Ռուստամյանը վստահ է՝ «շատ ավելի բաց ու թափանցիկ ընտրություններ պիտի կատարվեն»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ռուստամյանը վստահ է՝ «շատ ավելի բաց ու թափանցիկ ընտրություններ պիտի կատարվեն»

Ռուստամյանը վստահ է՝ «շատ ավելի բաց ու թափանցիկ ընտրություններ պիտի կատարվեն»

ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն պնդմանը, որ Հայաստանում վախի մթնոլորտ կա:

«Չեմ կարծում: Այս ընտրությունները այդ իմաստով տարբերվում են նախորդից հենց էդ առումով, որ չեմ տեսել որևէ տեղ ինչ-որ վախեցած մարդիկ, ովքեր որ իրենց ազատ խոսքն ուզում են արտահայտել` դրա հետ կապված խոչընդոտներ մինչև հիմա չեն եղել: Ընդհակառակը, եթե ինչ-որ միջադեպեր էլ տեղի են ունեցել՝ տեղի են ունեցել ավելի շատ այս ռեյտինգային համակարգի հետ կապված, էն էլ՝ նույն թիմի անձանց միջև», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ռուստամյանը:

«Ես ասում եմ՝ էս ընտրությունները ընդհանրապես աննախադեպ են, և էսպիսի ընտրություն երբեք չենք ունեցել, որովհետև, նախ, մենք անցկացնում ենք նոր համակարգի մեջ, նոր խորհրդարանի, որ ես ասում եմ՝ հիմնադիր խորհրդարան է ըստ էության ընտրվելու, և նոր ընտրակարգով է դա տեղի ունենալու, շատ ավելի բաց ու թափանցիկ ընտրություններ պիտի կատարվեն», – ասաց դաշնակցական գործիչը:

Դիտարկմանը, որ Դաշնակցության՝ 2012 թվականի ընտրությունների ժամանակ հնչած խոստումներից բոլորը չէ, որ իրականություն դարձան, Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ – «Նախ, մենք խոստումներ ենք տալիս և ամբողջությամբ դա կատարելու հայտ ենք ներկայացնում, եթե իշխանություն ենք դառնում: Չդարձանք՝ 12 թվականին ունեցանք 5 մանդատ՝ 131 պատգամավորի մեջ»:

Հարցին՝ «շատ ավելի ուշ դարձա՞ք», նա պատասխանեց․ – «Չէ, իշխանության մաս լինելը, նախ՝ ամբողջական իշխանություն չենք, որովհետև էսօր իրական կոալիցիա էլ չի՝ առանց մեզ Հանրապետականը ունի մեծամասնություն»:

«Ամեն դեպքում, ունեցաք նախարարներ», – այս դիտարկմանն էլ Ռուստամյանը հակադարձեց․ – «Հա, ամեն դեպքում ունեցանք և ամեն դեպքում կատարեցինք մեր ասածների մի զգալի մասը՝ ավելի շատ, քան 5 պատգամավորով կարող ենք անել: Մենք վերացրել ենք էն աթոռը նախագահի, որի վրա նստողը ունենում էր ամբողջ իշխանությունը՝ հիմա էդ աթոռը չկա․ ո՛չ վարչապետը կունենա էդ լիազորությունները, ո՛չ Ազգային ժողովի նախագահը․․․ Նոր համակարգը բալանսավորված իշխանություն է ենթադրում»:

Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ արած հայտարարություններին, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ էին, նոր Ընտրական օրենսգիրքն է՛լ ավելի է խթանելու ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները, և ակնհայտ է լինելու «քսակների կռիվը զոռբայության մթնոլորտում», Ռուստամյանը ասաց․ – «Ես ցավում եմ, որ պարոն Քոչարյանը այդ տեսակետի վրա է, որովհետև մենք ժամանակին երբ որ իր հետ համագործակցում էինք և 2005 թվականին փոխեցինք Սահմանադրությունը՝ 95 թվականի Սահմանադրությունից անցանք 2005 թվականի Սահմանադրությանը, էդ ժամանակ բոլորովին այլ տեսակետներ ունեինք․ մենք մտածում էինք, որ պետք է մեծացվի խորհրդարանի դերը, և պարոն Քոչարյանն էլ ունի բազմաթիվ այլ հայտարարություններ՝ կապված նրա հետ, որ պառլամենտարիզմը շատ ճիշտ ուղղություն է Հայաստանի համար՝ եվրոպական պառլամենտարիզմը, քանի որ մենք դեպի Եվրոպա ինտեգրման գործընթացի մեջ ենք, իսկ Եվրամիության երկրներից 19-ը խորհրդարանական կառավարում ունեն»:

Հարցին էլ՝ արդյոք Դաշնակցությունը խորհրդարան անցնելու դեպքում կոալիցիա կկազմի՞ Հանրապետականի հետ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը պատասխանեց․ – «Մենք որևէ կոալիցիա կամ համագործակցություն ձևավորում ենք՝ ելնելով մեր սկզբունքներից և նպատակներից․ եթե էդ նպատակներն ընդունում են, մենք գնում ենք համագործակցության, և դա մենք փաստել ենք»:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»
Ռուզան Գիշյան

1