Սխալ տպավորություն է ստեղծվում...
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սխալ տպավորություն է ստեղծվում...

Սխալ տպավորություն է ստեղծվում…

 Վերջերս ԼՂՀ մայրաքաղաքում տարածվել են պաստառներ եւ բացիկներ, որոնք կարող են ընկալվել որպես Ստեփանակերտի 90-ամյակի տոնակատարության գովազդ, ասված է  Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության  մամլո հաաղորդագրության մեջ:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն այդ կապակացությամբ ստիպված է պարզաբանել, որ նշված տարեթիվը հակասում է պատմագիտական համընդահանուր հայտնի փաստերին եւ սխալ տպավորություն է ստեղծում ԼՂՀ մայրաքաղաքի պատմական անցյալի մասին:

 

Դեռեւս 1930-ական թվականներին, հայտնի հնագետ Հումմելի կատարած հնագիտական պեղումների արդյունքում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակին պատկանող նյութական մշակույթի բազմապիսի գտածոներ, որոնց մի մասը ցուցադրվում է Արցախի պատմաերկրագիտական թանգարանում: Այդ հնագիտական պեղումները ապացուցել են, որ Ստեփանակերտի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռեւս բրոնզեդարյան ժամանակաշրջանից:

 

Մինչ օրս Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հայտնաբերվում են անտիկ ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի հնագիտական գտածոներ: Ստեփանակերտի վարչական տարածքում է գտնվում Վարարակն հայտնի միջանդարյան գյուղատեղին` մինչ օրս պահպանված 17-18 րդ դարերի եկեղեցիով: Մայրաքաղաքի Կրկժան թաղամասում հայտնաբերվել եւ վկայագրվել է 19-րդ դարի բազիլիկ եկեղեցին: Այսօր էլ Ստեփանակերտում դեռ կանգուն են 19-րդ դարավերջին կառուցված բազմաթիվ հասարակական շինություններ եւ բնակելի տներ:

Ստեփանակերտը, որպես կայացած հայկական բնակավայր, հիշատակվում է նաև Ռուսական Կայսրության կողմից կազմված 1823 թվականի Կամերալ ցուցակագրության մեջ: 1847 թվականին Ռուսական Կայսրության Կովկասի իշխանությունների հրամանով, բնակավայրը ստացել է ավանի կարգավիճակ:

 

ԼՂՀ այսօրվա մայրաքաղաքի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել 19-րդ դարի հայկական մամուլում:

 

Ինչ վերաբերվում է մայրաքաղաքի անվանակոչմանը, ապա  իր հազարամյա պատմության ընթացքում այն կրել է տարբեր անվանումներ, որոնք հայկական բնակավայրին տրվել են հերթական զավթիչների կողմից, ինչը որեւե կերպ չպետք է ազդի նրա հազարամյա պատմության ընկալման վրա:

1