Սոցինտերնում համոզված են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սոցինտերնում համոզված են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

Սոցինտերնում համոզված են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

Մայիսի 9-11-ը Արցախում կայացավ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների հերթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը, ով  պատասխանեց <<Ապառաժ>>-ի թղթակցի հարցերին:

 

— Գաղտնիք չէ, որ թուրքական գործոնը մեծ է ղարաբաղա-ադրբեջանական վերջին պատերազմում, եւ Թուրքիան էլ ակնհայտորեն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Սոցինտերնի անդամ է. ինչպե՞ս է այդ կուսակցությունը վերաբերում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ Սոցինտերնի կողմից ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայի այդ քայլը:

 

— Ինչ վերաբերում է այդ կուսակցությանը, ապա նրանք խիստ քննադատական դիրքերից են խոսում Էրդողանի կուսակցության մասին, սակայն դեմ չեն Թուրքիայի վարած միջազգային քաղաքականությանը:

 

Իհարկե, նրանք, որպես Սոցինտերնի անդամ կուսակցություն, պետք է հետեւեն Սոցինտերնի ուղենիշներին, եւ ենթադրում եմ, որ վերջին իրադարձությունների հետ կապված՝ որոշակի մտահոգություններ ունեն: Ձեր նշած կուսակցությունը Աթաթուրքի հիմնած կուսակցությունն է: Իրենց համար Թուրքիայի ամբողջականությունը մեծ նշանակություն ունի, եւ բոլոր պարագաներում՝ այն հարցերը, որոնք կարող են վտանգել այդ ամբողջականությունը, նրանց համար լուրջ մտահոգիչ հարցեր են:

 

Ինչ վերաբերում է Սոցինտերնին, ապա պետք է նշեմ, որ այն իր լուրջ մտահոգություններն է հայտնել Էրդողանի ռեժիմի, Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մասին: Սոցինտերնի գլխավոր քարտուղարի մամլո ասուլիսներում, ինչպես նաեւ Սոցինտերնի հայտարարություններում ակնհայտ է, որ կառույցը լուրջ մտահոգված է Թուրքիայի ներկայիս կառավարության վարած քաղաքականությամբ:

 

— Ղարաբաղյան հարցը առկա՞ է Սոցինտերնի օրակարգում, եւ, առհասարակ, ի՞նչ քննարկումներ են ընթանում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ:

 

— Սոցինտերնն այն կազմակերպությունն է, որը միշտ երկխոսությունն ու խաղաղությունն իր գերագույն նպատակն է համարել: Այս առումով՝ տարիներ շարունակ Սոցինտերնը ԼՂ հարցի վերաբերյալ ունեցել է հստակ դիրքորոշում. այն է՝ Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է ունենա ռազմական լուծում, այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:

 

Սոցինտերնի գլխավոր քարտուղարը մի քանի տարի առաջ այցելեց Արցախ եւ հանդիպեց ԱՀ նախագահի հետ: Վերջին 4-5 տարիների ընթացքում կառույցը իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի սպառազինման եւ ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ, որոնք, վստահ ենք, վնասում են բանակցության գործընթացը: Համոզված ենք, որ Ղարաբաղի հիմնահարցի լուծումը միմիայն հնարավոր է խաղաղ ճանապարհով:

 

Այս ուղղությամբ՝ մայիսի 6-ին Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան իմ ներկայությամբ հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ, անշուշտ, խոսվեց Ղարաբաղյան հակամարտության մասին:

 

— Դուք, որպես Սոցինտերնի փոխնախագահ, ինչպե՞ս կգնահատեիք ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը, եւ ո՞րն է, ըստ ձեզ, Արցախյան հարցի լուծման ճիշտ ուղին:

 

-Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումն արժանացավ միջազգային հանրության եւ քաղաքական շրջանակների կողմից Ալիեւի կառավարության քննադատությանը:

 

Սակայն Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները մինչեւ այսօր չեն ստացել համապատասխան եւ համարժեք քննադատություն միջազգային հանրության, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Ինքնաբերաբար սա բերել է մի վիճակի, որ սանձարձակ կերպով Ադրբեջանը խախտել է բոլոր նորմերը՝ խոչընդոտելով բանակցային գործընթացը եւ խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Խաղաղության խախտումը, իրավունքների բռնաբարումը, լինի անհատական, թե պետությունների միջեւ եղած փոխհարաբերություններում, միմիայն վնասում, ավելի վտանգավոր է դարձնում այս տարածաշրջանը: Այս բոլորը խիստ դատապարտելի է:

 

Կարծում եմ՝ ԼՂՀ անկախության ճանաչումը կնպաստի բանակցությունների ճիշտ ընթացքին՝ ապահովելով  Հայաստանի անվտանգության երաշխիքները: Սակայն միշտ պետք է նկատի ունենալ, որ չպետք է վնասել բանակցային գործընթացը եւ խնդրի առարկա դարձնել անվտանգության երաշխիքները:

 

Զրույցը՝ Արմինե Նարինյանի

1