Սոչիի պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնում է արցախցի Մհեր Ավանեսյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սոչիի պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնում է արցախցի Մհեր Ավանեսյանը

Սոչիի պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնում է արցախցի Մհեր Ավանեսյանը

Մարտի 7-ից 16-ը Սոչիում մեկնարկել են 11-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Այս տարի մեր երկրից ներկայացված է մեկ մարզիկ՝ լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը: Աշխարհի 45 երկրների 1600 հաշմանդամ մարզիկներ մեդալների 72 հավաքածուների համար կպայքարեն 5 մարզաձևերում՝ բիաթլոն, դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ,  կյորլինգ և հոկեյ : 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ  երկրաշարժից հետո ստեղծված հաշմանդամների «Փյունիկ» միությունը իր վրա է վերցրել երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը ՝  հասարակության մեջ ինտեգրելու  նպատակով:

 

 1994թ. «Փյունիկ» միության նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն , որը հիմնադրման օրվանից զբաղվում է հաշմանդամային սպորտի զարգացմամբ:

 

 Կազմակերպության գործունեության առաջին իսկ տարիներից   հաշմանդամ երեխաներն ակտիվ հանգստի և սպորտի միջոցով կոփում էին հոգեպես և մարմնապես, որը շատ կարևոր էր նրանց առողջության համար: Սպորտը միշտ համարվել է ուժեղ մարմին և ոգի ձևավորելու միջոց, ինչը առավել ևս անհրաժեշտ էր հաշմանդամներին:Սպորտային միջոցառումներին հաշմանդամների ակտիվ ներգրավմամբ«Փյունիկ» միությանը հաջողվեց  հասնել նրանց ֆիզիկական ունակությունների վերականգնմանն ու կատարելագործմանը:

 

      1994 թվականից ի վեր հայ հաշմանդամ մարզիկները մասնակցում են աշխարհի եւ Եվրոպայի   առաջնություններին , Ամառային ու Ձմեռային Պարալիմպիկ խաղերին:

 

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1996 թ. հայ հաշմանդամ մարզիկները մասնակցեցին Ատլանտայի Պարալիմպիկ Խաղերին:  Սոչիում ընթացող Պարալիմպիկ  Ձմեռային խաղերին այս  տարի մեր երկիրը  ներկայացնում է  ընդամենը մեկ մարզիկ՝ լեռնադահուկորդ, 32-ամյա Մհեր  Ավանեսյանը, ով մասնակցել է 1998թ. Նագանոյի, 2002թ. Սոլթ Լեյկ Սիթիի, 2006թ. Թուրինի  և 2010թ. Վանկուվերի  Պարալիմպիկ ձմեռային խաղերին  լեռնադահուկ մարզաձևում և  2000թ. Սիդնեյի Ամառային Պարալիմպիկ խաղերին՝ առագաստանավային  սպորտ մարզաձևում:

 

            Մհեր Ավանեսյանը Արցախից է,  ծնվել է 1981 թ. Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:  7 տարեկանում կորցրել է 2 ձեռքը՝ պատճառը եղել է բարձր լարման հոսանքալարերին դիպչելը: 1989 թվականին, ընդգրկվելով «Փյունիկ» միության  կազմում,  Մհերը սկսեց  զբաղվել   տարբեր սպորտաձևերով՝ լողով, նետաձգությամբ,  առագաստանավային սպորտաձևով  և  լեռնադահուկով,   սակայն իր  տեղը գտավ  լեռնադահուկ մարզաձևում:  Սոչիում Մհերը մասնակցում է իր 6-րդ Պարալիմպիկ խաղերին:

 

Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների համար կազմակերպվող Պարալիմպիկ խաղերն առաջին անգամ կազմակերպվել են 1960 թվականի ամառային Օլիմպիական խաղերից հետո, իսկ ձմեռային 1-ին Պարալիմպիկ խաղերը տեղի են ունեցել 1976 թվականին: 1980 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի և +Միջազգային պարալիմպիկ Կոմիտեի՝ ՄՊԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն Պարալիմպիկ խաղերն անցկացվում են այն նույն մարզադահլիճներում, որտեղ տեղի են ունենում Օլիմպիական խաղերը:

 

Հայաստանը Պարալիմպիկ խաղերին առաջին անգամ մասնակցել է 1996-ից սկսած: Մհեր Ավանեսյանը 2011թ.  Ուկրաինայում կայացած Սլավոնական երկրների առաջնության ժամանակ նվաճել է ոսկե մեդալ հսկա ոլորավայէջք մարզաձևում :  Փետրվարից  Մհերը սկսել է նախապատրաստվել Սոչիի  պարալիմպիական խաղերին: Նա մարզումները անց է  կացրել  Ծաղկաձորում,   մասնակցել  է նաև  փետրվարի 24-ից  մարտի 2-ը  Ծաղկաձորում մեկնարկած Համահայկական առաջին  ձմեռային  խաղերին, որտեղ   ներկայացրել  է  Արցախը:

 

Մհեր  Ավանեսյանը  Սոչիում հանդես  կգա  մարտի 13-ին  հատուկ  ոլորովայրէջք    և մարտի 15-ին հսկա ոլորավայէջք մարզաձևերում:  Հաջողություն   մաղթենք  մեր  մարզիկին:

 

Լիլիթ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

1