի վրա: Իսկ Արցախ տեղափոխվելու մտադրություն ուներ շատ վաղուց, դեռ 8-10 տարի առաջ՝ թե ոսումնառության և թե աշխատելու ընթացքում, սակայն ամեն անգամ ինչ-որ խնդիր, խոչընդոտ էր առաջանում: «Կարելի է ասել` Երևանում արդեն շատ բան էի արել, ինձ պետք էր գործողությունների ավելի լայն շրջանակ, որը գտա, որ պետք է սկսվի Արցախում»,- նշում է Արթուրը:

Դիմեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, ընդառաջեցին, և արդեն 4 ամսից ավելի է, ինչ տեղափոխվել և բնակվում է Ստեփանակերտում:

«Այստեղ կան կավագործությամբ զբաղվողներ. ես կփորձեմ իմ ձևով մատուցել կավագործությունն ու խեցեգործությունը: Տեսնելով, թե ինչպիսի ոգևորությամբ են երեխաները հաճախում, կարծում եմ` տարածում կունենա»,- համոզված է զրուցակիցս:

Այժմ Ստեփանակերտի Երիտասարդական պալատի երրորդ հարկում Արթուրը երկու խմբակ է վարում՝ նկարչական և կավագործական: Անվճար հիմունքներով գործող խմբակ են հաճախում 15 աշակերտ: «Ճիշտ է, մի քիչ նեղվածք է, բայց եթե ուզում ես ինչ-որ բան անել, պետք է անել՝ անկախ ամեն ինչից»,- ասում է Արթուր Պողոսյանը:

Ստելլան` արդեն մի քանի շաբաթ է, ինչ հաճախում է նկարչական խմբակի պարապմունքներին: Ասում է, որ շատ նոր բաներ է սովորել, ինչն իր մոտ լավ չէր ստացվում. դրա վրա են աշխատել և ահագին առաջընթաց կա:

Արթուրն այստեղի երեխաներից շատ գոհ ու տպավորված է: «Բոլոր մեծ քաղաքների նման Երևանում ևս շատ էր մարդկանց անտարբերությունը, իսկ այստեղ մարդիկ շատ անմիջական են, ջերմ իրար հանդեպ, միշտ պատրաստակամ օգնելու, ձեռք մեկնելու, որը շատ դրական լիցքեր է տալիս»,- նշում է Արթուրը:

Մնալու ժամկետների մասին հստակ չգիտի, բայց ուժերի սահմաններում անում է հնարավորը, որպեսզի հասնի առավելագույն արդյունքի:

ՄԵՀ նախարարության հետ պայմանավորվածություն կա ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ: Խեցեգործ-նկարիչի հիմնական առաքելությունը մասնագետներ պատրաստելն է, այնուհետև արվեստը շրջաներում ևս տարածելը:

Տաթևիկ Աղաջանյան

12645051_141383466243004_7908384800422822212_n

12669438_141385806242770_459673548139536880_n

15578688_337686616612687_7021851055539876893_n

1