Սպանություն թուրքական ձևով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սպանություն թուրքական ձևով

Սպանություն թուրքական ձևով

Երեկ երեկոյան Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից գրեթե անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շտապեց հայտարարել, թե Մոսկվան տեղի ունեցածը որակում է որպես ահաբեկչություն և Թուրքիայի իշխանություններից պահանջում հանցագործության լիարժեք բացահայտման նպատակով կատարել օբյեկտիվ քննություն: Այդ շտապողականությունը հաստատեց, որ Մոսկվան Թուրքիայի իշխանություններին ազատում է դեսպանի սպանության պատասխանատվությունից: LIVE.ru-ին տված հարցազրույցում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նշել էր, թե իրենք պաշտոնական Անկարայից ակնկալում են «օբյեկտիվ» գնահատական, որ Արևմուտքն է փորձում երկու երկրներին կռվեցնել: Ըստ էության՝ Ժիրինովսկին այդպիսով արտահայտել էր ռուսական կողմի սպասելիքը, թե հատկապես ինչպիսի բացատրություն և հայտարարություն է ուզում լսել Մոսկվան՝ ռուս-թուրքական նոր ջերմացած հարաբերությունները կրկին վտանգի տակ չդնելու առումով:

Անկարայի արձագանքն այս իմաստով կանխատեսելի էր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, նրան, ռուս ժողովրդին իր խորին ցավակցությունները հայտնելուց բացի, նշեց, որ տեղի ունեցածը հարձակում էր թուրք ժողովրդի դեմ: «Այս ահաբեկչական ակտը կհետաքննվի առանձնահատուկ բծախնդրությամբ»,- հավաստիացրել է Էրդողանը: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են սպանության քննության նպատակով ձևավորել համատեղ հանձնաժողով:

Թե’ Անկարան և թե’ Մոսկվան, չսպասելով գոնե հետաքննության նախնական արդյունքներին, քաղաքական միևնույն գնահատականն են տալիս կատարվածին՝ հայտարարելով, թե այն ուղղված էր ինչպես ռուս-թուրքական սերտացող հարաբերությունների, այնպես էլ Սիրիայում երկու երկրների հակաահաբեկչական արդյունավետ գործողությունների դեմ: Որպես ոպացույց, որ դեսպանի սպանության միջոցով Մոսկվայի և Անկարայի միջև սեպ խրելու փորձը չի ստացվել, երկու կողմերի որոշմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը Մոսկվա՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքաիայի ատգործնախարարների վաղօրոք հրավիրված հանդիպման շրջանակում, չի հետաձգվել:

Սպանությունից հետո Անկարայից և Մոսկվայից հնչած առաջին իսկ հայտարարությունները վկայում էին, որ, անկախ ամեն ինչից, երկու կողմերն էլ առաջնորդվելու են բացառապես քաղաքական «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքով, որը թելադրում է պահպանել երկկողմ հարաբերությունների ներկայիս վերընթաց մակարդակը: Սա նշանակում էր, որ անցած տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռը թուրքական ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու պատճառով հարաբերությունների խզման կրկնությունը գործնականում բացառվում է: Խնդիրը այն է, որ  դժվարին քաղաքական մանևրներից հետո կողմերը շատ կարճ ժամանակում վերագործարկեցին այդ միջադեպի հետևանքով սառեցված տնտեսական բոլոր նախագծերը, այդ թվում` «Թուրքական հոսք»  գազատարի շինարարությունը, քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերեցին հսկայական ծավալների հասնող առևտրաշրջանառությունն իրականացնել ազգային վալյուտաներով: Հարաբերությունների վերականգնումը հանգեցրեց Մոսկվայի համաձայնությամբ թուրքական զորքի` Սիրիա ներխուժմանը, ինչը Թուրքիային հնարավորություն տվեց ոչ միայն մտնել մերձավորարևելյան նոր քարտեզագրման գործընթացի մեջ, այլև քարտ բլանշ ստանալ` լուծելու իր սահմաններից քրդերի հեռացման երազանքը: Իսկ Սիրիայի կառավարական ուժերի հետ գործակցությամբ Հալեպի ազատագրումն ամրագրեց տարածաշրջանում ուժային բալանսի կտրուկ փոփոխությունը Ռուսաստանի օգտին և նրա քաղաքական հեգեմոնիայի հաստատմանը:

Մոսկվան չի թաքցնում իր ցանկությունը Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս քաշելու և դեպի եվրասիաինտեգրացիոն նախագծեր ներգրավելու հարցում, ինչն օգտագործվում է Անկարայի կողմից Արևմուտքի հետ շանտաժի լեզվով հաղորդակցվելու համար: Այսինքն` Ռուսաստանը և Թուրքիան այս տարվա հունիսին հարաբերությունները վերականգնելու արդյունքում այնպիսի լուրջ դիրքային առավելությունների էին հասել, որ ուղղակի անմտություն են համարում դեսպանի սպանության պատճառով այդ ամենը զրոյացնել: Հակառակը՝ այն միասնականությունը, որը կողմերը հանդես են բերում դեսպան Կառլովի սպանությանը տրված գնահատականներում, ավելի շատ խոսում է այն մասին, որ դա կարող է նոր խթան դառնալ ռուս-թուրքական հարաբերությունների համար և կողմերին մղել ներքին ու արտաքին մարտավարական խնդիրների լուծմանը: Մասնավորապես` թե’ Ռուսաստանի առաջին իսկ ուղերձներից և թե’  դեսպանի սպանության հարցը ՄԱԿ-ում բարձրացնելուց պարզ է դառնում, որ Մոսկվան այն առիթ է դարձնելու Սիրիայում իր գործողությունները հակաահաբեկչական պայքարի ուժեղացման քողի ներքո ավելի ինտենսիվացնելու, Թուրքիայի հետ իսկապես ամոթալի հաշտությունը սեփական հասարակության մոտ արդարացնելու համար:

Թուրքական իշխանությունների համար այս դեպքը առիթ է դառնալու Էրդողանի տոտալիտար, սուլթանական ռեժիմի հաստատմանը նոր թափ հաղորդելու համար: Այն փաստը, որ հանցագործը Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից է, լիարժեք ազատություն է տալու Էրդողանին այս տարվա հուլիսին ձախողված հեղաշրջումից հետո բանակում իրականացված «զտումներից» հետո թիրախավորել նաև ոստիկանական համակարգը: Բացի դրանից՝ այն նոր թափ կհաղորդի հակագյուլենական հալածանքներին: Պատահական չէ, որ դեսպանի սպանությունից անմիջապես հետո Էրդողանի խորհրդականը հայտարարեց, թե հանցագործը կապված է եղել ԱՄՆ-ում բնակվող թուրք այլախոհական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի՝ Թուրքիայում որպես ահաբեկչական կազմակերպություն հռչակված շարժման հետ, ինչը, իհարկե, հերքվեց Գյուլենի ներկայացուցչի կողմից: Քանի որ հանցագործը սպանված է, ստեղծվում է հետաքննությունը ցանկալի ուղղությամբ տանելու հնարավորություն: Եթե անգամ չհաջողվի ապացուցել հանցագործի կապը գյուլենականների հետ, ըստ ամենայնի` սպանությունը կկապվի Սիրիայում և Իրաքում գործող իսլամական ծայրահեղական խմբավորումների հետ:

Անկարայի և Մոսկվայի՝ նույն լեզվով խոսելու փաստը վկայում է, որ միջադեպը կարող է դառնալ փոխադարձ վստահության վերականգնման նախադրյալ: Հայաստանում առաջացած սպասումները, թե սա կդառնա ռուս-թուրքական «եղբայրության» հերթական ֆիասկոն, անտեղի են և անօգուտ: Ռուս-թուրքական հարաբերությունները չեն կառուցվում այդ տրամաբանությամբ: Հայաստանի համար ռուս-թուրքական մերձեցումը նույնքան վտանգավոր է, որքան խզումը կամ պատերազմը: Պատմական փորձը ցույց է տալիս, որ երկու դեպքում էլ թիրախավորվում է Հայաստանի շահը:

Գևորգ Դարբինյան 

1