Սահմանամերձ գյուղերի մանուկները խաղաղություն են երազում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սահմանամերձ գյուղերի մանուկները խաղաղություն են երազում

Սահմանամերձ գյուղերի մանուկները խաղաղություն են երազում

Առաջին անգամ այցելեցի Արցախի սահմանային մի քանի համայնքներ: Պատահական էր, թե տեղին, բայց այցելությունս իրականացավ Ամանորի նախաշեմին: Առաջին անգամ անբացատրելի հպարտություն զգացի այս մարդկանց համար, որովհետեւ նրանց ականջներում ամեն օր նույն ձայնն է՝ պատերազմի ձայնը, որին կես վախով ու կես ցավով, բայց նաեւ արհամարհանքով են վերաբերում: Դա է ապացուցում այն, որ բոլոր տներում, դպրոցում, մանկապարտեզում տոնածառներ են եւ նախատոնական տրամադրություն: Միաժամանակ նաեւ մի անբացատրելի փայլ կա նրանց աչքերում, հատկապես՝ երեխաների, ինչպիսին լինում է հուսառատ ու սպասող հայացքներում: Հույս, որը գալիք տարի գուցե լռեն կրակոցները եւ սահմանին կանգնած զինվորի կյանքն այլեւս վտանգված չլինի: Խաղաղության հույսն է, որ  ապրում է բոլորի աչքերում…

Երեխաներից շատերը, ցավոք,  չեն հավատում Ձմեռ պապիկին և ամանորյա հրաշքին:

«Ձմեռ պապիկից մի քանի տարի է խնդրում եմ, որ երազանքս իրականություն դարձնի,- նշում է Մատաղիսի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անին,- ուզածս խաղաղությունն է, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չէ, բայց երևի խաղաղությունը շատ թանկ գին ունի և եթե Ձմեռ պապիկն ամենակարող լիներ՝այն կբերեր…»:

Նույն հարցիս պատասխանելով՝ 6-րդ դասարանում սովորող Դիաննա և Նախշուն ընկերհուհիներն իրար նայելով՝ միաժամանակ նույն պատասխանն են տալիս՝ խաղաղությու՜ն…

Թալիշի դպրոցի առաջին դասարանում սովորող Արմենը  հարցիս պատասխանում է, որ  Նոր տարուն հեռախոս է ցանկանում, սակայն ընկերներն իսկույն կատակում են. «Ամոթ չէ, որ հեռախոս ես ուզում, մի նորմալ բան ցանկացիր»: Արմենը գլուխը կախում է և կամաց շշնջում ՝ուրեմն…. խաղաղություն…

2-րդ դասարնի աշակերտ Գոռն էլ ավտոմատ է խնդրում Ձմեռ պապիկից. «Որպեսզի հաջորդ անգամ եթե կրակելու լինեն՝ ես պատասխան կրակ բացեմ»,- ասում է հպարտ  կեցվածքով:

Մատաղիսի դպրոցի Նոր տավա հանդեսը, որին ականատես եղա,  հայրենասիրական ոգի էր ամբողջությամբ, բոլոր  բանաստեղծությունները ձոնված էին մեկ հերոսի՝ սահմանը պահող զինվորին:

Այցից հետո ակամա մտածեցի, թե ի՞նչ են Ձմեռ պապիկից խնդրում շատ ու շատ երկրներում ապրող երեխաները. երեւի խաղալիքներ, գեղեցիկ շորեր, ժամանակակից հեռախոսներ, համակարգիչներ… Իսկ խաղաղության մասին գու՞ցե մտածում են շատ ավելի ուշ՝ հասուն տարիքում: Ստացվում է՝ մեր երեխաների երազանքները մանկակա՞ն չեն…

Նոր տարվա գիշերը բոլորս սպասում ենք հրաշքների: Ես որոշեցի մի առ մի գրի առնել իմ հանդիպած փոքրիկների երազանքները եւ այն դնել տոնածառի տակ. գու՞ցե այս տարում խաղաղության հրաշքը, իրոք, իրականություն դառնա….

                                                Լուսինե Թեւոսյան

DSC_0073

DSC_0053

DSC_0110

DSC_0108

DSC_0176

DSC_0112

DSC_0113

DSC_0221

DSC_0192

DSC_0094

1