Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ներկան ու ապագան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ներկան ու ապագան

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ներկան ու ապագան

Ընդհանրապես յուրաքանչյուր կրթօջախ հանդիսանում է այն քուրան, որի մեջ դարբնվում, թրծվում է հայի և սերնդի հարազատ ինքնությունը, ձևավորվում ազգի ապագան: Դպրոցը դարեր շարունակ եղել է հայեցի դաստիարակության, ազգի արժանի զավակներ կրթող, աշակերտներին ինքնուրույն կյանքի պատրաստող կարևորագույն օղակ: Նույնպիսի առաքելություն ունի նաև Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը, որի կենսատու արմատից էլ ճյուղավորվել են մնացածները:

 

Դպրոցի պատմությունն սկսվում է դեռևս 1925 թվականից. մինչև 1923թ. Ստեփանակերտում գործում էր որպես երկամյա դպրոց:

 

1930թ. դպրոցը վերակազմավորվեց իննամյա դպրոցի, որի առաջին շրջանավարտներից էին 20-րդ դարի վաստակավոր ուսուցիչներ Պավել Անդրյանն ու Արամ Մարտիրոսյանը: Հաջորդ տարիներին ևս դպրոցը անվանի շրջանավարտների պակաս չունեցավ:

 

Իր պատմության ընթացքում 90-ից ավելի տարիների ավանդ ունեցող դպրոցը մայրաքաղաքի տարբեր տարածքներում է տեղակայված եղել: Սկզբում՝ գյուղատնտեսական տեխնիկումի շենքում, 1936-ից՝ ներկայիս «Արմենիա» հյուրանոցի տեղում, իսկ 1994թ. նոյեմբերի 1-ին դպրոցին տրամադրվեց Կնունյանցներիի 48 հասցեում գտնվող շենքը:

 

1936թ. դպրոցն ստացավ Մաքսիմ Գորկու անունը, 1988թ. մանկխորհի որոշմամբ դպրոցը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց:

 

Տարեցտարի ավելանում էր աշակերտների քանակը: Շենքային պայմանները, սակայն, ավելի սուղ էին դառնում: Դրա պատճառով դպրոցը գործում էր երկու հերթափոխով, ինչը չէր կարող չազդել կրթական գործընթացի վրա: Հենց այս հանգամանքն է առիթ հանդիսացել նոր շենքի շինարարության համար: 2008թ. «Փրկենք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակը ձեռնամուխ եղավ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, որն ավարտին հասցվեց 2010-ին: Մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով, ի դեպ, դպրոցի շրջանավարտ է:

 

Կրթօջախի վերանորոգման աշխատանքները շարունակվեցին նաև հետագայում: Ռուսաստանաբնակ բարերար Նիկոլայ Սարկիսովի հովանավորությամբ դպրոցի տարածքում կառուցվեց մի մասնաշենք ևս: Նոր մասնաշենքը՝ հարմարավետ և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, շահագործման հանձնվեց 2014-ին: Այն ունի մեծ դահլիճ, գրադարան, հրաձգարան, սպորտդահլիճ, շենքին կից կա մեծ մարզադաշտ: Շենքի մոտ հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի արձանն է եւ Մաշտոցյան այբուբենի տառերով կոթողը:

 

Դպրոցն այսօր աշակերտների քանակով ամենամեծերից մեկն է հանրապետությունում: Ներկայումս ունի 1586 աշակերտ, որից 190-ը նախադպրոցական 6 խմբերում են ընդգրկված:

 

Դպրոց-բանակ կապը միշտ էլ կարևորվել է երկուստեք: Դպրոցում հաճախակի են կազմակերպվում հանդիպումներ սպաների հետ: Ավանդական են դարձել արիության դասերը՝ նվիրված ԼՂՀ Անկախության հռչակման օրվան և Մայիսյան եռատոնին: Արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակին դասարաններ են անվանակոչվում, հանդիպումներ կազմակերպվում ծնողների, հարազատների, մարտական ընկերների հետ:

 

Արցախյան նորաստեղծ բանակին անդամագրվեցին և հայրենիքը կրծքով պաշտպանել երդվեցին դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ: Կռվեցին: Հաղթեցին: Ցավոք, նաև ընկան շատերը: Դպրոցի շրջանավարտներից 130-ը զոհվել են մարտադաշտում: 2016թ. ապրիլի 21-ին թշնամու գնդակից ընկավ դպրոցի ևս մեկ շրջանավարտ՝ Մարատ Դանիելյանը: Դպրոցի շենքի մոտ նրան և բոլոր նահատակներին նվիրված հուշակոթող է տեղադրվել:

 

Դպրոցի տնօրեն Ժաննա Բալայանը մեծ հպարտությամբ է խոսում ուսուցիչների և աշակերտների հաջողությունների մասին: Ծանոթանալով դպրոցի գրանցած հաջողություններին՝ հասկանում ես, որ հպարտանալու իրավունք ունի: 2004-2005 ուսումնական տարում դպրոցը ճանաչվեց հանրապետության «Տարվա լավագույն դպրոց» (տնօրեն՝ վաստակավոր ուսուցիչ Ռոմելա Դադայան): Ուսուցիչներից Ի. Թադևոսյանն ու Ա. Վանյանը մասնակցել են «Լավագույն ուսուցիչ» մրցույթին և քաղաքային փուլում հաղթող ճանաչվել:

 

Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոմելա Թովմասյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով, մի շարք ուսուցիչներ արժանացել են «Վաստակավոր մանկավարժ», «Սպորտի վաստակավոր գործիչ» կոչման:

 

Աշակերտները պարբերաբար հաջողություններ են գրանցում ԼՂՀ-ում և ՀՀ-ում անցկացվող կրթական, սպորտային, գիտական մրցույթներում: Ուսուցիչները որոշ ափսոսանքով փաստում են, որ իրենց աշակերտների մի մասը հիմնական դպրոցում չեն հասցնում լրիվությամբ դրսևորվել, բացահայտվել և հաջողություններ են գրանցում ավագ դպրոցում:

 

Հետաքրքրական է, որ ներկայումս դասավանդող ուսուցիչների մեծամասնությունը դպրոցի նախկին շրջանավարտներ են:

 

Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի փոխտնօրեն, քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Իրա Թադևոսյանը նշեց, որ աշակերտները համարյա ամեն տարի հաջողություններ են գրանցում ասմունքի մրցույթներում, ԼՂՀ Ազգային Ժողովի գավաթի խաղարկությունում: Փոխտնօրենը, ով ևս դպրոցի շրջանավարտ է եւ դասավանդում է 2001-ից, նշում է, որ իրեն հարազատի պես են ընդունել, ինքն էլ նույն վերաբերմունքն ունի դպրոցի ուսուցիչների ու աշակերտների նկատմամբ:

 

«Դպրոցն առանձնանում է հարմարավետ շենքային պայմաններով, ինչը հնարավոր դարձավ հովանավորների շնորհիվ: Մնացած առումներով՝ բոլոր ուսուցիչների նման կրթում, դաստիարակում ենք աշակերտներին, որով և նման ենք իրար» — շեշտեց Ի. Թադևոսյանը:

 

Ուսուցչական կազմը դպրոցի առավելություններից է համարում եւ այն, որ բոլոր ուսուցիչներն ապահովված են ժամաքանակով, աշխատում են տեխնիկապես հագեցած պայմաններում:

 

Իր գործունեության ողջ ընթացքում մայրաքաղաքի առաջին դպրոցը թողարկել է բազում շրջանավարտներ՝ մեր լեռնաշխարհի արժանավոր զավակներ, պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, գիտության և կրթության նվիրյալներ, մշակույթի, սպորտի գործիչներ:

 

Լիահույս ենք, որ ապագայում ևս ականատես կլինենք Խաչատուր Աբովյանի անունը կրող դպրոցի շրջանավարտների ազգային, հայրենաստեղծ գործունեությանը, որում, անշուշտ, իրենց ավանդն ունեն մանկավարժները:

 

Տաթևիկ Աղաջանյան

 

 

1