Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները (IUSY) տպավորված են Արցախով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները (IUSY) տպավորված են Արցախով

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները (IUSY) տպավորված են Արցախով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով երկօրյա այցով Արցախ են ժամանել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մի խումբ ներկայացուցիչներ՝ 17 երկրից 25 պատվիրակներ:

Երիտասարդները սեպտեմբերի 30-ին հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանի հետ: Գայանե Գրիգորյանը ներկայացրել է երիտասարդական ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, Արցախում ապրող երիտասարդների հիմնական խնդիրները, որոնք, ըստ փոխնախարարի, էականորեն չեն տարբերվում այլ տարածաշրջանների երիտասարդների խնդիրներից: Ընկերվար քաղաքական գործիչներին հետաքրքում էին Արցախի երիտասարդության զբաղվածության, ոլորտի ֆինանսավորման, զինվորական ծառայության, սահմանամերձ շրջանների բնակիչների ուսման իրավունքներին վերաբերող հարցեր:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները սեպտեմբերի 30-ին այցելել են նաև Halo Trust հումանիտար ականազերծման միջազգային կազմակերպության արցախյան գրասենյակ, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Դեպի Արցախ այցելությունը եզրափակվել է տեսարժան վայրեր այցելությամբ:

Լիբանանի Զարգացած երիտասարդություն կազմակերպության ընդհանուր համակարգող Լամա Ալ Արիդին Արցախի խնդիրը նմանեցնում է միջինարևելյան շատ խնդիրների, որտեղ մեծ պետությունների կողմից փոքրերին իշխելու և իրենց ենթարկելու ընդհանուր միտումը կա: «Խնդիրը նաև այս շրջանի ջրային պաշարների հետ է կապված և դրա համար է Ադրբեջանը Արցախը ցանկանում իր կազմում տեսնել»,- կարծում է Լամա Ալ Արիդին, ով մինչև այցելությունը մտածում էր, որ վտանգավոր պատերազմական մթնոլորտի կլինի, բայց այստեղ ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ:

Կիպրոսի Էդեքս Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների քարտուղար Գիորգոս Իրոդոտուն նշել է, որ մինչև Արցախ այցելելը մի քիչ կասկածամտորեն էր վերաբերում այստեղի իրավիճակին, բայց տեսնելուց հետո հասկացավ, որ ծաղկման ժամանակաշրջանում է գտնվում Արցախը և բավականին զարգացած է:

Տաթևիկ Աղաջանյան

1