Ռուսական միջնակարգ դպրոցից մինչև ավագ դպրոցի կարգավիճակ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ռուսական միջնակարգ դպրոցից մինչև ավագ դպրոցի կարգավիճակ

Ռուսական միջնակարգ դպրոցից մինչև ավագ դպրոցի կարգավիճակ

Արդեն 6 տասնամյակից ավելի է, ինչ Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 դպրոցն իր դռներն է բացում ուսումնատենչ սաների առաջ և վերջին զանգի ղողանջների ներքո դեպի մեծ կյանք ճանապարհում շրջանավարտներին:

Դպրոցը հիմնադրվել է 1955թ. սեպտեմբերի 10-ին՝ որպես թիվ 5 ռուսական միջնակարգ դպրոց:

1962թ. օգոստոսի 30-ին հ. 5 ռուսական և հ. 4 ադրբեջանական դպրոցները միավորվեցին և ստեղծվեց 11-ամյա ինտերնացիոնալ հանրակրթական հ. 8 միջնակարգ դպրոցը: Տնօրենը 20-րդ դարի լավագույն մանկավարժ ճանաչված, ազգությամբ հույն Իլյա Միխայիլիդիսն էր:

Դպրոցը սկզբում կրում էր Զևինի անունը, իսկ 1988-89 ուստարում վերանվանվեց Անդրեյ Սախարովի անունով:

2009-10 ուստարվանից հ. 8 միջնակարգ դպրոցը ստացավ ավագ դպրոցի կարգավիճակ:

Ավագ դպրոցի կարգավիճակ ստանալուց հետ աշակերտների թիվը զգալիորեն նվազել է. այժմ մինչև 8-րդ դասարանը աշակերտ չկա: Հաջորդ տարվանից դպրոց կհաճախեն միայն 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիներ: Ժամանակին 1200-1400 աշակերտ ունեցող դպրոցն այժմ ունի ընդամենը 270 աշակերտ: Դա ազդում է ժամաքանակի և ուսուցիչների քանակի վրա: Տարրական դասարանների և մի շարք մասնագիտությունների ուսուցիչներ տեղափոխվել են այլ կրթօջախներ: «Ուսուցիչները շատ են, բայց ապահովված չեն նորմալ ժամաքանակով»,- նշում է տնօրեն Լյովա Գևորգյանը:

Շատերի կարծիքով՝ ավագ դպրոցին անցում կատարելը սխալ էր, բայց դպրոցի տնօրենն այդ կարծիքին չէ. «Ավագ դպրոցներին անցնելը սխալ չէ, սխալ է անցման մեխանիզմի ընտրությունը, այսինքն՝ գաղափարը ճիշտ է, այդ գաղափարի իրագործումը՝ սխալ: Չպետք է թույլատրվեր, որ համատարած բոլորն ընդունվեն ավագ դպրոց, այլ միայն արժանիները, այն աշակերտները, որոնք իրոք ցանկություն ունեն ուսումը շարունակելու, ունեն համապատասխան գիտելիքներն ու մակարդակը: Դա կլիներ քննությունների կամ գիտելիքների ստուգման այլ եղանակով, կարևոր չէ»,- ասում է դպրոցի տնօրենը:

Երկրորդ խնդիրն այն է, որ հիմնական դպրոցներից պատասխանատվությունը լրիվությամբ վերցվել է և դրվել ավագ դպրոցների վրա:

Չնայած առկա խնդիրներին, հիմնադրման օրվանից մինչ օրս հիմնովին վերանորոգման չենթարկված դպրոցը շարունակում է բնականոն գործունեությունը: Դպրոցը տարիներ ի վեր ունեցել է բազմաթիվ բարի ավանդույթներ, որոնք ավելի հետաքրքիր ու գունագեղ են դարձրել դպրոցի՝ առանց այն էլ հագեցած ու բազմաբնույթ առօրյան: Առաջին ու վերջին զանգերի հանդիսավոր արարողությունները, գրական-գեղարվեստական ցերեկույթները, մեծարման ու հրաժեշտի երեկոները մանկավարժական կոլեկտիվի գործունեությանը նոր լիցք են հաղորդում: Նման միջոցառումներից հիշատակության արժանի է 2013թ. մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հարսանիք լեռներում» ռազմագործողության նմանակումը: Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների հետ երեք ուղղություններով բարձրացել են Շուշի: Խմբերին առաջնորդում էին Շուշիի ազատագրման մասնակիցները՝ տեղում ներկայացնելով ռազմագործողության մանրամասները: Խմբերը հանդիպել են Շուշիի տանկի մոտ, այնուհետև Շուշիում մեծ հանդիսավորությամբ, երգ ու պարերով նշել ազատագրման օրը:

Արժանահիշատակ է դպրոցի մանկավարժների և սաների անձնուրացությունը, նվիրվածությունը Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և գոյամարտին: Այդ ազատամարտում նահատակվեցին դպրոցի 67 ուսուցիչ ու շրջանավարտ:

2015 թ. դպրոցում ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած հրաձգարան-դասասենյակ է բացվել: Վարժասարքը կրթօջախին տրամադրել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցում դասավանդել են 20-րդ դարի՝ Արցախի լավագույն մանկավարժներ:

Տարիների ընթացքում դառնալով Արցախի մատաղ սերնդի կրթության և դաստիարակության մի յուրօրինակ դարբնոց՝ դպրոցը թրծել է գիտության, մշակույթի, կրթության բնագավառի հայտնի դեմքերի ու հասարակական-քաղաքական գործիչների: Կրթօջախում են ուսանել ԼՂՀ առաջին և երկրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը, ԱրՊՀ պրոռեկտորներ Վալերի Ավանեսյանը,  դասախոս Գեորգի Սահակյանը և շատ ուրիշներ:

Դպրոցի սաները տարիներ ի վեր իրենց հարազատ կրթօջախի անունը բարձր են պահել առարկայական օլիմպիադաներում, սպորտային ու տարաբնույթ մրցույթներում՝ գրավելով առաջնային տեղեր:

Рисунок2

Ստեփանակերտի Սախարովի անվան դպրոցը 2016թ. մեծ շուքով տոնել է կազմավորման 60-ամյակը: Հոբելյանական տոնական միջոցառմանը ներկա էին նախկին շրջանավարտներ, ուսուցիչներ, Արցախի Հանրապետության նախագահը, պաշտոնատար անձինք: Միջոցառման ընթացքում կրթօջախի ուսուցիչները պարգևատրվել են ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, կրթության, գիտության, սպորտի նախարարության ու դպրոցի տնօրինության պատվոգրերով:

«Սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից դարձնելու ձգտումը մշտապես եղել և մնում է մեր ժողովրդի ազգային հոգեկերտվածքի կարևորագույն, բաղկացուցիչ մասը, իսկ ազգապահպանման ամենափորձված միջոցը կրթօջախներ հիմնելն է: Այս հավատամքով է իր պատմության 60-ամյա անբասիր ճանապարհն անցել նաև Ստեփանակերտի Սախարովի անվան դպրոցը»,- համոզված է դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը:

Рисунок5

Рисунок4

1