ՌԴ-ն գործուն քայլեր չի ձեռնարկի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ուղղությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՌԴ-ն գործուն քայլեր չի ձեռնարկի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ուղղությամբ

ՌԴ-ն գործուն քայլեր չի ձեռնարկի Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ուղղությամբ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ժողո­վուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ նշելով, թե Հա­յաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն էլ Tert.am –ի հետ զրույցում ընդգծեց, որ ռուս տարբեր քաղաքական գործիչներ տարբեր շրջանակներում նման հայտարարություններ կատարում են, բայց դա դեռևս հիմք չի տալիս ենթադրելու, որ կարող են գործուն քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան կողմին բանակցություններին ներգրավելու առումով:

«Քաղաքական այսպիսի գործընթացներում ցանկությունների, հայտարարությունների վրա հույս դնելը մեզ չի կարող բավարարել: Չեմ կարծում, որ ՌԴ-ն այդ ուղղությամբ գործուն քայլեր կկատարի»,- նշեց նա:

Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ ԱՀ-ում Ղարաբաղյան կողմին բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցը միշտ օրակարգում է և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, լիարժեք բանակցային կողմ լինելու անհրաժեշտության մասին հայտարարություններ տարբեր մակարդակի հանդիպումներին ԱՀ ներկայացուցիչներն անում են:

«Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերջնական բանալին Ստեփանակերտում է, առանց նրա անմիջական մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի կարող կյանքի կոչվել: Հստակ է՝ այս հարցի լուծումն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, կարգավիճակի հարցը»,- մանրամասնեց նա:

Դավիթ Իշխանյանը բացառում է հողերի հանձնման հնարավորությունը:

tert.am

1