Սթափվե'ք պարոնայք…
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Սթափվե'ք պարոնայք…

Սթափվե’ք պարոնայք…

Մինչ Հայաստանի Հանրապետությունում կենցաղայինից մինչեւ բարձր պաշտոնական շրջանակներ քննարկում են Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության կամ դեպի Եվրոպա օրեցօր դժվարացող ճանապարհների հարցերը, Հայաստանում շարունակվում են կուտակվել արատավոր եւ կործանարար երեւույթները: Երեւույթներ, որոնք այնքան էլ ուղղակիորեն կապված չեն  ՀՀ արտաքին քաղաքական կուրսի, այլեւ` անմիջապես Հայաստանում տիրող խաթարված եւ  ոչ հուսադրող ներքին քաղաքականության հետ:

 

Հայաստանում  այսօր, իրոք, իրադրությունը անհուսադրող է եւ մշուշոտ: Մեծ ծավալների հասնող արտագաղթի հիմնական պատճառը  վաղվա օրվա նկատմամբ անորոշությունն է, անարդարության իշխումը,  քաղաքացու` իր երկում տիրոջ կարգավիճակով ապրելու բացակայությունը:

 

Իրադրությունը փոխելու համար այլեւս ոչինչ են իշխանությունների տեսական բարեփոխումները,  շինծու վիճակագրական թվերը, որոնք կապ չունեն  երկրում տիրող իրական պատկերի հետ:

 

Մինչ գերատեսչությունների ղեկավարները խոսում են այս կամ այն ոլորտի <<առաջընթացներից>>,  երկրում  սպանվում, խոշտանգվում, թալանվում են մարդիկ, ընտանիքներ, ինչի համար, ինչպես տեսնում ենք, միայն պատասխան են տալիս նրանք, ովքեր չեն վայելում իշխանական վերնախավի հովանավորությունը: Ամենաթողության մթնոլորտը հղփացնում է հասարակության այն շերտին, որի անօրինականությունների  դեմ տասնամյակներ շարունակ պայքարում են հատուկենտ ուժեր: Իսկ այդ նույն քաղաքական ուժերի, կամ պարզապես, անհատ անձանց` ՀՀ-ում պայծառ օրվա համար պայքարելու եւ ապրելու կամքն է արդեն կասկածի տակ դրված:

 

Ահավոր է, երբ երկիրը լքում է գիտակից հասարակությունը, հաճախ նաեւ` ունեւոր հատվածը: Երկու դեպքում էլ պակասում է հույսն ու հավատը` առ ինքնիշխան պետության:

 

Անցնող տարվա ընթացքում օլիգարխիկ եւ հանրապետական իշխանության կարկառուն ներկայացուցիչներին զոհ է գնացել առնվազն երկու ընտանիք` ՀՀ Զինված ուժերից: Կրքերի կարճաժամկետ բորբոքումից հետո ամեն ինչ <<իր տեղն է ընկել>>:  ՀՀ հասարակության համար արդեն արտառոց ոչինչ չկա, երբ օլիգարխիայի ներկայացուցչի զավակը կամ մերձավորը կործանում է ՀՀ Զինված ուժերի ներկայացուցչի`  մեր ազգային անվտանգության երաշխավորի ընտանիքը եւ մնում ըստ ամենայնի անպատիժ:

 

Պատերազմող երկրում, ինչպիսին մեր երկիրն է, անթույլատրելի է, երբ  անվտանգության եւ ապահովության երաշխիք ու  խորհրդանիշ բանակի ներկայացուցիչը հասարակական հողի վրա  անարդարացիորեն   պարտություն է  կրում   քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչին: Սա, իրոք, մտահոգիչ է եւ վկայակոչում է այն, որ իշխանություն պահելն այսօր առավել է դասվում պետականության անվտանգության երաշխիք հանդիսացող բանակից:

 

Իշխանությունների ընկալմամբ` հնարավոր է օլիգարխիան է երկրի <<անվտանգության  երաշխավորը>>, սակայն նման կացությունը խարխլում է պետականության հիմքերը, մաշում այն հիմնաքարը, որի վրա  կառուցվում է մեր պետությունը:

 

Սա թող լինի ահազանգ` այս ընթացքը մեզ տանում է դեպի կործանում, մեզ մոտեցնում    անթույլատրելի սահմանին: Սթափվեք պարոնայք…

 

<<Ապառաժ>>-ի խմբագրական 

 

 

 

1