Սպանեք ներքին վախերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սպանեք ներքին վախերը

Սպանեք ներքին վախերը

Մայիսին նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակը: Հայի ուժի, հայի ոգու, առ լինելություն հայի հավատի, անկախ և ինքնիշխան պետություն-հայրենիք ունենալու հայի դարավոր երազանիքների իրականացման մեծագույն վկայությունն է դա:

Ցեղասպանությունը մեր անժամանցելի տխուր հիշողությունն է, որ նույնպես իր հարյուրամյակին հասավ, ու ողջ աշխարհի մարդկության ճակատին մեծ դղրդյունով խարանվեց. չդատապարտեք` կլինեք դատապարտված: Կարելի՞ է չափել այն ուժը, որ այդ մեծ արհավիրքից հետո հայը գտավ իր մեջ ու իր բնօրրանի մի հատվածում արարեց Հայաստանի Հանրապետություն հրաշքը: Եվս մի 100 տարի, ու պետք է ծնվեր նոր հրաշքը` Արցախի Հանրապետությունը, մեր երկրորդ անկախությունը, որ, ինչպես 100 տարի առաջ Հայասատնի Հանրապետությունը, դարձավ տուն ու տանիք իր հերոսական ժողովրդի համար:

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ անելիքները շատ են, իսկ ամենամեծ անելիքը, թերևս, այդ անկախությանը մեր պարտքը վերադարձնելն է, 100-ամյա հեռավորությունից այն ճիշտ արժևորելն ու մեր ասելիք-անելիքը օտարոտի վախերից մաքրելը: Արձան ենք կանգնեցնում` մտածում եք` ինչ կասեն, ֆիլմ ենք նկարում` մտածում ենք ինչ կասեն, ելույթ ենք ունենում` մտածում ենք` ինչ կասեն… Ասես հմայիլ են դրել մեր մեջ… Զինանշանն ենք խուզում, օրհներգն ենք հարթում, մեր ձեռքով մեր պատմությունն ենք ծռմռում` որ հանկարծ… որ հանկարծ մեզ բան չասեն, եթե դա իրենց քիմքին հաճելի չլինի: Հանենք մեր միջից այդ հմայիլը, բավական է այլևս առաջ գնալ 70-ամյա խորհրդային վախերով ու կեղծիքով:

Շշմելու բան եմ ասելու հիմա: Հայ կինոռեժիսորը ֆիլմ է նկարել մայիսյան հերոսամարտերի մասին, որոնց տրամաբանական շարունակությունը դարձավ Հայաստանի Հանրապետւթյունը: Եվ գիտե՞ք ինչ է ասում այդ ֆիլմում: Ասում է` կաթողիկոսն առաջ ընկավ, ժողովուրդն էլ նրա հետևից գնաց ու Սարդարապատում ջարդ տվեց թուրքերին: Այ էս բոյի էշություն, և ոչ մի խոսք այդ ամենի կազմակերպիչների` գլուխները մահու տված դաշնակցական գործիչների մասին: Դրո՞ն, հա՛ա՛ա՛,  երևի պատահաբար իմացել է որ Բաշ Ապարանի կողմերում կռիվ է ու Ջամշլու գյուղից իջել է Ապարան, որ տեսնի ինչ է կատարվում: Ձեր խելքին ձյուն գա, ո՞վ է այդպս կինո նկարում:

Տարիներ առաջ Եռաբլուրում ամփոփեցինք զորավար Սեպուհի աճյունասափորը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլավորությամբ մեծ թվով պաշտոնյաներ էին ներկա, նաև զինվորներ էին բերել, որ նրանց էլ վարակեին քաջ զորավարի օրինակով: Լիքը ժողովուրդ… Եվ սկսվեցին ճառերը: Ամենաերկարը խոսեց պաշտպանության նախարարը, որ անդրադարձավ Սեպուհի քաջագործություններին, զորովարական ունակություններին, շիտակությանը, ահարկու տեսքին և այլն: Հետո ձայն տրվեց աճյունասափորը Հայաստան ուղեկացծ Սեպուհի ինչ-որ բարեկամների ու հերթը հասավ պատմաբանին, որ պետք է ամփոփեր այդ իրադարձությունը: Սա էլ ահագին խոսեց, ներկայացրեց ժամանակաշրջանը, Սեպուհի մանկությունը, պատանեկությունը ու մեկ էլ կտրոկ անցում կատարեց, թե բա Սեպուհը, տեսնելով ժողովրդի վատ վիճակը, զենքը վերցրեց ու գնաց կռիվ: Ես ոչ մի վատ բան այդ պատմաբանի մասին չեմ կարող ասել, որովհետև նրա գրքում բոլորովին այլ Սեպուհ է, ճշմարիտ, մասնագիտությամբ հյուսն շարքային դաշնակցականից մեինչև կուսակցական դպրոցով թրծված զորավար: Հիմա ուզում եմ հասկանալ` ո՞վ կարող էր մեզ սրբավայր Եռաբլուրում որևէ բան ասել, եթե մենք համարձակ ներկայացնեինք մեր հերոսին:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակի բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Բայց այդ միջոցառումներն իրենց բովանդակությամբ, ցավալիորեն, շատ տարբեր են հայաստանյան միջոցառումներից: Ինչո՞ւ է Լիբանանում նույն երգը հնչում մի կերպ, իսկ Հայստանում` մեկ այլ, մի տեսակ վախվորած, փոխված բառերով, ինչո՞ւ են Սփյուռքում կարծում, որ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը պետք է դրվի Հանրապետության հրապարակում, իսկ Հայաստանում մտածում` դե դաշնակցական է, հրապարակի կողքին ավելի լավ կնայվի:

Ես չգիտեմ, թե ով է հղացել այն լուսավոր միտքը, որ մեր դպրոցներում Դաշնակցության անունը ինչքան քիչ տանք, այնքան լավ: Նույն երգն այստեղ է` ժողովուրդը զենքը վերցրեց ու գնաց թուրքի դեմ կռիվ: Այդպես էլ սերունդ ենք կրթում, ու դպրոցից դուրս եկողը մտածում է` ոնց անի, որ չգնա ծառայության, որովհետև վախենում է` սապոգը ոտքը ցավեցնի: Հավատացեք, ոչինչ հենց այնպես չի լինում, և մեր բազում խնդիրներ էլ պայմանավորված են ոչ թե ուրիշ ազդեցություններով, այլ ծնունդ են մեր մեջ նստած վախերի:

Մայիսին նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակը: Հայի ուժի, հայի ոգու, առ լինելիություն հայի հավատի, անկախ և ինքնիշխան պետություն-հայրենիք ունենալու հայի դարավոր երազանիքի իրականացման մեծագույն վկայությունն է դա: Ու կարիք չկա, որ մինչև 21-րդ դար մեզ հետ բերած տարօրինակություններով զարմացնենք ոչ միայն ինքներս մեզ, այլև այդ երևելի հոբելյանը մեզ հետ նշող միջազգային հանրությանը:

Էդիկ Անդրեասյան

1