ՍԾՏՀ ԽՎ -ն քաղաքական կառույց չէ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՍԾՏՀ ԽՎ -ն քաղաքական կառույց չէ

ՍԾՏՀ ԽՎ -ն քաղաքական կառույց չէ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը զուտ տնտեսական ֆորում է և որևէ լիազորություն չունի քաղաքական հարցեր, առավել ևս կոնֆլիկտներ քննարկելու ու գնահատականներ տալու համար, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՍԾՏՀ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով վեհաժողովի ժամանակ ընդունված հակահայկական հայտարարությանը:

«Ընդունված հռչակագիրը կառուցի 25-ամյակին էր նվիրված, և ուղղակի աբսուրդ էր նման քաղաքական ձևավորումն այս փաստաթղթում», – նշեց նա:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ վեհաժողովը տեղի է ունեցել Կիևում, որը կառույցի գլխավոր քարտուղարի հետ, ով ադրբեջանցի է, փորձել է վերջին պահին բոլորից ծածուկ տեքստ մտցնել հռչակագրում՝ մյուս պատվիրակություններին վատ վիճակի մեջ դնելով:

«Երբ մենք լքեցինք դահլիճն ու մեկ ժամ հետո վերադարձանք պատվիրակության հայտարարությունը ամբիոնից կարդալու համար, շրջեցինք ամբողջ խաղը և նրանք ծանր վիճակի մեջ էին: Այն, որ մենք պարոն Մինասյանի ելույթից հետո նորից լքեցինք դահլիճը ու այլևս պաշտոնական միջոցառումներին չմասնակցեցինք, գլխավոր քարտուղարը, ով ի պաշտոնե պարտավոր էր լինել չեզոք ու արտահայտել բոլոր կողմերի շահերը, ելույթ ունեցավ, որն անհամատեղելի է իր կարգավիճակին: Նա ասաց՝ հեռացեք Ադրբեջանի տարածքներից: Դուք գրավել եք Ադրբեջանի 20 տոկոսը և այլն: Մենք լսեցինք այն զառանցանքները, որոնք 25 տարի է լսում ենք», – նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարն իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին և շահերին:

Անդրադառնալով մամուլում այս օրերին հայկական պատվիրակության հասցեին հնչած քննադատություններին՝ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ պատվիրակության ղեկավար Գագիկ Մելիքյանի գլխավորությամբ պատվիրակությունը լավ աշխատանք է կատարել.

«Ցավում եմ նման գնահատականների ու մեղադրանքների համար՝ պատվիրակության ու պատվիրակության ղեկավարի հասցեին: Կարծում եմ՝ մեր մասով սա ազնիվ չէ»:

aysor.am

1