Սումգայիթը մարդկության պատմության ամենախայտառակ էջերից մեկն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Սումգայիթը մարդկության պատմության ամենախայտառակ էջերից մեկն է

Սումգայիթը մարդկության պատմության ամենախայտառակ էջերից մեկն է

<<Մենք 5-րդ հարկում էինք ապրում: Պատշգամբում կանգնած սպասում էի, որ հենց մտնեն մեր տուն, ընդամենը մեկ քայլ անեմ ու ինձ նետեմ ներքեւ…>>

 

25 տարի առաջ, փետրվարյան այս օրերին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիների կողմից իրականացվեց ոճրագործություն` ցեղասպանություն, իրավամբ պետք է համարել` 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում Երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանության շարունակություն: 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ եւ ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր:
Այդ օրերին Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հեղվեց հայի արյունը։

 

 

էթնիկ ազերիներից կազմված ամբոխը, խմբեր կազմելով, հարձակվել է հայերի վրա ամենուրեք՝ փողոցներում եւ նրանց բնակարաններում, անարգանքի ենթարկել, սպանել և թալանել հայերին: Այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել ոստիկանության եւ կառավարության աջակցությամբ: Այդ դեպքերը աննախադեպ են իրենց վայրագությամբ եւ անմարդկայնությամբ:

 

Ռուզաննա Ավագյանը սումգայիթյան դժոխքի ականատեսներից է: Նա այսօր ապրում է Ստեփանակերտում` իր որդիների հետ: Այդ դաժան օրերից անցել է 25 տարի, սակայն այսօր էլ, հիշելով փետրվարյան օրերը, չի կարողանում զսպել հուզմունքը:

 

 

<<25 տարի առաջ ծնողներիս հետ ապրում էինք Սումգայիթ քաղաքում, 8-րդ միկրոռայոնում, 29/բ շենքում: Ես Սումգայիթում եմ ուսում ստացել, հենց այնտեղ էլ աշխատում էի: Ծնողներս նույնպես աշխատում էին նույն քաղաքում: Փետրվարյան 3 օրերը իմ կյանքի ամենադաժան օրերն են եղել: Ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ մի քաղաքում այնքան տարի ապրելուց հետո հրահանգ պետք է լինի` վերացնել հայ ժողովրդին: Այդ մասին ադրբեջանցիները առաջին անգամ բարձրաձայնեցին Սումգայիթում առաջին ցույցերի ժամանակ:

 

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իրենց մոտ սկզբում սկսվեցին ցույցեր, իսկ, ըստ իրենց, ցույցերի պատճառն այն էր, որ Ղարաբաղում հանրությունը պահանջում էր Ադրբեջանի կազմից դուրս գալ եւ միանալ Հայաստանին: Երբ ժամանակը հետ եմ տալիս, համոզվում եմ, որ ազերիների ցույցերն այնքան էլ կապ չունեին Արցախում կայացող ցույցերի հետ: Սումգայիթում բնակվող հայերը գաղափար անգամ չունեին, որ Արցախում ցույցեր են տեղի ունենում: Հատուկենտ մարդիկ, կապ հաստատելով Արցախում բնակվող հարազատների հետ, տեղեկանում էին, թե ինչ է կատարվում Արցախում: Տարիների անիվը հետ պտտելով` չեմ կարողանում հասկանալ` եթե այդ ամենը շատ կարճ ժամանակահատվածում են կազմակերպել, այդ ինչպես հասցրեցին այդ մի քանի օրերի ընթացքում ճշտել բոլոր հայ բնակիչների բնակարանների հասցեները, պատրաստել հատուկ երկաթյա ձողեր, որոնցով պետք է հայերին ծեծելով սպանեին:

 

 

Այդ ինչպես հնարավոր եղավ բանտերից համաներման հրամանով ազատել բոլոր բանտարկյալներին` այն դեպքում, որ համաներում իրականացվում է հատուկ դեպքերի համար: Այն, որ հայերի բնակարանների հասցեներն են ճշտում` այդ մասին իմացա տանը. այդ օրերին մի քիչ վատառողջ էի եւ աշխատանքի չէի գնում: Գործընկերուհիս փետրվարի 26-ին եկել էր ինձ տեսության, ասաց, որ զանգահարել էին աշխատավայր (իսկ ես ուսումնարանում էի աշխատում) եւ պահանջել տրամադրել հայ աշխատակիցների բնակարաների հասցեները: Գործընկերուհիս ասաց` մեր տնօրենը` Նարգիզ Բեյբալաեւան չտվեց ձեր տան հասցեն եւ հորդորեց բոլոր աշխատակիցներին` չտալ ձեր հասցեն: Մեր տնօրենը եւ մայրիկս ընկերուհիներ էին, դրա համար մեր տան հասցեն չէին տվել, բայց մյուս հայ աշխատակիցների հասցեները տվել էին:

 

 

Փետրվարի 27-ին հորեղբորս աղջկա հետ դուրս էի եկել տնից, ատամնաբույժի մոտ էինք ուզում գնալ: Ճանապարհին տեսանք` գազազած ամբոխը վազում է մի մարդու ետեւից, իսկ այդ մարդը (պարզվեց հայ է) գոռում էր, որ ինքը մեղավոր չէ: Սակայն գազազած ամբոխը բղավում էր` սպանել նրան: Ես էլի չէի հասկանում, թե ինչ է կատարվում, մտածում էի, որ միգուցե այդ մարդն ինչ- որ վատ բան է արել: Հետո գազազած ամբողը սկսեց ջարդել խանութների ապակիները, շրջել մեքենաներ: Վախից քայլերս արագացրի: Ինձ մոտեցավ մի ոստիկան, ով մեր միկրոռայոնում էր ապրում ու ճանաչում էր ծնողներիս, ասաց, որ կտրուկ գործողություններ չանեմ եւ քայլեմ իր հետ:

 

 

Ոստիկանն ինձ ուղեկցեց մինչեւ մեր տուն եւ ես անվնաս տուն հասա: Երեկոյան մայրս աշխատանքից վերադարձավ ու ասաց, որ այն, ինչ կատարվում է այստեղ` սարսափելի է, եւ որ մենք այստեղ անելիք չունենք: Ուղեղումս չէր տեղավորվում այն միտքը, թե ինչպես հեռանալ այստեղից, թողնել ծովը, այն քաղաքը, որի կառուցման ժամանակ հայրս մեծ դերակատարություն է ունեցել: Քաղաքը հայերն են հիմնականում կառուցել: Հորս բոլորն էին ճանաչում. նա լավ մասնագետ էր եւ հարգում էին նրան: Ինչպես թողնել այդ ամենն ու գնալ: Մենք մտածում էինք, որ կհանդարտվի այդ ամենը եւ կյանքը իր նախկին հունով կշարունակվի: Փետրվարի 28-ին ծնողներս գնացին աշխատանքի, ես էլ դուրս եկա կանգառ, որպեսզի գնամ հիվանդության համար ձեւակերպված բժշկական տեղեկանքի հետեւից: Փողոցում տեսա, թե ինչպես բազմահազարանոց ամբոխը վերեւից իջնում է վանկարկելով` սպանել հայերին, սպանել հայերին, թող հայերը հեռանան մեր քաղաքից եւ նմանատիպ այլ վանկարկումներ:

 

 

Հարեւանս մոտացավ ինձ եւ հորդորեց տուն վերադառնալ: Ես հասկացա, որ իսկապես վտանգավոր բան է կատարվում: Մեր մուտքում հայ ընտանիք էր ապրում, գնացի իրենց տուն: Քիչ հետո մեր բակ մտավ բեռնատար մեքենա, որտեղ բավական թվով մարդիկ կային, բոլորն էլ սեւ համազգեստով էին եւ երկաթե ձողերով զինված: Մեր ազերի հարեւաններից հարցրեցին, թե որտեղ են ապրում հայերը, մեր հարեւանը, փրկելով մեր կյանքը, մեկ այլ հայի բնակարան էր ցույց տվել: Սարսափելի էր. մեզ փրկելով` մեկ այլ հայ ընտանիք էր տուժվել: Զինված մարդիկ անընդհատ կրկնում էին <<գռն էրմանլարե>>, այսինքն` սպանել հայերին: Հայրս երեկոյան պատմեց այն` ինչ տեսել էր: Նա տեսել էր, թե ինչպես են 3-րդ միկրոռայոնում հղի կնոջ որովայնը բացել եւ երեխային հանել, այնուհետեւ երեխային կապել թելերով ու սկսել վանկարկել, որ հետագայում այսպես են վարվելու բոլոր հայերի հետ: Մենք հետո իմացանք, որ այդ կինը Ավագյան Լոլան է եղել. նա իմ ընկերուհին էր… ահավոր էր…

 

 

Ես մեր ընտանիքի միակ երեխան եմ: Հորս այդ ժամանակ խնդրեցի, որ եթե մեր տուն մտնեն, ապա թող ինքը անձամբ սպանի ինձ, որովհետեւ ես նման անարգանքի դիմանալ չէի կարող: Հայրս ասաց` ես իմ միակ երեխայի վրա ձեռք բարձրացնել չեմ կարող, բայց դու գիտես ինչ անել…

 

 

Մենք 5-րդ հարկում էինք ապրում: Պատշգամբում կանգնած սպասում էի, որ հենց մտնեն մեր տուն` ընդամենը մեկ քայլ անեմ ու ինձ նետեմ ներքեւ: Այդ ժամանակ պատշգամբում կանգնած տեսնում էի, թե ինչպես մեր դիմացի շենքից այդ ամբոխը դուրս բերեց ամբողջովին մերկ մի հայ աղջկա. նրա անունը Օլյա էր, նա ինձանից մի քանի տարով էր մեծ, չտեսնված գեղեցկուհի էր այդ աղջիկը: Նրան կապեցին բեռնատարից, իսկ եղբորը նետեցին պատուհանից, որից հետո պատուհանից դուրս էին նետում նրանց իրերը: Հետագայում իմացանք, որ Օլյային բեռնատարից կապած տարել էին <<չայխանա>>, բռնաբարել եւ ամբողջ մարմինը այրել էին ծխախոտով: Նույն մուտքում էլի հայեր էին ապրում` ծեր ամուսիններ, այնուհետեւ սկսեցին նրանց ծեծել ու իրերը դուրս նետել պատուհաններից:

 

 

Այդ պահին մեր դուռը թակեցին, հայրս կացինով կանգնել էր դռան հետեւում` մտածելով, որ միեւնույն է` մեզ սպանելու են, գոնե մինչ մեզ սպանելը` մեկ երկու թուրքի էլ ինքը կացնով կսպանի: Սակայն պարզվեց` դուռը թակում էր մեր ազերի հարեւանը, ում կինը ազգությամբ հայ է. նա եկել էր մեր հետեւից ու մեզ իր տուն տարավ: Մենք այդ գիշեր մի կերպ լուսացրեցինք: Ի դեպ, պարզվում է, ազերիները ունեին ներքին պայմանավորվածություն, մեր հարեւանը չէր թողնում, որ մենք վառենք տան լույսը, ըստ իրենց ներքին պայմանավորվածության` այն տունը, որտեղ լույս է վառվում, ուրեմն հայի տուն է: Հայերն այդ ամենի մասին չգիտեին, իսկ դա հեշտ միջոց էր հայերի բնակարանների տեղը ճշտելու համար: Ամսի 29-ին մեր հարեւանն ասաց, որ մեզ թաքցնելով` իր ընտանիքին է վտանգի տակ դնում, եւ առաջարկեց իր օգնությունը` քաղաքից դուրս բերելու հարցում: Նույն օրը հայրս, մայրս Ստեփանակերտից մեզ մոտ տեղափոխված տատիկս եւ ես իրարից բավական հեռավորության վրա, առանց որեւէ ձայն հանելու քայլեցինք ավտոկայարանի ուղղությամբ: Մինչ փողոց դուրս գալը մայրս ինձ հորդորում էր, որ եթե անգամ տեսնեմ, որ իրենց սպանում են, հանկարծ չշրջվեմ ու շարունակեմ ճանապարհս: Բարեբախտաբար, մենք ավտոկայարան հասանք առանց միջադեպի: Եւ առաջին իսկ ավտոբուսով ճանապարհվեցինք Բաքու. ի դեպ, այն ժամանակ Բաքվում համեմատաբար հանգիստ էր իրավիճակը: Զարմանալին այն է, որ փետրվարի 28-ից տանկերը շրջում էին քաղաքում, բայց ոչ մի ռուս զինվոր եւ, առհասարակ, ոչ ոք չէր փորձում խառնվել այդ իրադարձություններին: Այն, ինչ կատարվում էր այդ օրերին Սումգաիթում` աննկարագրելի էր… Ամենուրեք սպանում էին հայերին, նրանց իրերն էին նետում պատուհաններից, տարբեր տեղեր շինություններ էին վառվում. տպավորությունն այնպիսին էր, ասես դժոխքում ենք հայտնվել: Ավտոբուսի վարորդի շնորհիվ էր, որ մենք կարողացանք դուրս գալ այդ դժոխքից: Նա կարողացավ խույս տալ գազազած ամբոխից եւ մենք հասանք Բաքու: Այնտեղից փորձեցինք կապ հաստատել Սումգայիթում բնակվող մեր հարազատների հետ, սակայն ոչ մեկի հեռախոսահամարը չէր պատասխանում: Սումգայիթում բնակվող հորեղբորս ընտանիքն էլ էր հրաշքով փրկվել: Այն, ինչ այդ օրերին կատարվեց Սումգայիթում, դա նպատակադրված գործողությունների մի շարք էր, կարելի է ասել` ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկված էր այդ օրերի ղեկավարության կողմից: Մարտի 4-ին ես եւ հայրս վերադարձանք Սումգայիթ` տնից որոշակի իրեր վերցնելու համար:

 

 

Ծողներս տեղափոխվեցին Ղարաբաղ, իսկ ես, եւս 5 ակտիվ երիտասարդի հետ, գեներալ Կրաեւի հանձնարարությամբ մեկնեցինք Մոսկվա` Գորբաչովի հետ հանդիպման: Այդ դեպքերից հետո տեղի հայերը պահանջում էին, որ իրենց տրամադրվի հողատարածք, որպեսզի իրենք կառուցեն այնտեղ երկրորդ Սումգայիթը: Մարտի 8-ին մենք հասանք Մոսկվա: Մարդիկ այդ օրը տոնում էին կանանց միջազգային տոնը, իսկ մենք` դժոխքից փրկված հայերով ներկայացանք Գորբաչովի ընդունարան, հանձնեցինք գեներալ Կրաեւի նամակը, որը հիմք պետք է հանդիսանար, որ մեզ ընդուներ Գորբաչովը, սակայն, ինչպես պարզվեց, նա այդ ժամանակ Սերբիայում էր: Մեզ ֆուտբոլի գնդակի նման մի գերատեսչությունից մյուսն էին ուղարկում եւ, ի վերջո, մենք որոշեցինք վերադառնալ Երեւան, որտեղ էլ սկսեցի մասնակցել Ազատության հրապարակում կազմակերպվող ցույցերին: Մի օր էլ Ազատության հրապարակում հացադուլի նստեցի: Ի դեպ, առաջին հայ աղջիկն եմ եղել, ով նստել է հացադուլի` պահանջով <<Միացում Հայաստանին>>: Հենց հացադուլի ժամանակ Ազատության հրապարակում նշեցինք իմ ծննդյան 20-ամյակը>>:

 

 

Ռուզաննան արդեն 25 տարի է, ինչ ապրում է Արցախի պետական համալսարանի հանրակացարանում եւ, ինչպես ինքն է հավաստում, այդ նույն հանրակացարանում եւ նույն պայմաններում իր նման 30 փախստական ընտանիք է բնակվում: Ռուզանի խոսքով` այդ ընտանիքներն ապրում են այդ հանրակացարանում` ակնկալելով, որ առաջիկայում կլուծվի իրենց բնակարանային խնդիրը: 92 թվականին հենց Ռուզաննայի բնակված սենյակում էր ընկել ազերիների հերթական գրադը: Բարեբախտաբար, այդ պահին իր առաջնեկի հետ Ռուզաննան նկուղում է եղել: Ռուզաննայի որդիներից մեկը ծառայում է Պաշտպանության բանակում, իսկ փոքր տղան ունի առողջական խնդիրներ: Սակայն Ռուզաննան չի կորցնում իր հույսը վաղվա պայծառ օրվա նկատմամբ եւ ապրում է հավատով, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու:

 

 

Պատրաստեց` Անի ԱԶԱՏՅԱՆԸ

 

 

1