Սերգեյ Շահվերդյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սերգեյ Շահվերդյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Սերգեյ Շահվերդյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը դեկտեմբերի 15-ին հանդես է եկել առաջին մամուլի ասուլիսով:

Նախ՝ նորանշանակ նախարարն անդրադարձել է զանգվածային լրատվական միջոցների հետ համագործակցության կարեւորությանը եւ վստահություն հայտնել, որ նման հանդիպումները կլինեն կանոնավոր ու հաճախակի, այնուհետեւ՝ անցել մամուլի ասուլիսի հիմնական թեմային՝ Ամանորյա տոնական միջոցառումների ծրագրին:

«Դեկտեմբերի 19-31-ը կկազմակերպվի աննախադեպ ամանորյա տոնական միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի հասարակության լայն զանգվածներին ու տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներին՝ նախատոնական օրերը հետաքրքիր եւ յուրօրինակ կերպով անցկացնելու»,- իր խոսքում նշել է Ս.Շահվերդյանը:

Ստեփանակերտի սրտում՝ Վերածննդի հրապարակում այս օրերին ընթանում է ամանորյա քաղաք Կաղանդավանի հիմնումը: 16 տնակ-տաղավարներում ներկայացված են լինելու առևտրային կազմակերպությունների ու անհատ ստեղծագործողների արտադրանքը՝ ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ: Կաղանդավանի տարածքում գործելու է նաեւ բացօթյա թեյարան՝ մրսածներին տաքացելու եւ ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Թեթեւ սնունդը եւս ապահովված կլինի:

«Երեխաները հնարավորություն կունենան ժամանակ անցկացնել «ստեղծագործական տնակում», որտեղ կկազմակերպվեն վարպետության դասեր ամանորյա նվերներ, խաղալիքներ, բացիկներ պատրաստելու համար»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

Կաղանդավանի բացումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին՝ հատուկ տոնական արարողությամբ: Ամանորյա քաղաքի փոքրիկ բեմը եւս մշտապես աշխույժ է լինելու՝ երաժշտական ու պարային համարներ արցախյան համույթների մասնակցությամբ, ինչպես նաև թատերական ներկայացումներ փոքրիկների համար: Իրականացվելու են նաև այլ ժամանցային ծրագրեր:

Դեկտեմբերի 31-ի ամանորյա համերգը կամփոփի նախատոնական միջոցառումների շարքը: Համերգին իրենց մասնակցությունը կբերեն արցախյան համույթները և հատուկ հրավիրված հյուրը՝ «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն, ով հասցրել է ձեռք բերել հայաստանյան և արցախյան երկրպագուների մեծ բանակ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ևս նախատեսվում է մեծ համերգային ծրագիր հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ամանորյա ծրագիրը ներկայացնելուց հետո Սերգեյ Շահվերդյանը պատասխանել է լրագրողներին հուզող շուրջ 3 տասնյակ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին մշակութային ոլորտում նախարարի ռազմավարությանը, առաջնահերթություններին եւ տարիներ շարունակ չլուծվող խնդիրներին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի, թանգարանների, շրջանային եւ քաղաքային գրադարանների, գյուղական ակումբների եւ մի շարք այլ թեմաների:

«Մենք ունենք նախաձեռնության պակաս: Գյուղական ակումբի շենքի բացակայությունը չպետք է գյուղում մշակութային կյանքի բացակայության պատճառ հանդիսանա: Մշակութային կյանքը կարելի է կազմակերպել մասնավոր տներում կամ հանրային այլ տարածքներում: Խնդիրը մշակութային կյանքի պահանջարկի մեջ է»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախարարը՝ նշելով, որ այս եւ մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ, և այս խնդիրները երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում են:

Անդրադառնալով Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի խնդրին՝ նախարարը նշել է, որ նոր թանգարանի նախագիծն արդեն պատրաստ է: «Երկու տարի անց թանգարանն ունենալու է արժանավայել եւ ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենք»,- ասել է Ս. Շահվերդյանը:

Էկոտուրիզմը զարգացնելու նպատակով մշակույթի նախարարությունը նախատեսում է գյուղական համայնքներում հյուրատներ հիմնել՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին արցախյան մշակույթին եւ ավանդույթներին ծանոթացնելու եւ ինչ-որ չափով տեղի բնակչության սոցիալական խնդիրը լուծելու նպատակով:

Խոսելով անցած տարում Արցախ այցելած զբոսաշրջիկների թվի մասին՝ Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ 2016-ի համեմատ այս տարի գրանցվել է զբոսաշրջիկների 41 տոկոս աճ:

«Այս տարի օտարերկրյա զբոսաշրջիկները ծախսել են շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար: Սա շատ լուրջ ձեռքբերում է»,- շեշտել է Ս.Շահվերդյանը:

Լուսինե Թեւոսյան

1