ՍԱՐԳԻՍ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՍԱՐԳԻՍ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ՍԱՐԳԻՍ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Այս օրերին Արցախում էին հայտնի դաշնակցական, քաղաքական ու ռազմական գործիչ Սարգիս Մեհրաբյանի (ավելի հայտնի Խանասորի Վարդան անունով) հարազատները: Սարգիս Մեհրաբյանը ծնվել է 1870թ. Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (նախկինում՝ Ղշլաղ) գյուղում: Իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն մասնակցել է հայ հասարակական, քաղաքական կյանքին, գլխավորել կարևոր նշանակության ռազմական գործողություններ: Մահացել է 1943թ.՝ 73 տարեկան հասակում:

Խանասորի Վարդանն ուներ 3 զավակ՝ Վարդանը, Ռուբենը և Մարգարիտան: «Տիֆ հիվանդությամբ վարակվելու պատճառով Սարգիս Մեհրաբյանի կինը՝ ազգությամբ ավստրիացի Ֆրանցեսկան, վաղ է հեռացել կյանքից: Խանասորի Վարդանն այլևս չի ամուսնացել և միայնակ է դաստիարակել զավակներին»,- պատմում է Իրինան, ով Մարգարիտայի դուստրն է: Նրա բոլոր զավակներն էլ վառ անհատականություններ էին: Ավագ որդին՝ Վարդանը, մասնագիտությամբ ինժեներ էր: Միջնեկ որդին՝ Ռուբենը, ապրել է Մոսկվայում և բնական մահով մահացել պատկառելի տարիքում և ոչ թե Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, ինչպես սխալմամբ նշված է  Վիքիպեդիայում: Վիքիպեդիայում նշված մի տեղեկությունն ևս չի համապատասխանում իրականությանը. Խանասորի Վարդանը թաղված է ոչ թե Երևանի քաղաքային գերեզմանատանը, այլ Մոսկվայում:

Իսկ Արցախ գալու հիմնական նպատակը պապի վերանորոգված տուն-թանգարանը (գտնվում է նրա ծննդավայր Ծաղկաշատ գյուղում) տեսնելը և հռչակավոր պապի մասին նոր տեղեկություններ ստանալն է:

«Իմ նախաձեռնությամբ եմ սկսել ուսումնասիրել հայկական արմատներիս պատմութունը և շատ տխրեցի, երբ հասկացա, որ այդ տեղեկություններն արդեն ոչ մեկից չեմ կարող իմանալ: Այդ հնարավորությունը կար, երբ դեռ կենդանի էին նախապապիս ժառանգները»,- նշում է Օլգան: Եվ այժմ Արցախ այցելելով փորձում են լրացնել այդ բացը:

ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում հյուրընկալված Խանասորի Վարդանի  թոռնուհին ու ծոռնուհին Արցախի երիտասարդական միության անդամներին ներկայացրին անվանի հայի, ռազմա-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող հետաքրքիր մանրամասներ:

Տաթևիկ Աղաջանյան

1